Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է վճարես, եթե նույնիսկ ջուր չունես

Ապրիլ 23,2002 00:00

Պետք է վճարես, եթե նույնիսկ ջուր չունես Հանրապետությունում սկսված է ջրաչափերի տեղադրման գործընթացը։ Անշուշտ, սրա նպատակներից է ջրի կորստի կանխումը եւ ջրի ծախսի դիմաց՝ համապատասխան վճարումը։ Բնակելի շենքերի համար ջրաչափերը տեղադրվելու են բնակիչների միջոցներով (7.000-10.000 դրամ), իսկ բնակիչներն այսօր ի վիճակի չեն վճարել ջրի վարձի նախկին պարտքերը։ Կառավարության որոշման համաձայն, 2 ամիս չվճարումների դեպքում իրավունք է վերապահվում ջրազրկել շենքը։ «Հայջրմուղկոյուղու» Եղվարդի մասնաճյուղը հենց այս քայլին էլ դիմեց՝ փորձելով այս կերպ հավաքագրել վճարները։ Արդյունքում, Եղվարդի որոշ թաղամասերի որոշ շենքեր ջրազրկվեցին։ Գուցե այս դեպքում բնակիչը մտածի. «Այս ամիս ջուր չեմ ունեցել, հետեւաբար համապատասխան վճարում չեմ անի»։ Բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ «Եթե շենքը ջրազրկված է եւ բնակիչն օգտվում է ընդհանուր ծորակից (ասենք, 200մ այն կողմ գտնվող աղբյուրից), ապա բնակիչը պարտավոր է վճարել ընդհանուր գումարի 1/4 մասը»,- ասում է «Հայջրմուղկոյուղու» Եղվարդի մասնաճյուղի տնօրեն Շահեն Շահբազյանը։ Իսկ եթե շենքը ջուր ունի, բայց, ասենք, 5-րդ հարկի բնակիչը չի օգտվում դրանից (ոչ իր մեղքով), ապա այս դեպքում, ըստ տնօրենի, վճարը գանձվում է 100%-ի չափով. «Ինքը ջուր չունի, բայց օգտվում է ջրից»։ Շ. Շահբազյանի ներկայացմամբ, հիմնականում վճարում է միջին խավը. «Իմ կարծիքով, ջրաչափերի առկայության դեպքում վարձավճարների գանձումը ավելի հեշտ եւ հարմար կկազմակերպվի։ Ելնելով աշխարհագրական դիրքից՝ յուրաքանչյուր բնակավայրի համար գանձվում է ջրի արժեքի տարբեր սակագին։ Մինչեւ 1999թ. տեղի համայնքը, օրինակ, Եղվարդում սահմանել էր 45,61 դրամ՝ ջրի, 12,81 դրամ՝ կոյուղու, Զորավանում՝ 40 դրամ՝ ջրի, 10 դրամ՝ կոյուղու համար… Ջրաչափերի տեղադրումից հետո կշարունակվի վարձավճարների գանձման նույն կարգը»։ Սակայն պարոն Շահբազյանը չի գտնում, որ ամենաօպտիմալ տարբերակն է սա, «բայց առայժմ չեմ կարող այն փոխել»։ Ըստ տնօրենի. «Սկզբում ամբողջ շենքի համար ջրմուղ-կոյուղու միջոցներով տեղադրվելու է մեկ ընդհանուր ջրաչափ»։ Ստացվում է, ջուրը խնայողաբար ծախսելու դեպքում էլ վճարելու ես այնքան, որքան, ասենք, ամենից շատ ջուր ծախսողը։ Այս անգամ արդեն յուրաքանչյուր բնակիչ, ցանկության դեպքում, իր համար կարող է տեղադրել առանձին ջրաչափ։ Եվ Շ. Շահբազյանի կարծիքով, ջրաչափերի տեղադրումից հետո բնակիչը ջուրը խնայողաբար կծախսի, ինչի արդյունքում, հավանաբար, ջրամատակարարումը օրվա ընթացքում կերկարի։ Իսկ այսօր եղվարդցին ջրի ծորակից օգտվում է օրական մոտավորապես 2 ժամ։ ԱՆԱՀԻՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել