Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ուզում քանդել տրամվայի գծերը

Ապրիլ 20,2002 00:00

Ինչո՞ւ են ուզում քանդել տրամվայի գծերը Մի քանի ամիս առաջ Երեւանի քաղաքապետարանը դադարեցրեց թիվ 1 եւ 2 տրամվայների երթեւեկությունը։ Հիմա էլ ուզում է քանդել տրամվայի գծերը «Նաիրի» եւ «Այրարատ» կինոթատրոնների միջեւ ընկած հատվածում։ Թիվ 1 եւ 2 տրամվայների երթեւեկության դադարեցման որոշումը Երեւանի քաղաքապետարանը հիմնավորեց դրանց թերբեռնվածությամբ, այսինքն՝ ուղեւորների մեծ մասը դադարել է օգտվել նշված համարների տրամվայներից։ Թե ինչու է երեւանցիների մեծ մասը հրաժարվել օգտվել տրամվայից, տրոլեյբուսից, մետրոյից եւ գերադասում է երթուղային տաքսին, դժվար չէ հասկանալ։ Հայաստանի իշխանավորները, ԱԺ պատգամավորները եւ Երեւանի քաղաքապետարանի «հայրենասերները» լավ գիտեն, որ իրենց կողմից սահմանված հարկերը եւ հարկերի հավաքման ընթացքում գիտակցաբար թույլ տրվող ստվերայնությունը (կոռուպցիան) հնարավորություն են տալիս երթուղային տաքսիների տերերին եւ նրանց հովանավորողներին (տանիքներին) շահույթ ստանալ մինչեւ անգամ հիսուն դրամ ուղեվարձի դեպքում։ Իսկ որ հաշմանդամ կինը, որը իրավունք ուներ անվճար օգտվել թիվ 2 տրամվայից, կայարանից մինչեւ Էրեբունու թաղապետարան հիմա ոտքով է գնում թոշակի կամ նպաստի հարցերը լուծելու համար, Երեւանի քաղաքապետարանին եւ երկրի ղեկավարներին չի անհանգստացնում։ Երեւանի քաղաքապետարանը, չբավարարվելով թիվ 1 եւ 2 տրամվայների երթեւեկությունը դադարեցնելով, հիմա էլ ուզում է քանդել տրամվայի գծերը։ Ինչո՞ւ է քաղաքապետարանը շահագրգռված գծերի քանդմամբ, դժվար է հասկանալ։ Չէ՞ որ տարիներ հետո նոր ղեկավարները կարող են գտնել միջոցներ՝ տրամվայներ աշխատեցնելու համար։ Հետո քանդելու եւ փողոցները վերանորոգելու համար շատ ծախսեր կպահանջվեն, իսկ ներկա քաղաքապետարանը հիմա չունի այդ միջոցները։ Երեւի քաղաքապետարանը նախատեսել է տրամվայի գծերից ազատված այն հատվածը, որը գտնվում է Միքայել Նալբանդյանի եւ Գրիբոյեդովի արձանների միջեւ, Գետառի հունի մակերեսի հետ միասին վաճառել պաղպաղականոցների եւ սրճարանների տերերին՝ բարձր գներով, ինչը ձեռնտու կլինի շատերին, ինչպես հիմա արվում է «Հյուսիսային պողոտայի» կառուցապատման պարագայում, որը «միջնադարյան Երեւանը» կդարձնի ժամանակակից քաղաք։ ՄԵԼԻՔ ԽԱՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել