ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ Այսօր անպտուղ են դառնում բանավեճերը բանկային ճգնաժամի առկայության շուրջ, քանի որ չի հստակեցվում, թե ինչ է հասկանում յուրաքանչյուր բանավիճող՝ բանկային ճգնաժամ ասելով: Ընդամենը կարելի է արձանագրել հետեւյալ երկու հանգամանքը. նախ վերջին կես տարվա ընթացքում տեղի է ունեցել փողերի զգալի «փախուստ» բանկային համակարգից, որը բնութագրում է բանկային համակարգի վստահության եւ հուսալիության աստիճանը, եւ սնանկացման օրենսդրությամբ սահմանված ռեժիմում հայտնված բանկերի ակտիվների տեսակարար կշիռը մոտենում է 20%172ի, իսկ եթե գումարենք նաեւ նորմալ դաշտում գործող պրոբլեմային բանկերը՝ ապա գերազանցում է 30%-ը: Սա է իրական պատկերը, անկախ նրանից, թե ինչ անվանում կդրվի: Սակայն այն հասկանալու եւ վերլուծելու համար անհրաժեշտ կլինի մի փոքր պատմական ակնարկ անել: 1993թ. ընդունվեց բանկային օրենսդրությունը եւ 1994-ին սկսվեց Կենտրոնական բանկի ինստիտուցիոնալ ձեւավորումը: Այդ ժամանակ գործում էին 70-ից ավելի բանկեր, որոնց գերակշռող մասը դժվար էր նույնիսկ անվանել բանկ: Այդ ժամանակաշրջանը կարելի է բնութագրել որպես բանկային եւ ֆինանսական լուրջ ճգնաժամի տարիներ: Հետագա 3 տարիների ընթացքում բանկերի թիվը նվազեց մինչեւ 33՝ այդ տարիներին ստեղծվեցին մոտ մեկ տասնյակ նոր բանկեր, այսինքն ասպարեզից վերացավ շուրջ 40 բանկ: Մի մասը լուծարվեց, չդիմանալով մրցակցությանը եւ կապիտալի ավելացման պահանջին (տարեկան միջինը 200.000 ԱՄՆ դոլարով ավելանում էր կապիտալի նվազագույն պահանջը), մի մասը ապօրինի գործողությունների հետեւանքով զրկվեց լիցենզիայից: Մասնավորապես,1993-1994թթ. ընթացքում ձեւավորվեցին մի քանի ֆինանսական բուրգեր, որոնք բարձր տոկոսներով (ամսական մինչեւ 50%) միջոցներ էին ներգրավում բնակչությունից: Սրանց շարքում էին բանկեր՝ «Արմենիա», «Նոյ», «Նաիրի-92», «Արեւելա-Հայկական», եւ մի շարք ոչ բանկային կազմակերպություններ՝ «JMZ», «Նորինվեստ», «Սիփան-1» եւ այլն: Սրանցից ամենախոշորը «Արմենիա» բանկն էր, ուր կարողացել էին ֆիզիկական անձանցից ներգրավել մոտ 2.8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, հիմնականում ռուսական ռուբլով: Այս իրավիճակի օբյեկտիվ պատճառներն էին. հիպերինֆլյացիան եւ դրամի կտրուկ արժեզրկումը, պետական վերահսկող կառույցների թուլությունը կամ բացակայությունը: Մասնավորապես բանկային վերահսկողության ինստիտուտը սկսեց ձեւավորվել 1994թ. երկրորդ կեսից եւ այդ կառույցի կայացումն ավարտվեց մեկ տարի անց՝ 1995թ. վերջերին: Այդ ընթացքում հաջողվեց կասեցնել ֆինանսական «փուչիկների» եւ բուրգերի գործունեությունը եւ ստեղծել այնպիսի օրենսդրական դաշտ, որը խիստ դժվարացնում էր նման կառույցների ձեւավորումը ապագայում: Սակայն այս համեմատական կայուն իրավիճակն ուներ իր սահմանները, քանի որ թե՛ տնտեսության ռեալ հատվածի, թե՛ պետական այլ ինստիտուտների զարգացումը ադեկվատ չէր բանկային համակարգի զարգացման տեմպերին եւ միտումներին: 1997-2001թթ. ընթացքում բավական արագ տեղի էր ունենում բանկերի ակտիվների գույքացում՝ աշխատող դրամական ակտիվները վերածվում էին չաշխատող գույքային ակտիվների: Բանկերը ստիպված էին պարտավորությունների դիմաց տիրանալ գրավադրված գույքին, մի կողմից այդ ակտիվները տոկոս չէին բերում, այսինքն դառնում էին չաշխատող, մյուս կողմից՝ տնտեսության ընդհանուր վիճակը եւ մասնավորապես անշարժ գույքի շուկայի թերզարգացածությունը խիստ դժվարացնում էին դրանց իրացումը իրական արժեքով: Գույքացված ակտիվները գերազանցում են կապիտալի ցուցանիշը՝ այսինքն գույքացվել է նաեւ ներգրավված միջոցների որոշակի մասը: Այս երեւույթի բացասական հետեւանքները դեռ երկար ժամանակ իրենց ազդեցությունն են թողնելու բանկային համակարգի զարգացման վրա: Բացի դրանից, որոշ բանկեր եւ դրանց հաճախորդներ իրատեսական չգնահատելով տնտեսական պրոցեսները, ներդրումային բնույթի խոշոր վարկեր էին տրամադրել 2-3 տարով՝ այնպիսի ճյուղերում, ուր ներդրումների ետ գնման ժամկետները կազմում են առնվազն 8-10 տարի: Արդյունքում սնանկացման վտանգի առջեւ հայտնվեցին եւ վարկառուները, եւ նրանց սպասարկող բանկերը: Այս պարագայում բանկերի գործունեության բարձր շահութաբերության մակարդակը որոշ չափով փոխհատուցում էր այն վնասները, որ բանկերը կրում էին վատորակ ակտիվների (հիմնականում՝ վարկերի) կորուստներից: Շահութաբերության բարձր մակարդակը ապահովվում էր տնտեսությունում ձեւավորված բարձր տոկոսադրույքների հաշվին, մասնավորապես պետական պարտատոմսերի եւ այլ գործիքների բարձր շահութաբերության մակարդակի հաշվին: ՊԿՊ-ների շահութաբերությունը 98-99թթ. կազմում էր 50-70%, միջբանկային շուկայի տոկոսադրույքները տատանվում էին 35-40%172ի շուրջ, ներգրավված եւ տեղաբաշխված միջոցների տոկոսադրույքների մարժան կազմում էր 20-25 տոկոսային կետ: Սկսած 2000թ. վերջից, ՊԿՊ-ների եկամտաբերությունը նվազեց մինչեւ 24-28%, իսկ այս տարվա սկզբին կազմեց շուրջ 13%: Համապատասխանաբար նվազեցին բոլոր մնացած գործիքների տոկոսադրույքները: Շահութաբերության մարժան իջավ մինչեւ 6-10% եւ այս պարագայում ընթացիկ շահութաբերությունը արդեն չէր ծածկում ակտիվների կորուստներից առաջացած վնասները: Զարգացումները ցույց տվեցին, որ տոկոսադրույքների նման նվազումը, որը արդյունք էր խիստ սեղմողական մոնետար քաղաքականության, համարժեք չէր տնտեսության իրավիճակին եւ հանդիսացավ բանկային համակարգում այսօր տեղի ունեցող երեւույթների սուբյեկտիվ պատճառներից մեկը: Բանկերի տնտեսական նորմատիվների կոշտացումները (խոսքը առաջին հերթին վերաբերում է բանկերի կապիտալի հաշվարկից գույքային մասի նվազեցումներին) հանդիսացան իրավիճակի երկրորդ սուբյեկտիվ պատճառը: Նորմատիվների խստացումները կարեւոր են բանկային ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից, եթե հաշվի են առնվում բոլոր մյուս գործոնները: Մյուս կողմից նորմատիվային դաշտի քանակական խստացումներն ունեն իրենց թե տնտեսական, թե տրամաբանական սահմանները: Ավելի արդյունավետ կլիներ կապիտալի նվազագույն պահանջը հասցնել 5 մլն դոլարի ոչ թե 2005թ, այլ շատ ավելի սեղմ ժամկետներում, որը միակ տնտեսական լծակն է բանկային համակարգի խոշորացման՝ ցանկացած այլ լծակ իր մեջ պարունակում է ոչ շուկայական, վարչական մեթոդներ: Կարելի էր ենթադրել, որ այս պայմաններում որոշ բանկեր կփորձեն լուծել իրենց նվազող կապիտալի խնդիրը ի հաշիվ ֆինանսական «փուչիկներ» կառուցելու՝ ավելացնելով կապիտալը վարկային ռեսուրսների հաշվին: Ըստ էության՝ այդպես էլ եղավ, սակայն Կենտրոնական բանկի վերահսկողության ծառայությունը ի վիճակի չեղավ ժամանակին բացահայտել այդ «փուչիկները» եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ: 3-րդ սուբյեկտիվ պատճառը բանկային վերահսկողության ոչ արդյունավետ եւ ոչ համարժեք գործողություններն են՝ ստեղծված իրավիճակում: Բանկային վերահսկողության ցածր արդյունավետության մասին է վկայում նաեւ այն, որ վերջին օրենսդրական փոփոխությունները, որոնք զգալիորեն բարձրացրին Կենտրոնական բանկի ներազդելու լծակները բանկային համակարգում ընթացող պրոցեսներին, բացարձակ դրական ազդեցություն չունեցան իրավիճակի վրա: Կարելի է արձանագրել, որ Հայաստանի բանկային վերահսկողությունը դուրս է մնացել այն պրոցեսներից, որոնք տեղի են ունենում միջազգային ասպարեզում: Բոլոր զարգացած եւ շատ զարգացող երկրների բանկային վերահսկողության ինստիտուտներ որդեգրում են նոր մեթոդաբանություն եւ գաղափարախոսություն, որի մասին մեզանում նույնիսկ չի ակնարկվում: Այն կառուցվածքային փոփոխությունները, որ այսօր տեղի են ունենում բանկային վերահսկողությունում, ունեն ընդամենը կոսմետիկ բնույթ: Իսկ ոչ հեռավոր անցյալում Հայաստանի բանկային վերահսկողությունը այն կառույցն էր, որը ստեղծել եւ ղեկավարում էր բանկային վերահսկողության բազելյան կոմիտեի Կենտրոնական Ասիայի եւ Անդրկովկասի տարածքային խումբը, որին միացել էր նաեւ Ռուսաստանի Կենտրոնական բանկը, եւ որի հետ հաշվի էին նստում միջազգային ֆինանսական կառույցները: ՌՈՒԲԵՆ ՎԱԼԵՍՅԱՆ