Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ՄԵԾԱՐՎԵՑ ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ

Ապրիլ 23,2002 00:00

ԿՐԿԻՆ ՄԵԾԱՐՎԵՑ ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ Սպորտի աշխարհում հազվադեպ անուններ կան, որ հավասարապես սիրելի են բոլորի համար։ Այդպիսի մարդկանցից է Նիկիտա Սիմոնյանը, որն իր կենդանության օրոք արդեն իսկ լեգենդ է դարձել։ Նիկիտա Սիմոնյանը երջանիկ մարդ է։ Նրա աշխատանքը սպորտում, վաստակը հատկապես սպորտում գնահատվել է արժանվույն ու ամենուրեք։ Եվ եթե փորձելու լինենք թվարկել Նիկիտա Պավլովիչի միայն նվաճած բարձունքները թե՛ որպես ֆուտբոլիստի, թե՛ որպես մարզչի, հիշենք այն բոլոր կոչումներն ու շքանշանները, որ շնորհվել են նրան, թերթի մի ամբողջ էջ կպահանջվի։ Սակայն, թերեւս, ավելի արժեքավոր է այն, որ գնահատվում են անհատի մարդկային որակները, երբ անթիվ-անհամար են ընկերները, երկրպագուները, երբ քեզ մշտապես հիշում են, կարոտում, երբ դու ցանկալի մարդ ես ամեն տեղ։ Նիկիտա Սիմոնյանի 75-ամյակը լրացավ անցած տարի հոկտեմբերին։ Այդ առիթով Երեւանում ընկերական խաղ կազմակերպվեց Հայաստանի եւ Լեհաստանի վետերանների հավաքականների միջեւ։ Այդ օրերին Նիկիտա Սիմոնյանին շնորհվեց «Մովսես Խորենացու» շքանշան, երեւանցիներն էլ ընտրեցին մայրաքաղաքի պատվավոր քաղաքացի։ Սակայն մեր մեծ հայրենակցի երկրպագուներն այնքան շատ են նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, որ որոշվեց հոբելյարին մեծարել եւս մեկ անգամ՝ «Հրազդան» մարզադաշտում կազմակերպելով ընկերական խաղ «Արարատ-73»-ի, որը ԽՍՀՄ չեմպիոնի ոսկե մեդալներն ու գավաթը նվաճեց հենց Նիկիտա Սիմոնյանի գլխավորությամբ, եւ ԽՍՀՄ հավաքականի միջեւ։ Ու Երեւան եկան հոբելյարի ֆուտբոլային տարբեր տարիների ընկերները, թիմակիցները, սաները, մարդիկ, որոնցից յուրաքանչյուրի անունը մի վառ էջ է համաշխարհային ֆուտբոլի պատմության գրքում։ «Հրազդան» մարզադաշտը վաղուց այդքան շատ ֆուտբոլասերներ չէր հյուրընկալել, որքան ապրիլի 21-ին կայացած մեծարման հանդիսավոր արարողության եւ ֆուտբոլային խաղի ժամանակ։ Դա իսկական տոն էր, մարզական տոն, որի ավարտին խաղադաշտ հրավիրված Նիկիտա Սիմոնյանը հուզված ձայնով երախտագիտություն հայտնեց մարզադաշտ եկած իր երկրպագուներին, կազմակերպիչներին, հանդիպման մասնակիցներին, հայ ժողովրդին եւ ծնկի իջնելով՝ խոնարհվեց նրանց առջեւ։ Մաղթանքներ շատ եղան Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանին։ Մենք էլ միանում ենք դրանց եւ ասում. «Մենք սիրում ենք Ձեզ ու միշտ կարոտում»։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել