Լրահոս
Օրվա լրահոսը

Մոնոպո՞լիա, թե՞ չմոնոպոլիա

Ապրիլ 20,2002 00:00

Մոնոպո՞լիա, թե՞ չմոնոպոլիա Նախորդ համարում անդրադարձել էինք ՀԱՈՒ-ի փլուզման պատճառներից մի քանիսին։ Նաեւ այն փաստին, որ ՀԱՈՒ ղեկավարությունը նախաձեռնել էր տոմսերի վաճառքի գլխավոր գործակալի դերը հանձնել «Ավիատրանսին»։ Այս հարցն, իհարկե, այժմ դադարեցված է, սակայն փորձեցինք ավիացիայի ոլորտի տարբեր մասնագետների միջոցով պարզել, թե վերոհիշյալ իրականացումն ինչ հետեւանքներ կունենա։ Նշենք, որ կարծիք հայտնող որեւէ անձ չցանկացավ իր անունից հանդես գալ։ Որոշ մասնագետների կարծիքով, ավիատոմսերի վաճառքում գլխավոր գործակալի ինստիտուտը, որ շատ ընդունված ձեւ է, կարող է ՀԱՈՒ-ին օգնել։ Ըստ այս կարծիքի կողմնակիցների, ՀԱՈՒ տոմսերի վաճառքով զբաղվող գործակալությունները խոշոր պարտքեր ունեն եւ ՀԱՈՒ-ն չի կարող դա վերահսկել կամ ժամանակին ստանալ։ Եվ գլխավոր գործակալը կարող է այդ ոլորտը կարգավորել՝ իր վրա վերցնելով ֆինանսական ռիսկերի կառավարումը։ Այս կարծիքը կիսող մի մասնագետ մեզ ներկայացրեց ՀԱՈՒ-ի մի փաստաթուղթ ավիատոմսերի վաճառքի վերաբերյալ, ըստ որի, 38 ավիագործակալներ 2002թ. մարտի տվյալներով, 228, 515, 360 մլն դրամ պարտք են ունեցել ՀԱՈՒ-ին։ Ասում են, թե դեպքեր են եղել, որ գործակալների (փախուստի են) պատճառով ՀԱՈՒ-ն վնասներ է կրել. օրինակ՝ «Քարավան», «Նաիրի-թրավել» ՍՊԸ-ները եւ այլն։ Ի հակադրություն սրա, գերիշխող կարծիք կա, թե գլխավոր գործակալի դերը տալով մի կազմակերպության (որը նույնպես ավիատոմսերի գործակալ է), մենաշնորհային քաղաքականություն է տարվում։ Այս տեսակետը կրողների պնդմամբ, աշխարհի որեւէ երկրում չկա մի դեպք, երբ ավիաընկերությունն իր երկրում ավիատոմսերի վաճառքի գլխավոր գործակալ ունենա։ Եվ «Այաթա» միջազգային ընկերությունն էլ իր փաստաթղթերում նշում է, որ իրեն անդամակցող, հավատարմագիր ունեցող որեւէ ավիաընկերություն չի կարող նույն տարածքում գլխավոր գործակալ հանդիսանալ։ «Եթե ՀԱՈՒ-ի բազաները կենտրոնացած են Հայաստանում, ուրեմն ՀԱՈՒ-ն էլ հենց իր գլխավոր գործակալն է։ Այլ երկրներում կարող են գլխավոր գործակալներ ունենալ, եթե չեն ցանկանում ներկայացուցչություն բացելու հետ կապված կազմակերպչական մեծ ծախսեր կատարել։ Այդ այլ երկրում մի կայացած ավիաընկերության հետ կարող են գլխավոր գործակալի պայմանագիր կնքել, ինչպես «Լեւոն Թրավելը» ժամանակին ՀԱՈՒ-ի գլխավոր գործակալն էր ԱՄՆ-ում եւ այլն։ Քո երկրում գենագենտ ունենալը նոնսենս է»,- ասաց ՔԱԳՎ նախկին մի մասնագետ։ ՀՀ-ում ՀԱՈՒ-ի գլխավոր գործակալ ունենալու գաղափարի կողմնակիցները այս գործընթացի խափանման պատճառ են համարում ավիատոմսերի գործակալներին, որոնց ձեռնտու չէ վերահսկողությունը, մեծ պարտքեր ունեն ՀԱՈՒ-ին, ինչպես եւ՝ անձնական շահեր։ ՔԱԳՎ մի աշխատակցից եւ որոշ գործակալներից փորձեցինք ճշտել գործակալների պարտքերի մասին մեր ունեցած տվյալները։ ՔԱԳՎ աշխատակիցն ասաց. «Դա անհեթեթություն է, այդ թիվն աչքաչափով է հաշվարկված, թե տվյալ դեկադայի վաճառքը տվյալ օրվա դրությամբ որքան պետք է պարտք լինի։ Դրանից հանում են փաստացի վճարած չափը եւ ստացվում է՝ որքան է իբր պարտք այդ գործակալությունը»։ Տարօրինակ է, որ ՀԱՈՒ-ն իրեն պարտքերը աչքաչափով է հաշվարկում, սակայն նաեւ անխուսափելի է, որ մի շարք գործակալություններ խոշոր պարտքեր ունեն կուտակած եւ ժամանակին չեն կատարում վճարումները։ Այնուամենայնիվ, փաստաթուղթը մեզ մոտ է։ Ինչեւէ, առայժմ այս հարցի ընթացքը մեր տվյալներով դադարեցված է։ Այս հարցի շուրջ զրուցեցի բազմաթիվ մասնագետների հետ։ Գերիշխող կարծիքը չմոնոպոլիզացնելն է եւ իբրեւ շարունակություն այս տեսակետի, նշենք եւս մի կարծիք. «Մոնոպոլիա կդառնա, եթե այդ հարցին ընթացք տրվի. եթե գլխավոր գործակալը, որը մյուսների պես ավիատոմսերի վաճառքի գործակալ է (բայց ավելի խոշոր եւ պրոֆեսիոնալ), կարող է վերացնել մյուսներին, քանի որ ինքն էլ մրցակից է մյուս բոլոր գործակալներին։ Ի՞նչ է նշանակում, թե եթե ՀԱՈՒ-ն իր երկրում հանձինս այլ ընկերության գլխավոր գործակալ ունենա, կարող է գործակալների պարտքերը ստանալ։ Դա բլեֆ է, ինչպե՞ս կարող է ՀԱՈՒ-ն իր պարտքերը չհավաքել։ Գողական աշխարհում է այդպես. ասում են՝ պարտքս քցում եմ վրադ՝ գնա ստացի։ Գողական երկի՞ր ենք դառնում… Ազատ մրցակցությունն է ճիշտ այլ ոլորտում»։ Տոմսերի վաճառքի գլխավոր գործակալի դերը վերահսկողությունը չէ, այլ ենթագործակալական հզոր ցանցի ստեղծումն է, որը տվյալ շուկայում երաշխիք է հանդիսանում մրցունակությունը այլ ավիաընկերությունների նկատմամբ ապահովելու համար։ Այս կարծիքին հակադրվում է մեկ ուրիշը. «Բլեֆ է, թե «Այաթայի» փաստաթղթերում նշված է, որ իր երկրում չի կարող լինել գլխավոր գործակալ։ Վերջերս Մոսկվայում «Աերոֆլոտը» գլխավոր գործակալ է նշանակել մի ընկերության։ Մենաշնորհ բառը մեզանում գործածվում է ոչ իր բուն իմաստով։ Ես զարմանում եմ, որ ասում են, թե գլխավոր գործակալը կարող է վերացնել մյուս գործակալներին. գլխավոր գործակալը շահագրգռված է մաքսիմալացնել գործակալների ցանկը, որպեսզի իր միջնորդավճարները մեծանան եւ ինքն ավելի շատ գումար աշխատի։ Հետաքրքիր է, որ ՀԱՈՒ-ի մասին ավելի քիչ ենք մտածում եւ գործակալների շահերն ենք քննարկում։ Սա ՀԱՈՒ-ի համար ճիշտ է, որ ֆինանսական մեծ կորուստների վտանգ չունենա»։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել