Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԻՃԱԿԻ ԵՆԹԱԿԱ ԱԶԳԻՑ ԴԱՌՆԱՆՔ ՎԻՃԱԿ ԿԵՐՏՈՂ ԱԶԳ»

Ապրիլ 20,2002 00:00

«ՎԻՃԱԿԻ ԵՆԹԱԿԱ ԱԶԳԻՑ ԴԱՌՆԱՆՔ ՎԻՃԱԿ ԿԵՐՏՈՂ ԱԶԳ» Հարցազրույց ՀՀ առաջին արտգործնախարար, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ -Պարոն Հովհաննիսյան, նորաստեղծ «Քաղաքացիական ազգային նախաձեռնությունն» ի՞նչ խնդիրներ է դնում իր առջեւ: – «Նախաձեռնության» հիմնական խնդիրը Հայաստանի հանրությանը, քաղաքացիներին ինքնալիազորման հրավիրելն է: Մենք հավատացած ենք, որ ժողովրդավարական, քաղաքացիական, ազգային հանրությունը կարող է կայանալ միմիայն այնժամ, երբ հանրություն կազմող անհատ քաղաքացիներն իրենց զգան հասարակական գործընթացների մասնակից, պետական օղակների համակշռման երաշխավորներ, իրավիճակի տերեր եւ վերջին հաշվով՝ պատկանողներ: Այս տարիներին հասարակության մեջ պակասել է պատկանելության պահանջարկը. շարքային հայ քաղաքացին՝ բանվոր, մշակ, թե մտավորական, իրեն չի զգում երկրի ու պետության ճակատագրին կապված եւ այն ստեղծող անձ: «Նախաձեռնությունն» ամեն ինչ պետք է անի, որպեսզի հայ քաղաքացին գտնի իր մեջ այդ՝ իրավիճակի կերտողը լինելու լիազորումը: – Ո՞ւմ հետ եք համագործակցելու, ովքե՞ր են Ձեր հավանական դաշնակիցները: – Ընդգծեմ՝ համագործակցելու ենք բոլոր ուժերի հետ, որոնք քաղաքացիական, ազգային եւ նախաձեռնող ոգի ունեն, որոնք կիսում են մեր հանձնառությունը՝ երկիրը վերադարձնել մարդու, քաղաքացու, ժողովրդի իշխանությանը: Ցանկացած հաջողակ իշխանության քաղաքականության ակունքը ժողովուրդն է: Սա գեղապաշտ խոսք չէ, իրականություն է: Եթե մենք՝ կամ որպես «Նախաձեռնություն», կամ իշխանություն եւ կամ ընդդիմություն հեռանանք այդ ակունքից, ուրեմն կդատապարտվենք ձախողման: Իսկ հնարավոր դաշնակիցները կուրվագծվեն կոնկրետ գործողություններից, դիրքորոշումներից ելնելով: – Դուք պատրա՞ստ եք քաղաքական պայքարի: Մտադի՞ր եք առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել Ձեր թեկնածությունը: – Պայքարի պատրաստ ենք բոլորս: Եվ՝ առաջիկա տարվա ընտրական տարբեր հանգրվաններում, սակայն, կարեւորը ոչ այնքան թեկնածուի անձն է, որքան թեկնածությունը՝ որպես հավաքական հասկացություն: Աներկբա է. «Նախաձեռնությունը» մասնակից լինելու է այդ հանրային թեկնածության սահմանմանն ու ճշգրտմանը: Մնացածը տարբեր չափանիշների բավարարման խնդիր է՝ ժողովրդի հենարան, անհատի կամք, քաղաքացիների նախաձեռնություն: Միով բանիվ՝ եւ նախագահական, եւ խորհրդարանական, եւ տեղական ընտրություններին կմասնակցենք հանրության ներուժի շինիչ աշխուժությամբ: – Ձեր կարծիքը՝ Հայաստանի այսօրվա քաղաքական մթնոլորտի մասին: – Մեր հավատամքն է՝ Հայոց պատմության եւ պետականության ժառանգականությունը: Մենք տեր ենք դրան՝ իր սրընթաց վայրիվերումներով ու անհարթություններով, իր առավելություններով, ճիշտ ու սխալ քայլերով հանդերձ: Մենք նաեւ հավասար բաժնեկիցն ու պատասխանատուն ենք նվաճումների եւ բացթողումների: Ներկա իշխանությունների շարքում կան առանձին աստղեր, բայց համաստեղությունը, ըստ էության, չի գործում. ցավալի է, որ հետադարձ կապը իշխանության սկզբնաղբյուր՝ ժողովրդի հետ խզվել է: Այսօրվա բոլոր քաղաքական դերակատարների՝ իշխանությունների, ընդդիմության եւ հասարակության մրցահրավերն է վերադարբնել այդ անհրաժեշտ շղթան: Ընդդիմության մասին. կառուցողական, մտածող ուժեր կան, սակայն ընդդիմությունը որպես արժեք պետք է բյուրեղանա, առավել կառուցված ու կազմակերպ դառնա, ավելի ճկուն ու հեռատես արձագանքի օրախնդիրներին: Եվ չմոռանա Աստվածաշնչի խորհուրդը՝ առաջինները կդառնան վերջիններ եւ վերջինները՝ առաջիններ: Ամեն ոք պիտի միշտ հիշի, որ հետոն լինելու է: – Պարոն Հովհաննիսյան, «Նախաձեռնությունը» առաջիկայում մտադի՞ր է վերափոխվել կուսակցության: Ձեր ակտիվությունը կարելի՞ է նախընտրական մեկնարկ համարել: – Ոչ, «Նախաձեռնությունը», որպես հասարակական կազմակերպություն, կմնա օրենքի սահմաններում՝ իր հարցերը դնելով հանրային շրջանակներից ներս: Մնացյալը՝ թե ինչ կպատահի զարգացումների հոլովույթում, դա արդեն կծավալվի հանրության աչքերի առաջ եւ մասնակցությամբ: Երբեք կուսակցական չեմ եղել: Իմ կարծիքով Հայաստանում չափազանց մեծ է կուսակցությունների քանակը, որը պիտի բնականոն գործընթացներով հասնի ավելի ընդունելի աստիճանի: Ես դեմ եմ ինքնանպատակ նոր կառույց ստեղծելուն: Պարկեշտ պատասխանը կլինի այն, որ հիմա ոչինչ չի կարելի բացառել, բայց առաջին հերթին մենք ուզում ենք, որ Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը կայանա՝ իր հստակ հասարակական առաքելությունը կատարելով: Եվ եթե այն ճիշտ ծավալվի՝ ներառելով ժողովրդի լայն շերտերին, ապա այս հարցի պատասխանը պարզորոշ կերեւա: – Հայաստանի ներկա արտաքին քաղաքականության Ձեր գնահատականը: Ինչպիսի՞ն պետք է լինի այն: – Մեր քաղաքականության մեջ ունենք շատ ավելի մեծ կարողականություն, քան արտացոլվում է այսօր: Մինչ օրս՝ մենք, փաստորեն, ոչ թե ընդգրկող, այլ բացառող ներքին ու արտաքին քաղաքականություն ենք տարել: Դա հիմնականում իշխանությունների պատասխանատվությունն է, որովհետեւ իրենք են, որ պիտի կարողանան համալիր, համապարփակ եւ ոչ թե հատվածական քաղաքականություն առաջարկել: Հասկանալի է, որ ցանկացած իշխանության վրա կան մեծ ճնշումներ, այն տարբեր նկատառումների եւ գործոնների ներքո է աշխատում, հարգում եմ նրա գործը. սա որպես սկզբունք վերաբերում է եւ նախկին, եւ ներկա, եւ գալիք նոր իշխանություններին: Ես դեմ եմ մակերեսային եւ գեղեցկահունչ պատասխաններ տալ այս հարցերին, բայց եթե լիներ պետական շահի գիտակցում եւ լինեին իշխանություններ, որոնք իսկապես վեր էին հատվածականությունից եւ ոչ պետական շահ հետապնդող խնդիրներից, մենք պիտի կարողանայինք ավելի բարձր հարթության վրա լինել: Զանազան օրինակներ կան. Արցախի խնդրի կարգավորման բանակցություններում, որտեղ, փաստորեն, հայաստանյան եւ հայ ժողովրդի այն հայեցակարգը, թե սա ինքնորոշման ու ապագաղութացման խնդիր է եւ առաջին հերթին արցախահայության որոշելիք հարցը, Հայաստանի վարած քաղաքականությամբ եւ իշխանությունների ներգործությամբ հօդս ցնդեց՝ Արցախին դուրս մղելով բանակցային իսկական գործընթացներից: Մեր դիվանագիտության թուլության նշան է նաեւ այն փաստը, որ Հայաստանի տարածքային ամբողջականության մաս կազմող որեւէ տարածք կամ անգամ մի կետ մտավ բանակցությունների օրակարգ: Հայտարարեցին՝ ի՞նչ կա որ, պետք է ամեն ինչ քննարկել, իսկ հետո հերքեցին: Սա ցույց է տալիս, որ մենք այդպես էլ չկարողացանք հասկանալ, թե որտեղ են գտնվում բանակցության բարոյաքաղաքական սահմանները: Չենք կարող չընդգծել, որ հրամայական է դարձել հարեւան պետությունների նկատմամբ տարվող քաղաքականության շեշտադրության արդիականացումը: Համարժեք կարեւոր է, որպեսզի Հայաստանը, քաղելով (ու երբեք չուրանալով) անցյալի դասերը եւ ելնելով ընթացիկ իրականությունից ու գալիք հեռանկարներից, շարունակի իր երկու անհաշտ դրացիների հետ ունեցած հիմնախնդիրները կարգավորելու հասունացած գործընթացը: Սա, իհարկե, ենթադրում է փոխադարձ հարգանք, քաղաքական կամք եւ շահի սկզբունքային ընկալում: Այս քայլերի համար, չի բացառվում, որ հասարակական պահանջով ի հայտ պետք է գա ազգային առաջնորդների բոլորովին նոր սերունդ: Վաղ թե ուշ նրանք կզգան հարաբերությունների բարելավման գործընթացի անհրաժեշտությունը, որը ճշգրիտ ուղեկցության դեպքում հնարավորություն կտա վերջնականապես լուծել այնպիսի խրթին հիմնահարցեր, ինչպիսին Ցեղասպանության ժառանգությունն է, Լեռնային Ղարաբաղի ազատությունը, տարածաշրջանային կոլեկտիվ անվտանգության միասնական համակարգի ստեղծումն ու գործառումը: – Ձեր կարծիքը ԶԼՄ-ների խնդիրների, ստեղծված իրավիճակի մասին: Ձեր հիմնադրած նոր օրաթերթը՝ «Օրրանը» եւ «Հայացք Երեւանից» ամսագիրը ի՞նչ առաքելություն ունեն: – Մեր «Օրրանով» ու «Հայացքով» ասում ենք հետեւյալը՝ մենք եւ անցյալ ենք, եւ ներկա, եւ հատկապես ապագա: Մեր համեստ քայլ ու միջոցով դիտարկում ենք մի նոր որակ, որ հիմնված չէ անձնավորված ցեխարձակումների, դիպվածային ու մանր խնդիրների լուծման վրա, այլ ուզում ենք այն դրոշը բարձրացնել, որը միտված է ապագային: Լրատվական-տեղեկատվական դաշտում աշխատելու ենք նվաճել այն մակարդակը, որը երաշխավորում է բազմակարծությունը, պատասխանատու տեսակետների մրցակցությունն ու բախումը՝ որպես ճշմարտություն որոնելու ամենաբանական, ժամանակակից եւ փորձված եղանակ: Հավատո մեր հանգանակի հիմքում՝ դարձյալ եւ ընդմիշտ, ժառանգականությունն է, որի կրողն ենք մենք: Իսկ այս լույսի ներքո՝ ազատ խոսքը բացարձակ արժեք է: Դա վերաբերում է եւ «Ա1+»-ին, եւ «Նոյյան Տապանին», եւ բոլորին: Արտահայտվելու տարրական իրավունքը պիտի լինի պաշտպանված ոչ միայն Սահմանադրությամբ, այլեւ պետական կամքով եւ իշխանական հանձնառությամբ: Բոլորն էլ անխտիր խոսքի ազատության կարիքն ունեն եւ ունենալու են: Երբեք չպետք է թույլ տանք, որ ազատ խոսքը ենթակա դառնա քաղաքական շահարկման, պատվերի կամ առեւտրի: – Պարոն Հովհաննիսյան, 1993-ին «Ազգ» օրաթերթին տված Ձեր հարցազրույցում խոսք է եղել այն մասին, որ Դուք պաշտոնաթող եք եղել նաեւ այն պատճառով, որ չեք հասցրել «յուրացնել» Հայաստանում ծաղկող ներքին խարդավանքները: Դուք 12 տարի ապրում եք այստեղ, արդեն յուրացրե՞լ եք, թե դեռեւս՝ ոչ: – Այդ խարդավանքներին, ներքին մեքենայություններին, խմբակային-միջանցքային որոշումներին, որոնք երբեմն ներկայացվում են որպես պետական վճիռներ, ես ծանոթացա առաջին տարիների ընթացքում: Ցավոք՝ հասունանալու, սխալներից դասեր քաղելու փոխարեն մենք ոչ թե հրաժարվեցինք կանոնի վերածված այդ արատներից, այլ զարգացրինք ու խորացրինք: Այդ նույն «ինտրիգայնությունը», նույն խարդավանքները այսօր դարձել են համակարգված, ինստիտուցիոնալ: Հետաքրքիր բանավեճի հարց է՝ կարելի՞ է Հայաստանում հասարակական գործունեություն ծավալել՝ ի հեճուկս այդ խարդավանքների եւ ինտրիգների, թե՞ պիտի համակերպվել դրանց հետ: Սեփական հայրենիքում որոշ հուսախաբություններ ապրած ու փոքրիկ վերքեր ստացած մարդը, արդեն 12 տարի հայաստանցի դարձած հայը, որը նաեւ տեսել է խաբեություն, սուտ ու կեղծիք, այնուամենայնիվ, կարող է հավատով ասել, որ մեր երկրում լավն ու բարին տակավին մնացել են: Եվ մենք թույլ չենք տա, որ որոշ մարդիկ մեզ համար սահմանեն, թե ինչ է Հայրենիքը, ինչ են սերն ու հավատամքը նրա նկատմամբ: Համոզված եմ, որ կարող ենք հենց Հայաստանում հանրային գործունեություն ծավալել ու հաջողել՝ առանց հղում կատարելու մեր հեռանկարի համար չարաբաստիկ այդ՝ ցավոք, սովորական դարձած մանկախաղերին: Նորից դժբախտաբար՝ այսօր մենք տվյալ վիճակի պարտադրանքով կերտվող ազգ ենք, որն անհանդուրժելի է: Կամ պիտի վիճակ կերտող ազգ դառնանք, կամ էլ ոչինչ ու երբեք չենք դառնա: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել