Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԻ ԲԱԶՄԱԹԻՎ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Ապրիլ 24,2002 00:00

ՕՐԵՆՔԻ ԲԱԶՄԱԹԻՎ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ Եթե նախագահ Քոչարյանը դեռ ապրիլի 9-ին էր հայտարարել, որ 37 կապուղու մրցույթն օրինական է եւ «իսկապես այդտեղ օրենքի խախտում չկա», հնարավո՞ր է, որ դատավոր Նախշուն Տավարածյանն անտեսի իրեն նշանակողի եւ Արդարադատության խորհրդի ղեկավարի կարծիքը։ Գործնականում ապացուցված է՝ անհնա՛ր է։ Եվ եւս մի ապացույցը կարող է դառնալ այն, թե երեկ տնտեսական դատարանի դատավոր տիկին Տավարածյանն ինչ թեթեւությամբ մեկը մյուսի ետեւից մերժեց «Մելտեքս» ՍՊԸ «Ա1+» հեռուստաընկերության ներկայացուցիչ փաստաբանների երկու միջնորդությունները՝ «Ա1+»-ի հաղորդակը միացնելը պարտավորեցնելու վերաբերյալ։ Փաստաբանների պատճառաբանություններից հիմնականն այս էր՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն իրավունք չուներ պահանջելու «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ընկերությունից՝ դադարեցնել «Ա1+» հեռուստաալիքի հեռարձակումը»։ Դատավորը, սակայն, գլխով հավանության նշաններ անելով, լսում էր միայն Ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ փաստաբաններին։ Բացի այդ՝ «Ա1+»-ի միջնորդությունների մերժման որոշումն էլ, առանց խորհրդակցական սենյակ հեռանալու, արդեն իսկ կարդում էր ինչ-որ տեքստից։ «Իսկապես այդտեղ օրենքի խախտում չկա» նախագահական տեսակետի լիակատար հերքումն էր այն, ինչ հայցադիմումի բացատրության ընթացքում լրացուցիչ ներկայացրեց «Ա1+»-ի փաստաբան Օլգա Սաֆարյանը։ Հիմնական փաստարկն, իհարկե, այն է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 54 հոդվածի համաձայն, արտոնագրի ժամկետը լրանալուց 2 ամիս առաջ Ազգային հանձնաժողովը պետք է մրցույթ հայտարարեր տվյալ հաճախությամբ հաղորդումներ հեռարձակելու համար։ «Ա1+»-ի պարագայում այդ ժամկետը նոյեմբերն էր։ Մինչդեռ հանձնաժողովը, չունենալով նման գործունեություն իրականացնելու լիազորությունը, երկարաձգել է «Ա1+»-ի արտոնագրի ժամկետը՝ մինչեւ մրցույթում հաղթողի որոշվելը։ Սակայն, ինչպես նշեց Օլգա Սաֆարյանը՝ «Արտոնագրի գործողության ժամկետը երկարաձգվում է արտոնագրի վրա համապատասխան նշում կատարելու միջոցով։ «Ա1+»-ի թիվ 27 արտոնագրի վրա բացակայում է նման նշումը, հետեւաբար, դրա գործողության ժամկետը չի կարող համարվել երկարաձգված»։ Ըստ այդմ՝ 37 կապուղու համար մրցույթը պիտի անցկացվեր 2001 թ. նոյեմբերի 22-ին, եթե չլիներ մտադրությունը՝ առավել մեծ թվով մասնակիցներ նախապատրաստել այս մրցույթին։ Իհարկե, հանձնաժողովի ներկայացուցիչներն այլ պատրվակ էին բերում, թե իրենց կանոնակարգն ուժի մեջ է մտել միայն 2002 թ. հունվարի 18-ին։ Ինչին ի պատասխան՝ «Ա1+»-ի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանն ասաց, թե օրենսդրության մեջ որեւէ սահմանում չկա, որ մրցույթը պիտի այնքան հետաձգվեր, մինչեւ ընդունվեր այդ կանոնակարգը։ Իսկ, որ դրա բացակայությամբ էլ հանձնաժողովը լիարժեք գործելու հնարավորություն է ունեցել, ապացուցում են 2001-ի օգոստոսին ընդունված որոշումները։ Այլ փաստարկների սպառվելու մասին էր վկայում, որ օրենքի այս կոպիտ խախտման առնչությամբ Ազգային հանձնաժողովի փաստաբան Էդիթ Խաչատրյանն ի վերջո սկսեց անընդհատ հեգնել, թե՝ որ փետրվարին է մրցույթ հայտարարվել, հնարավորություն է տրվել «Ա1+»-ին ավելի լավ նախապատրաստվել մրցույթին, «Ա1+»-ի ո՞ր իրավունքներն են խախտվել։ «Օրե՛նքն է խախտվել»,- արձագանքեցին անգամ դահլիճից։ Իսկ փետրվարին անցկացված մրցույթը փոքրիշատե օրինական կլիներ, եթե բոլոր ազատ հաճախությունների համար հայտարարվեր եւ ոչ թե առանձին-առանձին։ Սակայն օրենքի համաձայն հրապարակելով հաճախությունների ամբողջական ցանկը (ի դեպ, 37 կապուղին այդ ցանկում նշված չէ որպես ազատ) հանձնաժողովը չի հայտարարել այդ միասնական մրցույթը։ Օլգա Սաֆարյանը մատնանշեց օրենքի 49 հոդվածը, որի համաձայն չի նախատեսվում որոշակի հաճախության համար դիմելու անհրաժեշտությունը։ «Հայտարարելով առանձին-առանձին մրցույթներ՝ Ազգային հանձնաժողովը սահմանափակել է մրցույթի մասնակիցների իրավունքը՝ հնարավորություն ունենալ հաղթող ճանաչվել ցանկացած ազատ հաճախության մրցույթում»։ Եվ Էդիթ Խաչատրյանն ի պատասխան էլի միայն կարողացավ հեգնել ազատ հաճախությունները մի փաթեթով ներկայացնելու պահանջը՝ «Ուզում էիք ռադիոհաճախությունների մրցույթի՞ն էլ մասնակցել… Մարտունու եւ Վանաձորի հաճախությունների մրցույթին է՞լ էիք ուզում մասնակցել»։ «Հնարավոր է։ Իսկ ինչո՞ւ՝ ոչ»,- պատասխանեց Տիգրան Տեր-Եսայանը, նշելով, թե հանձնաժողովի գործը չէր, թե որ ընկերությունը որ կապուղու համար մրցույթին կուզենար մասնակցել։ Թվարկենք օրենքին հակասող այլ դրույթներ՝ Օլգա Սաֆարյանի բացատրությունից։ Խախտվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը՝ մրցութային կարգի մեջ սահմանելով նոր հասկացություն՝ մրցութային առաջարկ. «Մինչդեռ հանձնաժողովն իրավունք ուներ սահմանել մրցույթի պայմանները եւ ժամկետները եւ ոչ թե մտցնել նոր հասկացություն»։ Ըստ Օլգա Սաֆարյանի՝ հանձնաժողովը բացարձակ խեղաթյուրել է դիմումի ձեւի վերաբերյալ օրենքի պահանջները. «Օրենքի 49 հոդվածի «դ» կետի համաձայն՝ դիմումի մեջ պետք է նշվի հեռուստառադիոծրագրերի թեմատիկան եւ մասնագիտացումը, մինչդեռ որոշման մեջ խոսքը ծրագրային քաղաքականության մասին է։ (…) Ըստ նույն հոդվածի «թ» կետի՝ դիմումի մեջ պետք է նշվեին տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների եւ սարքավորումների մասին (տեխնիկական հավաստագրի առկայությունը)։ Այս հստակ պահանջը՝ դիմումում նշել առկա տեխնիկան, փոխարինվել է «տեղեկություններ հնարավոր տեխնիկական միջոցների եւ սարքավորումների մասին»-ով։ Չի կատարվել օրենքի 49 հոդվածի «ժա» կետի պահանջը, այն է՝ «նշում հեռուստառադիոընկերության հաղորդումների եթեր հեռարձակելու ժամանակի մասին (ամիսը, ամսաթիվը, տարին)։ 49 հոդվածի «ժբ» կետը հստակ պահանջում է նախնական տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, նրանց կրթության եւ մասնագիտական պատրաստվածության մասին։ Դա փոխարինվել է «տեղեկություններ հնարավոր աշխատակազմի մասին» պահանջով»։ Վերջին հանգամանքն առավել ուշագրավ է, քանզի, ինչպես նշեց «Ա1+»-ի ներկայացուցիչ, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը՝ արտոնագրատիրոջ ընտրության համար 4 չափանիշներից մեկն էլ աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունն է։ Ինչպե՞ս են դրա մասին պատկերացում կազմել, եթե աշխատակազմի անդամների կրթության եւ այլնի վերաբերյալ պահանջվող փաստաթղթերը ներկայացված չեն։ Ի դեպ, տեխնիկական հավաստագրի առկայության մասին պահանջի անտեսման պարագայում էլ ինչպե՞ս են գնահատել մեկ այլ չափորոշիչը՝ դիմողի տեխնիկական հնարավորությունները։ Ընդհանուր առմամբ, միայն 49 հոդվածի, այն է՝ արտոնագիր ստանալու դիմում, նշվելիք տվյալների 6 կետ է խախտվել կամ խեղաթյուրվել։ Ընդ որում, ըստ Օլգա Սաֆարյանի՝ «տեխնիկական միջոցների, աշխատակազմի, թեմատիկային եւ մասնագիտացմանը վերաբերող տվյալներն օրենքի համեմատ ոչ միայն աղավաղվել են, այլ նաեւ՝ հանվել դիմումի բովանդակությունից»։ «Ա1+»-ի փաստաբանների եզրակացությունը մեկն էր՝ թույլ տալով օրենքի այս խախտումները, հանձնաժողովը հնարավորություն է տվել մրցույթին մասնակցել այն ընկերություններին, որոնք չէին ունենա այդ հնարավորությունը, եթե պահպանվեին օրենքի պահանջները։ Մրցույթի գաղափարը խեղաթյուրելու մեղադրանքին ահա թե մասնավորապես ինչ փաստարկներով առարկեցին Ազգային հանձնաժողովի փաստաբանները. Էդիթ Խաչատրյանը՝ արդեն մոռացած Մարտունու եւ Վանաձորի հաճախությունների վերաբերյալ իր հեգնանքը, փորձեց արդարանալ. «Այն բանի մասին, որ բոլոր հաճախությունները մեկ մրցույթով չհատկացնելու հետեւանքով հանձնաժողովը սահմանափակել է «Մելտեքս» ՍՊԸ-ի իրավունքը՝ մասնակցելու բոլոր ազատ հաճախությունների մրցույթին, ուզում ենք հայտնել, որ իրականում հանձնաժողովի ընդունած մրցույթի կարգում չկա որեւէ դրույթ, որը որոշակի հաճախության համար հայտարարված մրցույթի մասնակցելու դիմում ներկայացրած անձին արգելեր միաժամանակ դիմում ներկայացնել նաեւ այլ հաճախությունների համար հայտարարված մրցույթներին։ Այսինքն, «Մելտեքս» ՍՊԸ-ին ոչինչ չէր խանգարում մասնակցել նաեւ այլ հաճախությունների համար հայտարարված մրցույթներին։ Այսպիսով, «Մելտեքս» ՍՊԸ-ն՝ ունենալով իրավունք, չի օգտվել, սակայն, իր իրավունքից»։ Հանձնաժողովի մեկ այլ փաստաբան՝ Սուրեն Պետրոսյանն էլ կրկնեց նույն փաստարկը՝ հավելելով, թե իրավունքների սահմանափակման մասին խոսելը ճիշտ չէ, քանի որ՝ «Ինչպես հարցուպատասխանի ժամանակ մեր տված հարցին պատասխանեց «Մելտեքս» ՍՊԸ-ի ներկայացուցիչը՝ իրենք ընդունում են, որ «Մելտեքսն» այդ իրավունքն ուներ, բայց չի օգտվել»։ Տիգրան Տեր-Եսայանն անակնկալի եկավ, որ իրենց նման բան է վերագրվում, եւ հետաքրքրվեց. «Խոսքն ինչի՞ մասին է»։ Սուրեն Պետրոսյանն անարձագանք թողեց ռեպլիկը։ Նրա առարկություններից մեկն էլ այս էր. «Օրենքի իմաստը եղել է հենց նրանում, որ յուրաքանչյուր հաճախություն հատկացվում է առանձին մրցույթով»։ «Ա1+»-ի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը տեղից խնդրեց նրան մատնանշել օրենքի այն հոդվածը, որով սահմանվում է նման «իմաստը», սակայն Սուրեն Պետրոսյանն էլի չարձագանքեց։ Պարզ է, որ պետք է լռեր՝ չկա՛ այդպիսի ձեւակերպմամբ դրույթ։ Հանձնաժողովի ներկայացուցիչների այլ առարկություններ կներկայացնենք «Ա1+»-ի փաստաբանների հակափաստարկների հետ միասին։ Դրանք նախապատրաստելու համար «Ա1+»-ը մեկ օր խնդրեց դատարանից։ Հաջորդ դատական նիստը՝ ապրիլի 25-ին։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել