Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Ապրիլ 23,2002 00:00

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Նախորդ ուրբաթ օրը, հանրահավաքի ժամանակ, Աշոտ Մանուչարյանը հայտարարություն է արել Ռ.Քոչարյանի՝ իբր ՀՀՇ անդամ լինելու մասին եւ խոստացել այդ պարզելու համար գրավոր հարցում անել ՀՀՇ վարչություն: Ստացած չլինելով որեւէ դիմում, այնուամենայնիվ, հարկ ենք համարում պատասխանել հրապարակավ արված հարցմանը: 1989-91թթ. ՀՀՇ անդամ են եղել ինչպես Ռ.Քոչարյանը, այնպես էլ Ա.Մանուչարյանը եւ այս օրերի հանրահավաքները կազմակերպող կուսակցությունների ղեկավարներից շատերը: 1991-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիության եւ Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին օրենքների համապատասխան պահանջների հիման վրա, ինչպես նաեւ՝ հարգելով ԼՂՀ՝ նույն թվականի սեպտեմբերի 2-ին հռչակած անկախությունը, Ռ.Քոչարյանը որպես Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձ, դուրս է թողնվել ՀՀՇ-ից: Նույն՝ օտարերկրյա քաղաքացու հանգամանքով, ՀՀՇ-ից դուրս մնացին նաեւ ՌԴ քաղաքացիներ՝ ՀՀՇ անդամ, պրոֆ. Կ.Յուզբաշյանը եւ ՀՀՇ անդամ Ա.Բայանդուրը: Ցավում ենք, որ մի քանի կուսակցությունների ղեկավար Ա.Մանուչարյանը եւ հանրահավաքների կազմակերպիչ ու պատասխանատու 14 կուսակցությունների ղեկավարներից ոչ մեկը ծանոթ չէ ՀՀ Սահմանադրության եւ այն օրենքների տարրական պահանջներին, որոնցով կարգավորվում է իրենց կողմից ղեկավարվող կազմակերպությունների գործունեությունը: ՀՀՇ-ն չունի անդամության բազմազան՝ «չբացահայտված», «գաղտնի», «սառեցված», «պայմանականորեն հեռացված» եւ այլ կատեգորիաներ, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացի անդամներ, ուստի կոչ ենք անում Ռ.Քոչարյանի կուսակցական պատկանելիության մասին հարցումներն ուղղել այլ կուսակցությունների: Նաեւ մեր տարակուսանքն ենք հայտնում, իբր Քոչարյանի եւ նրա վարչախմբի դեմ հրավիրված, հանրահավաքներում նախկին իշխանություններին եւ Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահի դեմ հնչող հայհոյախառն ելույթների առիթով, քանզի պետական հեղաշրջմամբ իշխանության գալուց ի վեր հենց սա է եղել եւ առաջիկայում սա է մնալու Քոչարյանի եւ նրա վարչախմբի միակ փրկօղակը: Միանալով այդ արշավին, հանրահավաքի կազմակերպիչները գիտակցված կամ ակամա լծվում են քոչարյանական քարոզչության սայլին, դառնում նրա հինգերորդ անիվը: ՀՀՇ լրատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել