Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը մեր զավակների հայրենիքն է

Ապրիլ 23,2002 00:00

ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՆՔ «5 րոպե, որ ցնցեց լրատվական դաշտը» «Այբ-Ֆե»-ի առաջին թողարկումը եթեր հեռարձակվեց 1997 թվականի ապրիլի 21-ին, ժամը 15.45-ին: Առաջին «Այբ-Ֆե»-ն տեւեց 5 րոպե՝ 5 րոպե, որ ցնցեց լրատվական դաշտը: Մենք չունեինք նախապաշարումներ, մենք չունեինք հրահանգներ, կաղապարներ, մենք կաշկանդված չէինք: Եվ դա հրաշալի էր: Սա այն թիմն է որը հինգ տարի շարունակ, ամեն օր «Ա1+»-ի 24-ժամյա եթերում ապահովել է «Այբ-Ֆե»-ի թողարկումներ: Այս ներդիրի էջերը չբավականացրին, որպեսզի մենք ծանոթացնեինք ձեզ «Այբ-Ֆե»-ի ամբողջ աշխատակազմի հետ: Սակայն առանց նրանց անհնար կլիներ ապահովել անխափան եթեր: Ապրիլի 21-ին, «Այբ-Ֆե»-ի ծննդյան օրը, «Ա1+»-ի կոլեկտիվը իր մի խումբ բարեկամների հետ էր: Մենք բոլորս նշում էինք մեր հոբելյանը: Հարաբերական դադար «Այբ-Ֆե»-ում աշխատանքը նման է 100 մետր տարածության վազքի մրցույթի. «Այբ-Ֆե»-ի լրագրողն ամեն օր անցնում է իր բաժին տարածքը եւ բացառում է թերանալու հնարավորությունը: Այստեղ առաջին օրվանից սովորեցնում են, որ գլխավորը ռեպորտաժը ժամանակին եթեր հեռարձակելն է: Դու կարող ես եթերից 10 րոպե առաջ ներկայանալ աշխատասենյակ, բայց պարտավոր ես թողարկման ընթացքում հաղորդել քո բերած տեղեկատվության կարեւորագույն մասը: Երկրում կատարվող իրադարձությունների մասին «Այբ-Ֆե»-ն պետք է հաղորդի առաջինը: Այս կանոնը այբֆեականները պահպանում են: Նկարահանման հրապարակում էլ «Այբ-Ֆե»-ի լրագրողը պարտավոր է «քամել» առավելագույն ինֆորմացիան եւ անգամ ամենատխուր նյութը մատուցել հետաքրքիր: «Այբ-Ֆե»-ի լրագրողի նյութերը կառուցվածքով եւ պարունակած տեղեկատվությամբ պետք է տարբերվեն այլոց հաղորդած նյութերից: Եվ ամենակարեւորը: Ասացի, որ «Այբ-Ֆե»-ն աշխատում է 100 մետրանոց տարածություն վազողի տեմպով: Սակայն հայտնի է, որ լրատվական գործակալության աշխատանքը նաեւ մարաթոն է, որն ավարտ չունի: Դու ամեն օր պարտավոր ես եթեր դուրս գալ եւ հեռուստադիտողին պատմել, թե ինչ է կատարվում աշխարհում՝ ընդհանրապես եւ քո երկրում՝ մասնավորապես: Դու իրավունք չունես լռելու: Այսօր՝ «Ա1+»-ի եթերից զրկվելուց 21 օր անց, գրեթե բոլորը համոզված են, որ մենք կշարունակենք մեր մարաթոնը: ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ Հայաստանը մեր զավակների հայրենիքն է Ամեն օր աշխարհում ծնվում են հազարավոր երեխաներ: Երեխաներ (թեեւ վերջին տարիներին համեմատաբար քիչ) ծնվում են նաեւ Հայաստանում: Ահա նրանցից ոմանք. «Այբ-Ֆե»-ի աշխատակիցների ամենալավ ստեղծագործությունները: Նրանց մենք կատակով անվանում ենք «այբֆեիկներ»: Այս փոքրիկների լուսանկարների փոխարեն կարող էինք տեղադրել, ասենք, ՀՀ քարտեզը՝ հետեւյալ հարցադրումով. ինչպիսի՞ երկիր ենք ցանկանում ունենալ, ինչպիսի՞ երկրում ենք ապրելու մենք եւ մեր երեխաները: Երկիր, որտեղ առաջնորդվում են Ջորջ Օրուելի «1984» վեպի հայտնի կարգախոսներո՞վ. «Պատերազմը Խաղաղություն է, Ազատությունը՝ ստրկություն, Անգիտությունը՝ ուժ»: Այս կարգախոսները «Այբ-Ֆե»-ի լրագրողները մերժում են: Մերժում են ու հայտարարում, որ «Այբ-Ֆե»-ն դեռ կշարունակի «ցնցել» լրատվական դաշտը: Չէ՞ որ, հինգ տարի առաջ, երբ չկային այս փոքրիկները, ծնվեց մեր բոլորի առաջնեկը, որի անունն է «Այբ-Ֆե»: Իսկ առաջնեկից հրաժարվելը, համաձայնեք, անհնար է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել