Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինոհեռանկար»

Ապրիլ 20,2002 00:00

«Կինոհեռանկար» «Ֆոքալ» շվեյցարական հիմնադրամի կողմից Հարավային Կովկաս այցելած չորս մասնագետներ ապրիլի 11-14-ը գտնվում էին Երեւանում։ «Կինեմատոգրաֆիական եւ աուդիովիզուալ արվեստի ոլորտում շարունակական ուսուցմանն ուղղված» այս հիմնադրամը ֆինանսավորվում է Շվեյցարիայի Զարգացման եւ Համագործակցության գործակալության կողմից (գործակալությունն ունի իր գրասենյակը Երեւանում)։ Եռօրյա այցի ընթացքում Փիեռ Աքթեն, Ջոել Քոմը, Քրիստոֆ Գերմանը եւ Դենիս Ռաբալիան «Ավանթի» ծրագրի շրջանակներում հանդիպումներ ունեցան հայ կինեմատոգրաֆիստների հետ։ «Ավանթի» ծրագիրը նպատակ ունի զարգացնել հարավկովկասյան երկրներում կինոարդյունաբերությունը՝ ստեղծագործական, իրավական եւ տեխնիկական մակարդակներում։ Խումբը հանդիպել է Տիգրան Խզմալյանին («Երեւան» ստուդիա), Սերգեյ Իսրայելյանին (Հայ կինոգործիչների միության նախագահ), «Հայֆիլմ» ստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանին եւ աշխատակազմին, մշակույթի փոխնախարար Կարեն Արիստակեսյանին, Ազգային հեղինակային իրավունքի գրասենյակի պատասխանատուներին, Նորարար-փորձառական արվեստի կենտրոնի տնօրեն Էդվարդ Բալասանյանին, «Սրբազան ծեսերի երկիր» ֆիլմի հեղինակ Մանուկ Գեւորգյանին եւ անկախ կինոգործիչների, բեմադրիչների, օպերատորների, սցենարիստների, Թատերական ինստիտուտի կինոյի բաժնի ուսանողների հետ։ ՆՓԱԿ-ում տեղի ունեցած հանդիպման ավարտին, ուր խմբի համար ցուցադրվեցին անցյալ տարի վենետիկյան բիենալեի մասնակիցների աշխատանքները, Փիեռ Աքթեն պատասխանեց մի շարք հարցերի։ Առաքելության նպատակն է Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում հանդիպումների միջոցով ծանոթանալ տարածաշրջանի կինոյի ոլորտին, հարցերին եւ պրոբլեմներին։ «Ավանթի» ծրագիրը վերջնական տեսքով կներկայացվի կինոգործիչներին։ Ծրագրով նախատեսվում է աշխատանքային սեմինարներ Թբիլիսիում՝ մեկուկեսամյա ժամանակահատվածում։ Հուլիսին ծրագիրը կներկայացվի եւ դիմորդները ընդունվելու դեպքում 45-օրյա սեմինարում կներկայացնեն իրենց ծրագրերը։ Կձեւավորվեն խմբեր, լավագույն ծրագրերին կընձեռվի հնարավորություն՝ տեխնիկական եւ ֆինանսական, ստեղծելու իրենց ֆիլմերը։ Փիեռ Աքթեն ասաց՝ իրենք հավատացած են, որ առաջիկա 10 տարիների ընթացքում տարածաշրջանը կարող է դառնալ եվրոպական երկրների կինոշուկայի լիարժեք մասնակից։ Իրենք չեն եկել կինոգործիչներին որեւէ բան սովորեցնելու, այլ օգնել՝ ներգրավվելու շուկա, փորձարկված մեթոդների օգնությամբ բարելավել կինոստեղծման աշխատանքի ընթացքը, ցուցաբերել տեխնիկական օժանդակություն։ Ծրագրի մաս է կազմում նաեւ սեմինարը՝ հեղինակային իրավունքի ոլորտի փաստաբանների համար։ Ծրագիրը նպատակ ունի հարավկովկասյան երկրների իրավաբաններին ծանոթացնել Եվրոպայի իրավական դաշտի հեղինակային իրավունքի ոլորտին։ Փիեռ Աքթեի կարծիքով, Հայաստանում սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակը, մարդկանց հոգեբանությունը, ստեղծագործ միտքը եւ բուռն իրադարձությունները հարուստ նյութ կտան կինոգործիչներին ստեղծելու լավ ֆիլմեր, այնինչ Շվեյցարիան խաղաղ երկիր է, չկան սուր իրավիճակներ։ «Մենք չեն ցանկանում պետական օգնություն բերել վերեւից ներքեւ, ցանկանում ենք ճանաչել եւ ճանաչեցնել Արեւելքի եւ Արեւմուտքի մոտեցումները։ Չենք ցանկանում ծրագիրը իրագործել առանց պրոֆեսիոնալների կարծիքի։ Կինոյի աշխարհը փոքրիկ ընտանիքի պես է, բացի, իհարկե, Հոլիվուդը, ընդունված դասական մեթոդները սպառվել են։ Շվեյցարիայում էլ է կատարվել այդ տեղափոխումը։ Մենք փորձում ենք վերլուծել եւ մշակել ֆորմուլաներ, մեր խնդիրն է ստեղծել հնարավորություն՝ ավելի արդյունավետ, արագ եւ ազդու դարձնելու կինոարտադրությունը եւ այն դուրս բերել կինոշուկա»։ «Ֆոքալի» մասնագետները ապրիլի 14-ին մեկնեցին Բաքու՝ ծանոթանալու ադրբեջանական կինոյին (եթե կա այդպիսին)՝ նույն առաքելությամբ։ Շվեյցարացիները 50-60 հայ կինոգործիչների հանդիպեցին, առիթ չունենալով նույնիսկ մեկ հայկական ֆիլմ տեսնել։ «Հոգ չէ,- ասաց Փիեռը,- Շվեյցարիայի սինեթեքում հարուստ արխիվ ունենք»։ Մեր սկսնակ եւ դեռ ոչ պրոֆեսիոնալ կինոգործիչները թող սպասեն, հուլիսին կգան «Ֆոքալի» գործիչները՝ լիքը ձեռքերով։ ՇԱՔԵ Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել