Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ՝ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆՔ

Ապրիլ 20,2002 00:00

ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ՝ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆՔ Այս տարվա բուհերի ընդունելության կանոնները ներկայացնող «Առավոտի» հրապարակումից հետո խմբագրություն են զանգահարում դիմորդների ծնողները՝ պարզաբանումներ ստանալու չներկայացված որոշ հարցերի առնչությամբ։ Մասնավորապես նշել էինք, որ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական հանձնելու դեպքում ընդունվում են անվճար համակարգ՝ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով՝ ըստ մասնագիտությունների ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի։ Ծնողները հետաքրքրվում են՝ իսկ եթե դիմորդը չի ընդունվում անվճար ուսուցմա՞մբ։ Ընդունելության կանոնների համաձայն՝ այդ դեպքում նրանք վճարովի ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով։ Իսկ զինծառայությունից զորացրված այն դիմորդները, ովքեր կհայտագրեն միայն վճարովի ուսուցման տեղեր հատկացված մասնագիտություններ, բուհ են ընդունվում մրցույթից դուրս՝ ուսումնառության վարձը պարտադիր վճարելու պայմանով։ Նաեւ տեղեկացնենք, որ նախկին զինծառայողներին ըստ մասնագիտությունների հատկացվող անվճար տեղերի քանակը նշվում է դիմորդների համար նախատեսված տեղեկագրում հրապարակվող աղյուսակում։ Այնպես որ, մինչեւ տվյալ մասնագիտությամբ դիմելը, դիմորդը հնարավորություն ունի նախնական պատկերացում կազմել հնարավոր մրցույթի մասին։ Անվճար եւ վճարովի ուսուցման մրցույթները անց են կացվում կենտրոնացված կարգով եւ դրանց արդյունքները պետք է հրապարակվեն մինչեւ օգոստոսի 26-ը։ Մրցույթների արդյունքները հաստատում է Հանրապետական ընդունող հանձնաժողովը եւ պաշտոնական ցուցակները հանձնում բուհերին՝ հրամանագրման։ Ծնողներին նաեւ հետաքրքրում է քննությունից բացակայելու դեպքում հնարավոր տարբերակների հարցը։ Տեղեկացնենք, որ, ըստ կանոնների, քննությունների վերահանձնում չի թույլատրվում։ Անհարգելի պատճառով քննության չներկայացած դիմորդները զրկվում են տվյալ առարկայի քննությանը մասնակցելու իրավունքից։ Իսկ փաստաթղթով հաստատված հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդներին հնարավորություն է տրվում այն հանձնել 5-օրյա ժամկետում, եթե քննատախտակով տվյալ առարկայի քննությունը չի ավարտվել։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել