Տոնը կայացավ Ջազի սիրահարները շաբաթ օրը հաճելի 1,5 ժամ անցկացրին՝ ունկնդրելով «Ջազի դեսպանների» համերգը։ Մեյհյու-Միլլեր-Ուոնգ եռյակը, որտեղ «լիդերը» սաքսոֆոնահարուհի Վիրջինիա Մեյհյուն էր, կատարեց Լուի Արմսթրոնգի, Մոնգի եւ սեփական ստեղծագործություններից։ Հանդիսատեսն, իհարկե, առավել բուռն ողջունում էր Լուի Արմսթրոնգի երգացանկի նմուշների կատարումը, որոնք եռյակը մատուցում էր հետաքրքիր մշակումներով։ Ճիշտ է, համերգի վայրն անհաջող էր ընտրված ինտերյերի առումով՝ փոշոտ, գունաթափ կարմիր «կավրոլիտ», ջազ նվագող երգիչների անմիջապես ոտքերի տակ փռված հայկական նույնպես մաշված գորգ (Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն), բայց փոխարենն ապահովված էր կատարյալ հնչողություն։ Հանդիսատեսի հաճելի տպավորությունը չխաթարվեց անգամ այն բանից, որ ողջ համերգի ընթացքում երաժիշտներն այդպես էլ չմոտեցան բացված ռոյալին (ջազի սիրահարներից շատերն են նախընտրում ռոյալը)։ Խմբում բացակայում են ստեղնաշարային գործիքները։ Բայց Մեյհյուի սաքսոֆոնը, Միլլերի հարվածային գործիքները եւ Ուոնգի էլեկտրակոնտրաբասը գործեցին համապատասխան տպավորությունը, չնայած երաժիշտները կասկածի տակ առան մեր ջազ սիրելու հանգամանքը, հարցնելով. «Երեւի լսած կլինեք, Լուի Արմսթրոնգը մի երգ ունի՝ «What a Wanderfull World»։ Էլիսոն Միլլերը տարերքի մեջ էր իր իսկ ստեղծագործությունը կատարելիս, որը գրել է Սիցիլիայում, գիշերվա ժամը 5-ին, մի հեռախոսային խոսակցությունից հետո։ Խոսակցության թեման նա չասաց, բայց դատելով այն բանից, թե Միլլերն ինչ կրքով էր նվագում, կարելի էր պատկերացում կազմել թեմայի մասին։ Հաճույքով ուզում ենք նկատել, որ ջազի այսպիսի տոները հայ հանդիսատեսի համար աննախադեպ չեն արդեն (ինչպես որակեց դեսպանատան արտաքին կապերի բաժնի պետը)։ Ջազի տոն կազմակերպելու մրցակցությունից շահել է հանդիսատեսը։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ