Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԱՅԲ-ՖԵՆ» ՈՒ ԻՐ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԸ

Ապրիլ 23,2002 00:00

ԼՐԱՏՎԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ ՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ Է Վերջերս ԱԺ աշխատակիցներից մեկը հերթական անգամ «Ա1+»-ի լրագրողին հարցրեց. «Ի՞նչ է նշանակում «Այբ-Ֆե»: – Այբուբենի առաջին եւ վերջին տառերն են,- եղավ պատասխանը: – Հաաա՜ա,- ասաց տիկինն ու քիչ մտածելուց հետո հարցրեց,- իսկ ո՞ր այբուբենի: ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ «ԱՅԲ-ՖԵ»-Ի ՀՈԲԵԼՅԱՆԸ Հարազատներս, ես այսօր երջանիկ եմ, եւ դուք գիտեք ինչու: Առիթները շատ են, բայց այսօր կարեւորը մեկն է. ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ Իրավիճակը, որում հայտնվել ենք, ծրագրվել է վաղուց: Դիլետանտների եւ տգետների մի խումբ որոշել է «դեմոկրատիա» խաղալ, ապացուցել իրենց առնչությունը պետության կայացման գործին, որոշել են կատակել ժողովրդի հետ: Ահա եւ կատակեցին: Միայն աղմուկ բարձրացրին եւ բացահայտեցին իրենց ողջ էությունը: Ինչ թեթեւությամբ եւ նորմալ մարդուն անհասկանալի ուրախությամբ են ոմանք քանդում մի խումբ նվիրյալների ու պրոֆեսիոնալների ջանքերով տարիներիընթացքում ստեղծածը: Դուք եք այդ նվիրյալները: Հպարտացեք: Դուք արդեն ապացուցել եք, որ Հայրենիքը ձեզ համար ամենօրյա ճաշկերույթներում գավաթների հախճապակյա դատարկ զնգոցը չէ, դուք նաեւ ապացուցել եք ձեր սերը ժողովրդին, եւ այսօր ժողովուրդն է ցուցադրում փոխադարձ սերը: ՄԵՍՐՈՊ ՄՈՎՍԵՍՅԱՆ «Մելտեքս» ՍՊԸ ն ախագահ «Նոյեմբերին նախագահի նստավայրում որոշվել է «Ա1+»172ը զրկել լիցենզիայից» Հարցազրույց «Ա1+» հեռուստատեսության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի հետ – Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը կոմպետե՞նտ է մրցույթներ անցկացնելու եւ հաղթողներ ճանաչելու համար: – Դա հանձնաժողով չէ: Այնտեղ չկա որեւէ մասնագետ: Եթե մեկը ինչ-որ ֆիլմի ռեժիսոր է, չի նշանակում, որ հասկանում է հեռուստատեսությունից եւ հեռուստանախագծերից (խոսքը հանձնաժողովի անդամ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի մասին է,- Վ. Ի.): Մեր նախագիծը պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացված առաջարկ է, ինչպես պահանջել է հանձնաժողովը իր հայտարարության մեջ: Հանձնաժողովը հայտարարության մեջ պահանջում է միայն առաջարկ, սակայն մրցույթի պայմանները ներկայացնում է իր կանոնակարգով, որտեղ պահանջները ձեւակերպված են այլ կերպ: Այդ շղթայում «պղտոր ջրի մեջ ձուկ են որսում» եւ խախտումներով անցկացնում են իրենց հանձնաժողովի նիստերն ու քվեարկությունները: Բայց խախտված է ամենակարեւորը՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը: Ըստ օրենքի, ազատ հաճախականությունները ներկայացվում են վաճառքի, տարին մեկ անգամ եւ բոլորը միասին: Մասնատված հատուկ շուկա են սարքել, ոչ պրոֆեսիոնալ հանձնաժողովը այսօր հայտարարում է, թե մեր առաջարկը թույլ է: Այդ «թույլ» խոսքի համար նա պետք է պատասխան տա իմ առջեւ, պետք է պատասխան տա իմ կոլեկտիվի առջեւ: – Ի՞նչ եք կարծում, եթե հանձնաժողովում մասնագետներ լինեին նախագահի կողմից նշանակված, նրանք էլի պատվե՞ր կկատարեին: – Նախագահի կողմից նշանակված՝ արդեն նշանակում է պատվեր կատարել: Ով ուզում է դա լինի, ես չեմ ուզում անձնավորել – Ռոբերտ Քոչարյան լինի, Լեւոն Տեր-Պետրոսյան, Վանո Սիրադեղյան կամ Պողոս Պողոսյան: Ինձ համար լրիվ միեւնույն է, թե ով կլինի Հայաստանի Հանրապետության նախագահը որպես անձ: Կա նախագահի ինստիտուտ, որը աշխատում է ամեն միջոցով պաշտպանել իր դիրքը, եւ դրա ձեւերից մեկը բերաններ փակելն է: Մենք ունենք կարգախոս՝ «Դիտեք մեզ, ճանաչեք ձեզ»: Իրենք հիմա բոլոր ձեւերով աշխատում են այդ կարգախոսը փոխել, դարձնել՝ «Դիտեք մեզ, ճանաչեք մեզ»: – Ո՞րն է ձեզ արտոնագրից զրկելու բուն նպատակը: – Մեր էկրանի վրա տեղ էին գտնում բոլոր կուսակցությունները, եւ շատերի խոսքը հնչում էր որպես հակագրոհ: Եթե մեր նախագահը համարում է, որ չորրորդ իշխանությունը պարտավորություն ունի միայն իր առաջ, սխալվում է: Ինչպես նա ստիպողաբար կազմակերպեց այդ ստորագրահավաքը (17 լրատվամիջոց հայտարարել են, որ «Ա1+»-ին արտոնագրից զրկելը իրավական խնդիր է եւ չի սահմանափակում խոսքի ազատությունը,- Վ.Ի): Ես ցավում եմ իմ կոլեգաների համար: Նրանք 4-րդ իշխանությունից տեղափոխվեցին միանգամից առաջին իշխանություն: Իրենց թվում է, թե հիմա գտնվելով առաջին իշխանության փեշի տակ՝ հանգիստ կարող են ապրել: – Մինչեւ այժմ ճնշումներ եղե՞լ են իշխանությունների կողմից «Ա1+» հեռուստատեսության վրա: – Չինովնիկների կողմից: Նրանք իշխանության լծակներն են, ես այդպես եմ համարում: – Ի՞նչ տիպի: – Դիտողություններ, մատ թափ տալ: Նոյեմբերից սկսած, երբ նախագահի նստավայրում եղել է խորհրդակցություն եւ որոշվել է «Ա1+»-ին լիցենզիայից զրկել: Ես դրա մասին տեղեկացել եմ: Այդ օրվանից էլ շատերը մատ թափ տալով ասում էին. «Մեկ է, դուք լիցենզիա չեք ստանալու, այ, կտեսնեք, հետո տեսնենք, ինչ եք անելու»: Սպառնալիքներից հիմնականը դա է եղել: – Ռոբերտ Քոչարյանը լրագրողներից մեկին հարց տվեց, թե դուք տեսե՞լ եք այս վերջին 4 տարվա ընթացքում որեւէ լրագրողի կամ լրատվամիջոցի ճնշեմ: – Միամիտ մարդը միայն կարող է ընդունել այդ հայտարարությունը որպես հալած յուղ: Նա, իհարկե, բարձրաձայն ոչ մի տեղ չի հայտարարի, որ այսինչ լրատվամիջոցը հարկավոր է փակել: Նա գործով է ապացուցում, որ փակում է: – 17 լրատվամիջոցների հայտարարությունը ստորագրող լրագրողներից որեւէ մեկը Ձեզ զանգել-ասե՞լ է, որ իրեն ստիպել են ստորագրել: – Եղել է, անուններ չեմ տա հասկանալի պատճառներով: Եվ ոչ մեկ հոգի, այլ մի քանիսը: – Հեռուսատատեսություննե՞րը: – Այո, ասում են՝ հասկանու՞մ ես, որ նույնը մեր հետ կլիներ, ասել են՝ խելոք մնացեք: – Ընդհանրապես շատ է խոսվում, եւ լրատվամիջոցների հայտարարության մեջ էլ կար, որ «Ա1+»-ի խնդիրը շահարկում են քաղաքական ուժերը: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում, որ քաղաքական ուժերը պաշտպանում են «Ա1+»-ը: – Մի քանի անգամ ասել եմ՝ շատ շնորհակալ եմ, որ մեզ պաշտպանում են, բոլորից եմ շնորհակալ, առաջին հերթին ժողովրդից եմ շնորհակալ: Շատ էի հուզվել անցյալ ուրբաթ հանրահավաքի օրը: Հասկացա, որ մարդիկ «Ա1+»-ի պահանջը ունեն, եւ ոչ միայն «Ա1+»-ի, այլեւ առհասարակ ինֆորմացիա ստանալու պահանջ եւ իրավունք ունեն: Մենք իրավունք չունենք նրանց զրկել տեղեկատվությունից: Դրա համար ստիպված Զաքյան 8172ում գտնվող մեր ակումբում ամեն օր ցուցադրում ենք «Այբ172Ֆե»-ի լրատվությունը: – Փաստորեն, լրատվությունը աշխատում է: – Այո։ Մենք այն տարածում ենք «Համասփյուռ» ցանցով: «Համասփյուռ» ցանցը դեռ աշխատում է շրջաններում: Շուտով ոչ միայն «Այբ-Ֆե»-ն, այլեւ մեր ամբողջ ծրագիրը մարզերում պետք է եթեր դուրս գա: «Համասփյուռը» եթեր է դուրս գալիս 10 ռեգիոնալ հեռուսատեսություններով: Փաստորեն՝ լրատվությունից զրկվեց Երեւանը: – Իսկ կարո՞ղ է ինչ-որ կերպով «Համասփյուռն» էլ փակվի: – Ես այդ մտավախությունն ունեմ, որովհետեւ արդեն մատ թափ տվել են, թե զգույշ մնացեք, ռեգիոնալ բոլոր հեռուստատեսությունները պետք է լիցենզավորվեն: Այդ կայաններն էլ պետք է այս նույն պրոցեդուրան անցնեն, բոլորի վրա մատ են թափ տալիս: Ես վախենում եմ, որ նրանցից շատերը կարող են մտափոխվել, չգիտեմ: ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ «Բացված էջեր» ԻՄ ԲԱԼԻԿՆԵՐԸ Տեսականորեն, իհարկե, հնարավոր է, որ ես 25 տարեկան երեխաներ ունենայի: Բայց կարեւորն այստեղ այն հարազատության զգացումն է, որն իմ մեջ ապրում է «Այբ-Ֆե»-ի ստեղծագործական կոլեկտիվի բոլոր անդամների նկատմամբ: Եվ ի դեպ, ես երախտապարտ եմ նրանց ծնողներին, որոնք պարկեշտ մարդիկ են եւ դաստիարակել են նորմալ քաղաքացիներ: Սա է ամենակարեւորը լրագրողի համար՝ պրոֆեսիոնալ ունակությունները, որոնք նրանք ստացել են «Մելտեքսում», դրսեւորվում են հենց այդ մարդկային եւ քաղաքացիական հիմքի վրա: Այսօրվա բոլոր հեռուստաալիքների (թե «հանրային», թե «մասնավոր»)տաղտկալի օֆիցիոզի ֆոնի վրա «Այբ-Ֆե»-ի բացակայությունը զգում են բոլոր հեռուստադիտողները, բացառությամբ, երեւի, Գրիգոր Ամալյանի: Նորմալ հեռուստադիտողին չի կարող չձանձրացնել հիշյալ ալիքներով նույնությամբ կրկնվող սյուժեներն այն մասին, որ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը եւ արտգործնախարարը ընդունեցին հերթական հյուրին: Մենք կարիքն ունենք տեսնելու ամբողջ կյանքն իր բազմազանությամբ, հակիրճ, հստակ՝ առանց տաղտկալի մեկնաբանությունների: Սա է «Այբ-Ֆե»-ի ոճը, որը ստեղծել են այս լրատվական ծառայության լրագրողներն ու օպերատորները: Իսկ ընդհանրապես մեր երկրի պրոբլեմը Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը չեն, իշխանությունն ու ընդդիմությունը չեն: Խնդիրը մեր արժանապատվության պակասն է, որի պատճառով ցանկացած իշխանավոր իրեն անպատժելի է զգում: Երբ «Ա1+»-ում քննարկվում էր՝ գնալ, թե չգնալ նախագահի մոտ, «Այբ-Ֆե»-ի երեխաները մեկ-մեկ մոտենում էին ինձ եւ ականջիս փսփսում. «Չենք ուզում աջը համբուրենք, չենք ուզում թրի տակով անցնենք»: Եկեք մեր արժանապատվության աստիճանով գոնե մի քիչ նմանվենք այս երեխաներին: Եթե նրանք կան, ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ «ԱՅԲ-ՖԵՆ» ՈՒ ԻՐ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԸ 1997 թ. ապրիլի 21-ին «Այբ-ֆե»-ն մենակ էր: Հեռուստատեսային լրատվություն պատրաստում էին միայն պետական հեռուստաալիքները, ու «Ա1+»-ն առաջին անկախ հեռուստաընկերությունն էր, որ սկսեց լուրեր թողարկել: Հետո «Ա1+»-ին միացան շատ ուրիշները, ու մի պահ հեռուստատեսային լրատվության դաշտը խիստ աշխուժացավ: Թվում էր՝ սկսվում է իսկական մրցակցություն, որի առանցքում լինելու է առավել օպերատիվ ու պրոֆեսիոնալ լրատվություն պատրաստելու ձգտումը: Սակայն հանրապետության համար առավել վճռական պահերին պարզ էր դառնում, որ «Այբ-ֆե»-ն դարձյալ մենակ է: Իր մենակության մեջ «Այբ-ֆե»-ն բավականին ինքնատիպ է: 5 տարվա ընթացքում բազմաթիվ նոր դեմքեր են հայտնվել, մի մասը չի դիմացել ռիթմին, մյուսները «կոփվել են» ու դարձել «Այբ-ֆե»-ի լիարժեք անդամ: «Այբ-ֆե»-ն առաջին հերթին այն կազմող մարդիկ են, ու դա որեւէ կապ չունի տեխնիկական չափանիշների ու բոլոր հնարավոր ու անհնար թղթե ծրագրերի հետ: «Այբ-ֆե»-ն դարձավ որակի ու ճաշակի քննություն, որը հանձնողներն այլեւս անկարող են աշխատել այլ չափանիշներով: «Այբ-ֆե»-ն ձեռք բերեց իր կայուն հեռուստալսարանը, որը յուրաքանչյուր երկու ժամը մեկ սպասում էր «Այբ-ֆե»-ին ու այսօր էլ, սովորույթի ուժով, այդ ժամին սեղմում է հեռուստացույցի համապատասխան կոճակը: Այսօր՝ իր առաջին եթերից 5 տարի հետո, «Այբ-ֆե»-ն կրկին մենակ է: Այսօր էլ հեռուստատեսային լրատվության դաշտում չկա մրցակցություն, եւ գույները գրեթե նույնն են, ինչ 5 տարի առաջ: ԼԻԼԻԹ ԲԼԵՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել