Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻՄՅԱՆՑ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ

Ապրիլ 20,2002 00:00

ՄԻՄՅԱՆՑ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ «Առավոտում» տպագրված «Մաուզերովը Դարբինյանն էր» հոդվածից հետո խմբագրություն էր եկել Հայաստանի ազգագրության եւ ազգային ազատագրական շարժումների պետական թանգարանի գեղարվեստական գործվածքի բաժնի վարիչ Աշխունջ Պողոսյանը: Նա զայրացած էր նույն թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Վրեժ Փիլոյանի այն արտահայտությունից, թե «թան գարանի բոլոր երեւանցի գիտաշխատողների գիտելիքները միասին ավելի պակաս արժեն, քան ընկեր Դարբինյանի արտասանած մեկ նախադասությունը»։ «Վլադիմիր Սարգիսիչին այդ աստիճան անհամեստ չհամարելով» հանդերձ՝ Ա. Պողոսյանն, այնուամենայնիվ, թվարկեց նրա եւ փոխտնօրենների որոշ աշխատանքային թերություններ։ Նախ պատմեց, որ թանգարանի երկրորդ հարկում պատն անձրեւաջրերից բավականին խոնավացել է, ինչը, ըստ Ա. Պողոսյանի, տնօրինության անուշադրության արդյունք է։ Ապա ցավով հիշեց նաեւ նախկինում կատարված մի դեպք, երբ շարունակ դիմել էին մշակույթի նախարարություն՝ քայքայված տանիքը վերականգնելու խնդրով, սակայն այդ ամենը մնացել էր անարձագանք։ Ու բանը հասել էր նրան, որ, ըստ Ա. Պողոսյանի, տանիքից անձրեւաջրերը նույնիսկ կաթկթացել էին մշակույթի նախարար Ռ. Շառոյանի վրա, երբ նա արտասահմանյան պատվիրակություն էր բերել թանգարան։ Ա. Պողոսյանը հաստատեց թանգարանի գիտական կազմի այն պնդումը, որ գլխավոր տնօրեն Վ. Դարբինյանը հազվադեպ է լինում Սարդարապատի թանգարանում։ «Իսկ այդքան ուշ-ուշ գալով հանդերձ՝ աշխատակիցների հետ ինչո՞ւ պետք է քաղաքական հարցեր քննարկի. պետական հիմնարկում նման գաղափարախոսություն տանելը համարում եմ խայտառակություն։ Թանգարանը հո քաղաքական պայքարի թատերաբե՞մ չէ»,- տարակուսեց գեղարվեստական գործվածքի բաժնի վարիչը։ Ա. Պողոսյանի կարծիքով, Սարդարապատի թանգարանում ոչ բոլորն են իրենց տեղում, իսկ ամենաշատը՝ գիտական գծով փոխտնօրեն Վրեժ Փիլոյանը. «Նա հեռու է թանգարանագիտությունից, քանի որ կոմունիստական կուսակցության պատմությունը սերտելը դեռեւս չի նշանակում ազգագրագետ կամ պատմաբան լինել»։ Ա. Պողոսյանին զարմացրել էր գիտգծով փոխտնօրենի այն արդարացումը, թե «գորգերը կորել են նախկին ղեկավարության օրոք, երբ հանրապետությունում ամեն ինչ գողացվում էր»։ Ա. Պողոսյանը նկատեց նաեւ, որ «գողության դեպքերը կատարվել են նույն ֆոնդապահի օրոք, սակայն վերջինս անգամ նկատողություն չի ստացել»։ Ի հակառակ նախկին գլխավոր ֆոնդապահ Էլիտա Ղազարյանի այն կարծիքի, թե կենտրոնական թանգարանների ցուցանմուշների վիճակն ավելի վատ է, քան իրենցը, Ա. Պողոսյանն ասաց. «Եթե անգամ այդպես էլ լինի, դա չի նշանակում, թե մեզ մոտ էլ նույն վիճակը պետք է տիրի»։ Ա. Պողոսյանը ցավով նշեց, որ ներկայումս թանգարանի հազվագյուտ, հարուստ հավաքածուն դատապարտված է ոչնչացման. «Դարակներում իրար վրա դարսված արժեքավոր գորգերին ու կարպետներին սպառնում են մկները, խոնավանալը, ցեցոտվելը։ Հնարավոր է մի քսան տարի հետո այլեւս հավաքածու չունենանք»։ Խնդրի լուծման միակ ճանապարհը, ըստ Ա. Պողոսյանի, գորգերի թանգարան ստեղծելն է, առաջարկություն, որի մասին ինքը եւ մյուս գիտնականները բազմիցս տեղյակ են պահել թե՛ թանգարանի տնօրինությանը, թե՛ վերին ատյաններին։ «Հայաստանում եղած բոլոր թանգարանների պահեստարանների մակերեսները կարող են ամենաշատը տեղավորել այնքան գորգ ու կարպետ, ինչքան ունեն հիմա։ Պատմության թանգարանը տեղ չունի, Ազգային պատկերասրահը՝ նույնպես, իսկ Ժողարվեստներինը՝ եղածն էլ չի կարողանում տեղավորել»,- մտահոգված է գեղարվեստական գործվածքի բաժնի վարիչը։ Ի տարբերություն թանգարանի ղեկավարության՝ նա գտնում է, որ թանգարանը թանգարան է իր ունեցած արժեքներով, հավաքածուներով, այցելուներին դիմավորելով ու, առաջին հերթին, գիտական կազմով եւ ոչ թե հավաքարարով, բանվորով կամ տեխնիկական աշխատողներով։ Թանգարանի ղեկավարության ներկայացրած՝ մեկ օրում 120-130 հոգուն պարգեւատրելու փաստն էլ Ա. Պողոսյանը այս կերպ է մեկնաբանում. «Գիտական կազմի բողոքներից հետո են բոլորին խրախուսել, երբ հետաքրքրվել ենք թանգարանի արտաբյուջետային մուտքերով»։ Ի դեպ, թանգարանի տնտեսական գծով փոխտնօրեն Հրաչ Մարտիրոսյանը մեզ տեղեկացրեց, որ շուտով թանգարանի հաշվեկշռում գտնվող «Վարդավառ» եւ «Հացատուն» ռեստորաններից վճարումներ են լինելու իրենց հաշվին («Վարդավառը»՝ ամսական 100 հազար դրամ, «Հացատունը»՝ 50), ինչը, կարծում ենք, երեւի թույլ կտա, վերջապես, վերականգնող մասնագետներին պայմանագրայինից դարձնել հաստիքային աշխատողներ։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել