Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմ են հնին

Ապրիլ 23,2002 00:00

Դեմ են հնին «Եթե արտաքին թշնամուց չենք վախենում, ապա պետք է վախենանք ներքին թշնամուց՝ տգիտությունից»,- կարծում է Ազգային գրադարանի փոխտնօրեն Դավիթ Սարգսյանը։ Ըստ «Հայկական գրադարանային միության» նախագահ Ներսես Ավագյանի՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ստորագրել է հրամանագիր, որի համաձայն, իր օժանդակությամբ մինչեւ 2005թ. ազգային գրադարանի նոր շենք է կառուցվելու՝ 120-150 մլն $ արժողությամբ։ Ըստ նրա՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւը ամեն տարի այցելում է Ադրբեջանի ազգային գրադարան եւ 5000 դոլարի նվիրատվություն է անում գրադարանին։ Մինչդեռ Հայաստանում Ազգային գրադարանը դուրս է մնացել պետական հոգածությունից։ Ապրիլի 14-20-ը «Հայկական գրադարանային միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Ազգային գրադարանային շաբաթ (ԱԳՇ)։ Ապրիլի 20-ին հրավիրված մամլո ասուլիսում միջոցառման նախաձեռնողները լրագրողներին ներկայացրին ԱԳՇ-ի դերը, կարեւորությունը եւ արդյունքները։ Շաբաթվան մասնակցելու գրավոր հայտ էին ներկայացրել ավելի քան հարյուր գրադարան՝ 15 հանրապետական եւ մարզային, 10 կենտոնական, տարածքային, 41 քաղաքային, 4 բուհական, բազմաթիվ մանկական, դպրոցական եւ այլն։ ՀԳՄ-ի ներկայացուցիչները լրագրողներին տեղեկացրին, որ շաբաթվա ակտիվ մասնակցության համար 44 պաշտոնական մասնակիցներից, որոնք գրավոր էին ներկայացրել իրենց ծրագրերը, ընտրել են 10 լավագույններին եւ միության կողմից պարգեւատրել իրենց իսկ ընտրած հայաստանյան երկու պարբերականի բաժանորդագրությամբ։ Մրցույթի մասին ստույգ տեղեկությունները կներկայացվեն մայիսի 20-ից ոչ շուտ, դրանից հետո երկշաբաթյա ժամկետում գրադարանները ներկայացնելու են գրավոր հաշվետվություններ, տեղեկանքներ։ Այնուհետեւ երկու շաբաթվա ընթացքում միության վարչությունը կորոշի այդ տասը գրադարանները եւ առհասարակ այն գրադարանավարներին, որոնք գրադարանային միության կողմից որեւէ խրախուսանք կստանան։ Իսկ թե ինչպիսին՝ դեռ ստույգ որոշված չէ. «Միգուցե դա կլինի պատվոգիր կամ դրամական պարգեւ, կամ էլ ուղեգիր Ղրիմի կոնֆերանսին»,- կես կատակ, կես լուրջ նշեց Ներսես Ավագյանը։ ԱԳՇ-ի կազմակերպիչների պնդմամբ. «Գրադարաններն այսօր այլեւս այն տեղը չեն, որտեղ գալիս են միայն գիրք կարդալու։ Այսօրվա արեւմտյան գրադարանների շրջանառության 30-40%-ը ապահովվում է էլեկտրոնային տեղեկատվության միջոցների հաշվին, գրադարանների ֆոնդերի 1/3-ը հիմա կազմում են տեսալսողական նյութերը»։ Ըստ Դավիթ Սարգսյանի. «Գրադարանների դերը հասարակության մեջ կարեւորելու համար անհրաժեշտ է, որ այսօրվա գրադարանները հին մոդելից հրաժարվեն եւ համաքայլ ընթանան համաշխարհային գրադարանային գործընթացներին»։ Ասուլիսին ներկա գրադարանավարները բողոքում էին նաեւ կադրերի պատրաստումից (այսօր գրադարանավարներ պատրաստվում են միայն Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, իսկ այնտեղ ուսուցումը կատարվում է հին մեթոդներով)։ Նրանք պնդում էին, որ այդ բուհի ուսանողները նույնիսկ չգիտեն, թե ինչ է թվային գրադարանը, էլեկտրոնային գրացուցակը եւ այլն։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել