Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ սնունդ՝ բարձր առաջադիմություն

Ապրիլ 23,2002 00:00

Լավ սնունդ՝ բարձր առաջադիմություն Օրերս ՀՀ սոցիալական ապահովության նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչը եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան ղեկավար Էրիկա Յորգենսը «Դպրոցների սնուցման» ծրագրի շրջանակներում այցելեցին Գեղարքունիքի մարզ։ Առաջին հանդիպման վայրը սահմանամերձ Տրետուք գյուղի միջնակարգ դպրոցն էր, որտեղ հյուրերին դիմավորեցին աղ ու հացով։ Տրետուքը Գեղարքունիքի մարզի երբեմնի ադրբեջանաբնակ 28 գյուղերից մեկն է, որն այսօր բնակեցված է փախստականներով։ Գյուղապետ Սուրեն Եղիազարյանի հավաստմամբ, վերաբնակեցված 104 ընտանիքից մնացել է 98-ը, որոնց մոտ 80 տոկոսը ՀՀ քաղաքացիություն է ընդունել։ Մյուսները, չդիմանալով ծանր կենսապայմաններին, արտագաղթել են այլ վայրեր։ Ինչպես հանրապետության շատ շրջաններում, այստեղ էլ առկա են խմելու, ոռոգման ջրի խնդիրներ, գյուղմթերքների իրացման դժվարություններ։ Դրամի դեֆիցիտի պատճառով առեւտուրը կատարվում է ապրանքափոխանակությամբ։ 250 տեղանոց երկհարկանի դպրոցական շենքը բարվոք վիճակում է, որտեղ սովորում է 38 աշակերտ։ Ուսուցչական կազմը 16 հոգի է (7-ը՝ բարձրագույն կրթությամբ), ասել է թե՝ ամեն ուսուցչին 2,2 աշակերտ է ընկնում։ Ընթացիկ ուսումնական տարվա սկզբին ՊՀԾ-ն սկսել է դպրոցականների սննդի կազմակերպման փորձնական ծրագիր իրականացնել Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի 10 կարիքավոր գյուղերում, որոնց թվում է նաեւ Տրետուքի դպրոցը։ Սնուցման ծրագիրը մինչեւ դեկտեմբեր փորձաշրջան անցնելուց հետո կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։ Այս ծրագրին կատարված ՊՀԾ-ի պարենի հատկացումը բավարարում է օրական անհրաժեշտ կալորիաների 75 տոկոսը, իսկ 25-ը ապահովում են ծրագրից օգտվող համայնքները։ Ծրագրի իրագործումն, անշուշտ, մեծ աջակցություն է համայնքին։ Եթե նախկինում դպրոցականները թերսնված էին, որը բացասաբար է անդրադառնում երեխայի թե՛ աճի, թե՛ մտավոր կարողությունների վրա, ապա այս դեպքում երեխաները օրական մեկ անգամ լիարժեք սնվում են դպրոցում, որը հանգեցրել է ինչպես հաճախելիության, այնպես էլ առաջադիմության բարձրացմանը։ Կա նաեւ հարցի մի այլ կողմ՝ 6 փախստական կանայք տեղավորվել են աշխատանքի, որի դիմաց վարձատրվում են մթերքով՝ օրական 2 կգ ալյուր, 200 գ ձեթ եւ 100 գրամ սիսեռ։ Կիրովաբադից գաղթած տիկին Անժելայի համար դա մեծ օգնություն է, քանի որ ամուսինը չի աշխատում եւ 4 դպրոցահասակ երեխաները հնարավորություն ունեն օրական մի անգամ լիարժեք սնվել դպրոցում եւ տանն էլ քաղցած չեն մնում։ Կուտականի (Սոտքի) միջնակարգ դպրոցում սովորում է 187 աշակերտ, այսինքն՝ օրական մի անգամ լիարժեք սնվում է այդքան երեխա։ Դպրոցական 6 մասնաշենքերից մեկը վթարային է եւ անհապաղ պետք է քանդվի, մյուս 5-ը, կարելի է ասել, բարվոք վիճակում է։ 1999 թվականին պետբյուջեի հատկացումներով փոխվել են երկու մասնաշենքերի հարթ տանիքները, երրորդինը՝ հաջորդ տարում։ Դպրոցում աշխատող 25 ուսուցչից 9-ը բարձրագույն կրթություն ունի, միջնակարգ մասնագիտական՝ 9 հոգի։ Սոտքի դպրոցի ճաշարանում ստեղծվել է 9 աշխատատեղ փախստական կանանց համար։ Ի դեպ, նրանց համար ՊՀԾ-ն կազմակերպել է նաեւ սնուցման եւ առաջին օգնության դասընթացներ։ Իսկ ընդհանուր առմամբ, ծրագրի նպատակն է ակտիվացնել համայնքը եւ այդ տարածքում ստեղծել կայուն զարգացման համար անհրաժեշտ նախապայմաններ։ Մասնավորապես, դպրոցին հատկացվելու է հողատարածք՝ պտղատու այգի եւ բանջարանոց հիմնելու համար, որպեսզի նոր ուսումնական տարվանից համայնքի աջակցությամբ ինքնուրույն շարունակեն ծրագիրը։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել