Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՅՈՒՆՈՏ ՋԱԶ

Ապրիլ 23,2002 00:00

ԱՐՅՈՒՆՈՏ ՋԱԶ «Պապլավոկի» հարակից տարածքում ապրիլի 22-ին բողոքի ակցիայի անցկացման մասին դեռ անցած ուրբաթ հայտարարվել էր «Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: Երեկ էլ ժամը 19-ից քիչ անց բողոքի ցույցի մասնակիցները նախ հավաքվել էին «Ազատության» հրապարակում, որտեղից սեւ պաստառներով՝ «Ոչ ահաբեկչությանը», «Պահանջում ենք արդարադատություն», ուղղվեցին «Պապլավոկ», որտեղ նրանց արդեն սպասում էին ոստիկանության աշխատակիցները՝ սկսած Քաղաքային վարչության պետ Ա.Գիզիրյանից, մինչեւ հասարակական կարգի պահպանության, ՆԳՆ 7-րդ բաժնի, նաեւ՝ Հատուկ ծառայությունների՝ քաղաքացիական համազգեստավորներ: Մի պահ անգամ թվաց, թե ակամա այդ ցուցարարները մեր շարքային համաքաղաքացիներից իրենց թվաքանակով ավելի շատ են: Ինչեւէ: Սգո միտինգի մասնակիցները եկան ծաղիկներով եւ մոմերով «զինված», ավելի քան մեկ ժամ կանգնեցին «Պապլավոկին» հարող ջրավազանի դիմաց՝ ձեռքներին վառվող մոմեր բռնած: Որեւէ վանկարկում, բարձրաձայն հնչող պահանջ, աղմուկ չեղավ, ինչը, թերեւս, առաջին հերթին անակնկալ էր ոտքի հանված ոստիկանության համար: Մարդիկ պարզապես լուռ կանգնած էին: «Սրա ամբողջ իմաստն այն է, որ այստեղ՝ այս սրճարանում, նախագահի թիկնապահները մարդ են սպանել, իսկ մեղավորները պատժված չեն: Մենք հանրությանն ու այս փառատոնի մասնակիցներին հիշեցնում ենք. այստեղ նման դեպք է տեղի ունեցել, որին ո՛չ բարոյական, ո՛չ իրավական գնահատական այդպես էլ չի տրվել»,- պարզաբանեց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Վաղարշակ Հարությունյանը: Ի դեպ, հավանաբար, բոլորն են հիշում, թե Պ.Պողոսյանի սպանությանը հաջորդած օրերին կատարված սպանության բացահայտման, արդարադատության հաստատման մասին ինչպիսի հայտարարություններով էին հանդես գալիս ՀՅ դաշնակցականները, որոնք ո՛չ խայտառակ դատավարության ընթացքում, ո՛չ նախագահի թիկնապահ «Կուկու»-ի՝ «պայմանականի» վճիռը հրապարակվելուց հետո, ըստ էության, ծպտուն անգամ չհանեցին ու լռում են մինչ օրս: Այդ կուսակցության ներկայացուցիչներից երեկ կազմակերպված ակցիային ներկա էր, թերեւս, միայն Պ.Պողոսյանի եղբայրը՝ Անդրանիկ Պողոսյանը: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում կազմակերպված սգո ցույցը, վերջինս պատասխանեց. «Սրանից սկսվում է ամեն ինչ: Տեղի ունեցած խայտառակ դատավարությունից բողոքի սլաքը սկսելու է փոխվել դեպի նոր դատավարություն»: Մեր այն հարցին, թե ինքը դեռ հո՞ւյս ունի, որ այս երկրում արդար դատավարություն կլինի, Ա.Պողոսյանը պատասխանեց՝ «Ես այստեղի հետ հույս չեմ կապում: Իմ հույսը Եվրոպական դատարանն է»: Իսկ այն հարցին, թե ինքն ինչպես է գնահատում այն փաստը, որ կազմակերպված ակցիային ՀՅԴ-ն չի մասնակցում, պարոն Պողոսյանը խուսափեց պատասխանել՝ «Ես դաշնակցական եմ՝ հերիք չե՞մ: Ես չգիտեմ՝ Դաշնակցությանը հրավիրե՞լ են»: Ա.Պողոսյանը միաժամանակ կարծիք հայտնեց, թե կազմակերպված սգո ակցիան, թերեւս, իր ազդեցությունը կունենա այնտեղ՝ սրճարանում ջազ լսողների վրա. «Եթե մարդ են՝ այո, պետք է, որ ազդի»: Մեր այն հարցին ի պատասխան, թե տպավորություն է ստեղծվում, որ ՀՅԴ անդամ Պ.Պողոսյանի սպանությանն ավելի շատ հետամուտ են այլ կուսակցությունները, քան ՀՅԴ-ն, ՀԺԿ անդամ եւ ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանը նկատեց. «Մենք Պ.Պողոսյանի սպանությանը վերաբերվում ենք ոչ թե որպես որեւէ կուսակցության ներկայացուցչի, այլ՝ հայ մարդու սպանության, որը տեղի է ունեցել մեր երկրում, նախագահի թիկնապահների կողմից: Եվ Պ.Պողոսյանն ինչ կուսակցության անդամ էլ որ լիներ, պարզ է, որ մենք մեր ձայնը բարձրացնելու էինք: Միաժամանակ, ճիշտն ասած, ինձ զարմացնում է այս հարցում Դաշնակցության վերաբերմունքը: Այդ մարդիկ հետեւողական չեն: Սա ընդդիմության կամ իշխանությանը կողմ լինելու հարց չէ. մարդ են սպանել, որի համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Ինձ թվում է, որ ՀՅԴ-ն եւ մյուս կուսակցությունները, որոնք այս հարցում լռում են, ընդհանրապես խոսելու իրավունք չունեն որեւէ հարցի շուրջ»: Մեր այն հարցին, թե ցուցարարներն այսպես լուռ կանգնելու եւ գնալո՞ւ են, պարոն Զաքարյանը պատասխանեց. «Մենք սա համարում ենք ինչ-որ տեղ սգո միտինգ: Այստեղ ակմկելը համարում ենք ոչ տեղին: Միեւնույն ժամանակ ուզում ենք «Պապլավոկ» եկած մարդկանց, հյուրերին ցույց տալ, որ, ի վերջո, այս տարածքը մինչեւ իր վրայից Պ.Պողոսյանի «արյունը չմաքրի»՝ ինչը կարող է լինել արդարադատության հաստատումը, մինչեւ մեղավորները չպատժվեն, այս արյունոտ վայրում որեւէ միջոցառում անցկացնելը անբարոյականություն է: Ինձ թվում է՝ նորմալ մարդն այս ամենը տեսնելով չի կարող նստել-ջազ լսել: Մեր ակցիան ուղղված է ավելի շատ մարդկանց խղճին, ոչ թե լսողությանը»: Ցուցարարները սպասեցին մինչեւ մթնշաղ, հետո ծաղիկները նետեցին ջրավազան, մոմերն իջեցրին ջրի վրա ու նույնքան անձայն հեռացան: Իսկ «Պապլավոկում» ժամը 20-ին նախատեսված ջազ փառատոնը, այնուամենայնիվ, տեղի ունեցավ, իհարկե՝ մեկ ժամ ուշացումով: Մեր օտարերկրացի հյուր Նյուտոնը եթե երեկ էլ «Պապլավոկում» լիներ, հաստատ կասեր՝ «Այստեղ մարդ են սպանել, իսկ դուք ջազ եք լսում»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել