Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՐԵՆՑ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԻՐԵՆՑ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ՉԻ ԳՐԱՆՑԵԼ»

Ապրիլ 24,2002 00:00

«ԻՐԵՆՑ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԻՐԵՆՑ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ՉԻ ԳՐԱՆՑԵԼ» Ասում է ԿԸՀ անդամ Աշոտ Սարգսյանը ԿԸՀ ապրիլի 19-ի նիստին բազմիցս ենք անդրադարձել։ Նիստում ԿԸՀ տեղեկանքը ներկայացրել էր ՀԺԿ-ական Աշոտ Սարգսյանը, որին ոմանք մեղադրեցին իշխանամետության մեջ։ Պրն Սարգսյանի մեկնաբանությունը հետեւյալն է. «Ես ՀԺԿ անդամ չեմ եւ ահա թե ինչու։ 99թ., երբ Կ. Դեմիրճյանն ինձ գործուղում էր ԿԸՀ, միայն իրեն յուրահատուկ իմաստությամբ բացատրեց՝ քանի որ ԿԸՀ-ում երկու կուսակցություն եմ ներկայացնելու, եւ որպեսզի ոչ մեկը խանդելու առիթ չունենա, ավելի ճիշտ կլինի, որ ես առայժմ մնամ անկուսակցական։ Սա է պատճառը, որ ՀԺԿ անդամ չեմ, սակայն հոգով, սրտով ՀԺԿ-ական եմ։ «Իշխանամետ» որակումն ինձ համար խիստ վիրավորական է, որովհետեւ այսօր իշխանամետ լինել նշանակում է համամիտ լինել իշխանության գործողություններին՝ «Ա1+»-ի փակմանը, «27»-ի դատավարության հանդեպ իշխանությունների վերաբերմունքին, ընթացող խայտառակ դատավարություններին։ Միայն հոգեկան հիվանդը կարող է այս պարագայում ինձ իշխանամետ համարել։ Իշխանամետ եղել եմ 99-ի մայիսի 30-ից մինչեւ 99-ի հոկտեմբերի 27-ը եւ այլեւս չեմ լինի, քանի դեռ իշխանության քայլերը ինձ համար ընդունելի եւ հասկանալի չեն լինի։ ԿԸՀ-ում ես ղեկավարում եմ եւ գործում եմ օրենքներով»։ – Վանո Սիրադեղյանի գրանցումը կարծես տեղավորվում էր հենց օրենքի պահանջների մեջ։ – Բազմիցս ասել եմ, որ ԿԸՀ-ին չի տրված լիազորություն՝ գրանցել մեծամասնական ընտրակարգով պատգամավորներին։ Եվ այդ պատճառով է մերժվել ՀՀՇ-ի դիմումի պահանջը։ ՀՀՇ-ն որոշել է Վ. Սիրադեղյանին առաջադրել պատգամավորության թեկնածու։ Լա՛վ է արել։ Բայց դրա համար նրանք պետք է հետեւողական լինեին եւ կատարեին Օրենսգրքի պահանջները։ Չեմ կարծում՝ այնքան միամիտ են, որ չեն հասկացել, թե իշխանությունները խոչընդոտելու են անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերմանը։ Տեսնելով անօրինականությունը՝ պետք է հետեւողական լինեին՝ դատարան դիմեին ժամանակին եւ դատարանի միջոցով փորձեին հասնել իրենց օրինական պահանջների կատարմանը։ Եվ ոչ թե լավամարդ երեւալով Սիրադեղյանի աչքին, ձեւ անեին, թե իբր գործեր են կատարում, այդ հարցում իրենց անգործությունը վերագրելով ընտրական հանձնաժողովներին։ – ՀՀՇ-ի դիմում-բողոքում շատ փաստեր կային ուղղված ՄԸՀ-ի դեմ, որոնք արժեր ստուգել։ – Այո, ԿԸՀ-ն իմ առաջարկով ընդունեց որոշման երկրորդ կետ՝ ստեղծել հանձնախումբ, որը կուսումնասիրի, թե իրականում ինչ է կատարվել ՄԸՀ-ում, իրո՞ք նիստն անցկացվել է առանց քվորումի, իրո՞ք եղել են այնպիսի տեղեկանքներ, որոնք ներկայացվել են ՀՀՇ-ի կողմից, եւ ՄԸՀ-ն չի ընդունել եւ ներկայացրել ԿԸՀ։ – Կարծես թե փորձում եք բացառել հարցի քաղաքական կողմը։ Ո՞ւմ համար է գաղտնիք, որ իշխանություններն արգելելու էին Սիրադեղյանի գրանցումը։ – Եթե բացառեի հարցի քաղաքական կողմը, անձամբ չէի ներկայացնի այդ տեղեկանքը։ Ես գիտեի, որ ԿԸՀ ցանկացած այլ անդամի ներկայացրածը կդիտվեր որպես իշխանության պատվեր։ Իսկ ինձ ճանաչող մարդիկ հաստատ գիտեն, որ երբեք խղճիս դեմ չեմ գնա, աշխատում եմ օրենքի շրջանակներում, իսկ թե դա ում ձեռնտու չի՝ իրենց խնդիրն է։ Եվ եթե ԿԸՀ-ում ՀՀՇ-ն ներկայացնողը իր ելույթում նշում է, որ հարցը քաղաքական է, եւ որ իշխանությունները վախենում են Վանո Սիրադեղյանից եւ խոչընդոտներ են ստեղծում նրա գրանցման համար, եւ ԿԸՀ-ում մեղադրանքներ են հնչեցնում, թե ժամանակին տեղեկանքներ են տրվել եւ ՀՀ նախագահի թեկնածու է գրանցվել օտարերկրյա անձ, պետք է հիշեն, թե ում իշխանության օրոք է վարչապետ նշանակվել Ռ. Քոչարյանը, երբ է ձեւավորված եղել այն ԿԸՀ-ն, որը 98-ին գրանցել է Ռ. Քոչարյանին, եւ ով որքան ազդեցություն է ունեցել ԿԸՀ անդամների վրա վերջինիս գրանցելու համար։ Այնպես որ, պետք չէ մեղքը գցել ՀԺԿ-ական Աշոտ Սարգսյանի վրա։ Իրենց Ռոբերտ Քոչարյանը իրենց Վանո Սիրադեղյանի գրանցման համար խոչընդոտներ է ստեղծել։ Երբեք արածիս համար ոչ մեկին երեսով չեմ տվել, բայց երբ սահմաններն անցնում են, ստիպված եմ հիշեցնել ճշմարտությունը։ Երբ 99թ. խորհրդարանը Սիրադեղյանին զրկեց անձեռնմխելիությունից, Տավուշի ՄԸՀ նախագահի եւ քարտուղարի վերաբերյալ քրգործ հարուցվեց՝ պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով։ Իբր թիվ 75 ընտրատարածքում կեղծիքներ են թույլ տրվել, որը բացարձակ սուտ էր։ Այն ժամանակ ո՛չ ՀՀՇ-ն, ո՛չ էլ ընդդիմադիր մամուլը մատը մատին չխփեցին եւ ոչ մի գործնական աջակցություն չցուցաբերեցին այդ կնոջն օգնելու համար, եւ ստիպված եմ հիշեցնել, որ ես եմ ստանձնել Սոնա Մեհրաբյանի շահերի պաշտպանությունը։ Ստանձնել եմ կամովին եւ անշահախնդիր, քանի որ համոզված եմ եղել, որ փորձում են անմեղ կնոջը քրեական պատասխանատվության ենթարկել։ Միայն 6 ամիս անց դատախազության ղեկավարության փոփոխությունից հետո իմ գրավոր միջնորդությունների արդյունքում հնարավոր եղավ քրգործը կարճել։ – Ըստ ձեզ, ի՞նչ ընթացք է ունենալու այս պրոցեսը։ – Համաձայն ԿԸՀ որոշման երկրորդ կետի, ստեղծվել է աշխատանքային խումբ, ընդգրկվել է նաեւ ՀՀՇ-ի ներկայացուցիչը: Նրանք տեղում պետք է ուսումնասիրեն ՄԸՀ նիստի փաստաթղթերը եւ տեղեկանք ներկայացնեն ԿԸՀ։ Միեւնույն ժամանակ, Տավուշի մարզային առաջին ատյանի դատարանում ընթանում է ՀՀՇ հայցի քննարկումը, եւ եթե իրոք կուսակցությունն ունի համապատասխան փաստաթղթերը, ապա դատարանին դժվար կլինի դրանք հաշվի չառնել եւ անաչառության դեպքում՝ վճիռ կայացնել Վանո Սիրադեղյանին գրանցելու մասին։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել