Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Ապրիլ 23,2002 00:00

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ «Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննության ժամանակ ամբաստանյալ Աշոտ Կնյազյանին հարցեր էին տալիս իր նախաքննական ու դատաքննական ցուցմունքների հակասությունների շուրջ։ Ամբաստանյալը դատարանում հայտնել էր, որ 1999 թ. հոկտեմբերի 30-ին էին իրեն ձերբակալել, մինչդեռ, ըստ նախաքննության մարմնի տվյալների, բերման ենթարկելու արձանագրությունը կազմվել է 1999 թ. հոկտեմբերի 29-ին։ «29-ը ճիշտ էր, չեմ ժխտում, իմ մոտ տպավորվել էր 30-ը»,- հայտնեց ամբաստանյալ Կնյազյանը։ «Վռամ Գալստյանին (քեռուն) տեսել եմ մի քանի անգամ նրանց տանը (Հունանյանների)»,- նախաքննության ժամանակ հայտնել էր ամբաստանյալ Կնյազյանը, մինչդեռ դատարանում ասել էր, թե քեռուն ծանոթ է եղել 2001 թ. հուլիսից… «Շուրջ 3 ամիս առաջ մեր տուն եկան Էդիկ Գրիգորյանն ու Նաիրի Հունանյանը։ Ասացին՝ խոսելու բան ունեն եւ առաջարկեցին գնալ դուրս։ Ասացին՝ 7 ավտոմատի կարիք ունեն»,- սա նախնական ցուցմունքն էր, մինչդեռ՝ դատարանում ամբաստանյալը նշել էր, թե այդ խոսակցությունից ինքը տեղյակ չէ։ Նախաքննական մարմնին այս ամբաստանյալը հայտնել էր, թե զենքի հետ կապված Բեջանովն իրենից փորձել է իմանալ, թե նրանք արդյոք վստահելի՞ են, իսկ դատարանում հայտնեց, որ Բեջանովն ասել է. «քո հետ գործ ունեմ»։ Նեղն ընկնելուն պես ամբաստանյալը հրաժարվում էր պատասխանել մեղադրող Գագիկ Ավետիսյանի հարցերին։ Երեկ հանդես եկավ հայտարարությամբ (որը, հայտնեց, թե «էս 2 օրն է գրվել»), ուր պնդում էր, որ նախաքննության մարմինը խորթ մեթոդներ է կիրառել։ Նա հրաժարվեց նախաքննական իր ցուցմունքներից։ Բայց ի՞նչ. դատարանում փքուն կեցվածք ընդունեց այն ժամանակ, երբ իր «մարտական» ընկերների (մնացյալ 6 ամբաստանյալներ) շնչառությունը զգաց իր կողքին։ Մանավանդ՝ Հունանյան ավագի, որը սպիտակ մարզազգեստով էր ներկայացել երեկվա նիստին… Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել