Լրահոս
Օրվա լրահոսը

Վենեսուելյան ձախողումը

Ապրիլ 20,2002 00:00

Վենեսուելյան ձախողումը Բազմիցս խոսվել է, որ ամերիկյան անճկուն ուժային արտաքին քաղաքականությունը վաղ թե ուշ բերելու է կոպիտ սխալների եւ ձախողումների։ Նման անհրապույր պատմություն տեղի ունեցավ Վենեսուելայում, որտեղ կատարվեց ռազմական հեղաշրջում։ Ավելի ճիշտ՝ հեղաշրջման փորձ։ Վենեսուելայի գվարդիականները Պեդրո Կարմոնեի գլխավորությամբ բռնագրավեցին երկրի իշխանությունը եւ հայտարարեցին օրինական ընտրված նախագահ Ուգո Չավեսի «հրաժարականի» մասին։ Բայց ընդամենը երկու օր հետո նախագահին հավատարիմ զորքերը դուրս շպրտեցին գվարդիականներին՝ զբաղեցրած դիրքերից, իսկ ժողովուրդը Չավեսին ձեռքերի վրա վերադարձրեց նախագահական պալատ։ Կարծես թե սա երկրի ներքին գործն է եւ, ընդհանրապես, հեղաշրջումը զարգացող երկրում սովորական երեւույթ է։ Բայց միանգամից ուշադրություն գրավեց այն փաստը, որ հեղաշրջման երկրորդ օրը, երբ բոլոր երկրները խուսափում էին գնահատական տալուց, ԱՄՆ-ն անսպասելիորեն վստահ հայտարարեց, որ կհամագործակցի Վենեսուելայի «նոր դեմոկրատական» իշխանությունների հետ։ Հետաքրքիր է, թե երբվանի՞ց ռազմական խունտան կարող էր դիտվել իբրեւ «դեմոկրատական» իշխանություն։ Պարզվում է, որ ԱՄՆ-ն վաղուց դժգոհ է, որ Վենեսուելան նավթ է վաճառում հարեւան Կուբային եւ սահմանափակում է նավթի արտահանումը այլ երկրներ (մասնավորապես՝ ԱՄՆ), ինչը հնարավորություն է տալիս նավթ արտահանող երկրներին բարձր պահել «սեւ ոսկու» գինը։ Հետաքրքիր է նաեւ, որ միաժամանակ նորաստեղծ խունտան հայտարարեց, որ կվերացնի բոլոր սահմանափակումները ԱՄՆ-ին նավթ տրամադրելու հարցում, ինչն, իհարկե, չհասցրեց իրականանալ։ (Ինչպիսի՜ անհաջողություն)։ Իշխանության վերադարձած Ուգո Չավեսը իր առաջին իսկ ելույթում ուղղակիորեն ասաց, որ հեղաշրջումն ուներ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին դրդապատճառներ եւ կապված է ԱՄՆ-ի հետ, իսկ ԱՄՆ-ի ռազմական ատաշեները Վենեսուելայում, Բրազիլիայում եւ Կոլումբիայում անմիջական մասնակցություն ունեն այդ իրադարձություններին։ ԱՄՆ-ն առաջ էլ խառնվել է այլ երկրների ներքին գործերին, բայց այդքան ակնհայտ կոպիտ եւ անհաջող, թվում է թե՝ առաջին անգամ։ Փաստորեն, պարզ երեւաց, որ ամեն քայլափոխի ժողովրդավարություն քարոզող ամերիկացիները կարող են մի ամբողջ երկրի ժողովրդավարական համակարգը զոհաբերել հօգուտ սեփական տնտեսական շահերի։ Լավ չէ, պարոնայք։ Գեղեցիկ չէ։ Շարունակելով նավթային թեման, նշենք, որ ֆրանսիական «Լե Մոնդի» հավաստմամբ, Ռուսաստանը նավթի արտադրությամբ եւ արտահանմամբ այժմ զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը, գերազանցելով Սաուդյան Արաբիային, ինչը դժվար թե ուրախացնի ԱՄՆ-ին։ Հիշեցնենք, որ Իրաքը դադարեցրել է նավթի արտահանումը ի պատասխան Իսրայելի ռազմական գործողությունների՝ պաղեստինցիների հանդեպ։ Դա, իհարկե, նույնպես կնպաստի նավթի գների բարձրացմանը։ Առիթ ունեցել ենք արդեն («Առավոտ», թիվ 68, էջ 17) զարմանք հայտնելու, որ ԱՄՆ-ն կարծես պատրաստ է պատերազմ սկսելու Իրաքի դեմ, անգամ արաբա-իսրայելյան պատերազմական գործողությունների շարունակման դեպքում։ Այսօր պարզվում է, որ գործն արդեն ավելի հեռուն է գնացել՝ Քոլին Փաուելի հետ բանակցությունների ժամանակ Իսրայելի վարչապետ Շարոնը հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է բոլոր միջոցներով սատարել ԱՄՆ-ին Իրաքի դեմ ապագա պատերազմում, եթե նրան թույլ տան վերջացնել ռազմական ակցիաները պաղեստինյան բնակավայրերում։ Հետաքրքիր առեւտուր։ Համենայնդեպս, այսօր Իրաքի հանդեպ սպասվող պատերազմից ավելի շուտ ոչ թե ահաբեկչության դեմ պայքարի, այլ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական նպատակների եւ նավթի հոտ է գալիս։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել