Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՐՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ՝ ԲԱՆԱՎՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Ապրիլ 23,2002 00:00

ԳՐՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ՝ ԲԱՆԱՎՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ Մեր թերթն անդրադարձել է ուրբաթ (ապրիլի 19) ԿԸՀ-ի կայացրած որոշմանը, որով մերժվել է ՀՀՇ վարչության դիմում-բողոքը այդ կուսակցության կողմից առաջադրված Վանո Սիրադեղյանին Տավուշի մարզի թիվ 75 ընտրատարածքում որպես պատգամավորության թեկնածու գրանցված ճանաչելու մասին։ ՀՀՇ տվյալներով՝ Տավուշի ՄԸՀ-ն նիստը վարել է օրենքի բացահայտ խախտումներով, թեկնածու առաջադրվածների ներկայացրած ստորագրությունները թռուցիկ են ստուգվել եւ որ ամենակարեւորն է՝ Վանո Սիրադեղյանին չեն գրանցել առանց քննարկելու եւ քվեարկելու։ Մարզային հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ գրված է, որ թեկնածուի փաստաթղթերը թերի լինելու պատճառով հարցը չի դրվել քվեարկության եւ որ բացակայում էր վերջին 5 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը։ Նույն հրապարակմանն անդրադարձ կատարելով՝ նշենք, որ ՀՀՇ ներկայացուցիչների փաստմամբ, եթե մյուս 8 անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված էին, իսկ բնակության վայրի մասին էլ ինչ-որ տեղեկանքներ եղել են (հարեւաններից, ԱԺ-ից, ՀՀՇ-ից եւ այլն), ապա հարցը պետք է որոշվեր առնվազն քվեարկությամբ։ Ամփոփելով ասենք, որ ՀՀՇ վարչությունը հայց էր ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան։ Երեկ պետք է տեղի ունենար սույն հայցով դատական նիստը։ Մինչ Տավուշից ինֆորմացիա ստանալը, ՀՀՇ վարչությունում հրաժարվեցին մեր հարցերին պատասխանել։ Օրվա վերջում պարզվեց, որ նիստը հետաձգվել է մինչեւ այս ամսի 25-ը։ ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Անդրանիկ Հովակիմյանը Իջեւանից վերադառնալուց հետո մեր հարցերին պատասխանելով, ասաց. «Պետք է արձանագրել, որ դատական նիստին ներկա էին միայն ՄԸՀ այն անդամները, որոնք ապրիլի 14-ին բոյկոտել էին նիստը, իսկ բոլոր այն անդամները, որոնք ապօրինություններ էին կատարել, ներկա չէին»։ Պրն Հովակիմյանը նշեց, որ նիստը վարող դատավոր Սուսաննա Ներսիսյանը վճիռ կայացնելուց առաջ անպայման ուզեց լսել բոլոր կողմերին։ Եվ նիստը հետաձգվեց հենց այդ պատճառով։ Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն իր ուրբաթ օրվա նիստում որոշում էր կայացրել՝ Տավուշի մարզային ընտրական հանձնաժողովի գործողությունների օրինականությունը ստուգելու նպատակով կազմել եւ Տավուշի մարզ ուղարկել հանձնախումբ։ Այսօր առավոտյան հանձնախմբի երեք անդամները պետք է մեկնեն Տավուշ։ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանն այս մասին մեզ ասաց. «Հանձնախմբի կազմում ես ընտրել եմ ե՛ւ շահագրգիռ, ե՛ւ չեզոք կողմեր, որպեսզի ամեն ինչ նորմալ ընթանա։ Հանձնախմբի կազմում ընդգրկվել են ՀՀՇ-ի ներկայացուցիչ Քոչար Դավթյանը, «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արտաշես Ավոյանը, ԱԻՄ-ի ներկայացուցիչ տիկին Մարկոսյանը։ Որոշումն իրենց մոտ է, դիմում-բողոքը եւս, եւ հանձնախմբի անդամներն ըստ այդ դիմում-բողոքի կստուգեն այն բոլոր գործառույթները, որոնք տեղի են ունեցել մարզային ընտրական հանձնաժողովում»։ Վանո Սիրադեղյանին պատգամավորության թեկնածու չգրանցելու ՄԸՀ որոշման հնարավոր վերանայման վերաբերյալ հարցին պատասխանելիս, պրն Սահրադյանը հիշեցրեց ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածը. «Սահմանադրության 64 հոդվածը միանշանակ ասում է, որ ՀՀ պատգամավորության թեկնածու կարող է գրանցվել 25 տարին լրացած, վերջին 5 տարին Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 5 տարին Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակվող ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի։ Այս նորմը, որն ամրագրված է նաեւ Ընտրական օրենսգրքի 97 հոդվածի 1-ին կետում, 108 հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում, ցավոք, չի բավարարվում»։ Մեր դիտարկմանը, թե ՀՀՇ ներկայացուցիչների փաստմամբ, մյուս 8 անհրաժեշտ փաստաթղթերի հետ ներկայացվել է նաեւ տեղեկանք բնակության վայրից, նաեւ՝ հարեւաններից եւ ԱԺ-ից, պրն Սահրադյանը պատասխանեց, ասելով, որ նախ դիմում-բողոքում այդպիսի բաներ չկային գրված եւ որ իրենք իրավունք չունեն հարցի շրջանակներից դուրս գալ եւ որ միայն դատարանն է իրավասու վերոհիշյալ հարցերը քննել եւ վճիռ կայացնել։ Պրն Սահրադյանը հիշեցրեց, որ դեռեւս 1999 թվականից ԿԸՀ-ն որոշում ունի, ըստ որի նշված է, թե որ ատյանից է հարկավոր վերցնել վերոհիշյալ տեղեկանքը՝ Անձնագրային եւ վիզաների վարչության կողմից։ ԿԸՀ նախագահն ասաց, որ իրենք որեւէ թեկնածուի չեն անձնավորում եւ համապատասխան փաստաթղթերի բացակայության դեպքում, ով էլ լիներ թեկնածուն, չէր գրանցվելու։ ԿԸՀ նախագահը միաժամանակ լրացուցիչ հանձնարարականներ է տվել հանձնախմբի անդամներին, որով հանձնարարվում է ստուգել նաեւ Իջեւանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված փաստերը, մասնավորապես՝ ընտրացուցակի վիճակը։ Սակայն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, մայիսի 5-ին կայանալիք Իջեւանի քաղաքապետի ընտրություններից առաջ Իջեւանում շարունակվում են ոչ միայն ընտրացուցակների, այլ նաեւ ՀՀ Ընտրական օրենսգրքի մի շարք այլ հոդվածների խախտումներ։ Մասնավորապես, երեկ, քաղաքապետի թեկնածուներից Գ. Իսրայելյանը ԿԸՀ նախագահ Ա. Սահրադյանին է ուղարկել մի նամակ, որում նշվում են իր հայտնաբերած մի շարք խախտումները։ Առանց մեկնաբանությունների պարզապես ներկայացնենք դրանք. 1. Ընտրական ցուցակները տեղամասերում փակցվել են մեկ օր ուշացումով, չեն հաստատվել համայնքի ղեկավարի ստորագրությամբ։ 2. Ցուցակների հետ չեն փակցվել տեղեկանքներ ցուցակներում անճխտությունների վերաբերյալ դիմումների ժամկետի, տեղի, դրանց կարգի եւ այլնի մասին։ 3. Ցուցակները չեն հանձնվել տեղամասային կենտրոնների տարածքը տնօրինող հաստատության ղեկավարներին։ 4. Ընտրական ցուցակներում տեղ գտած խախտումների մասին մարզային հանձնաժողովի եւ բազմաթիվ քաղաքացիների գրավոր դիմումները՝ ուղղված քաղաքապետին, մնացել են անպատասխան։ Արդյունքում, երեք անգամ փոխված ընտրացուցակներում դեռեւս մեծ թիվ են կազմում ամենատարբեր սխալները։ Քաղաքապետի թեկնածուն մտահոգիչ էր համարել, որ ընտրություններից հաշված օրեր առաջ ՄԸՀ-ում փոփոխվում են կառավարության կողմից հանձնաժողովի ներկայացուցիչները՝ հանձնաժողովի նախագահ Ս. Մեհրաբյանը եւ անդամ Մ. Մխիթարյանը։ Վերջիններիս փոխարեն ՄԸՀ-ում կառավարությունը կներկայացնեն «գործող քաղաքապետի քեռորդի Բորիս Թանանյանը (որը զբաղվել է ընտրացուցակների կազմմամբ) եւ քաղաքապետի աներոջ եղբայրը՝ Արտուշ Ամիրյանը»։ Մեջբերելով ԿԸՀ-ի նախագահին ուղղված նամակից այս հատվածները (նամակն ուղարկվել էր նաեւ խմբագրություն), ուզում ենք հուսալ, որ ԿԸՀ-ն համապատասխան քայլեր կձեռնարկի, մանավանդ ԿԸՀ-ի հանձնախումբն այսօր տեղում հնարավորություն կունենա թացն ու չորը զանազանել, սակայն ցանկություն կունենա՞ տարանջատել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել