Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճման ենթակա գործեր

Ապրիլ 20,2002 00:00

Կարճման ենթակա գործեր ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը տեսակետ էր հայտնել իր պաշտպանյալին մեղադրանքների առաջադրման եւ դրանք մեկ քրեական գործում ընդհանրացնելու՝ դատախազության որոշման օրինականության շուրջ: Ռ.Գրիգորյանը կրկնեց, որ 94-ին Երեւանից Գորիս տեղափոխվող դատապարտյալներին ծեծելու դեպքից անցել է մի քանի տարի, որ ժամանակին դատապարտյալ Ռ.Զորոյանի մահվան հանգամանքների առնչությամբ քննություն է ընթացել, եւ քննիչի որոշմամբ այդ փաստի առիթով քրեական գործի հարուցումը մերժվել է: Հիշյալ որոշման մեջ քննիչը նշել է, որ Ռ.Զորոյանի մարմնի վրա եղած վերքերը իրավապահներին ցույց տրված ակտիվ դիմադրության արդյունք են եղել: «Մ.Սաղաթելյանին այդ դրվագով մեղադրանք է առաջադրվել միայն 2001-ի հոկտեմբերի 15-ին՝ այն հիմքով, թե ժամանակին այդ դեպքի հետ կապված «թերի քննություն» է կատարվել, փաստական հանգամանքներն ամբողջ ծավալով չեն ստուգվել, Ռ.Զորոյանի մարմնի վրա եղած վնասվածքների պատճառները չեն ստուգվել, եւ բոլոր մեղավորները չէ, որ պատասխանատվության են ենթարկվել: Ահա այդ պատճառաբանությամբ քրգործի կարճման որոշումը դատախազությունը վերացրել եւ գործի քննությունը վերսկսել է Քրդատօրենսգրքի 21 հոդվածի 4-րդ կետի խախտմամբ: Ավելին, ինձ անհասկանալի է, թե ինչ հիմքով է Ա.Միրզոյանը հանձնարարել Մ.Սաղաթելյանին վերագրվող «սուտ մատնության նախապատրաստություն» մեղադրանքով հարուցված քրգործի վարույթում ներառել նաեւ 94-ի եւ այլ դրվագներով գործերը եւ դրանց համատեղ ընթացք տալ,- ասաց Ռ.Գրիգորյանը: Նա վկայակոչեց Քրդատօրենսգրքի 28 եւ 184 հոդվածները,- տվյալ դեպքում այդ հոդվածները նախատեսում են, որ քրգործերին կարող են միացվել բացառապես հարուցված քրգործեր: Այդ հոդվածները բացառում են հանցագործությունների մասին հաղորդումները, դրանց ստուգումները միավորել մեկ քրգործի վարույթում: Տվյալ պարագայում քրգործ հարուցելու որոշում չի կայացվել, հետեւաբար՝ նախաքննություն չէր կարող կատարվել: Նախաքննություն կատարվելու դեպքում էլ դեռ պետք է պարզվեր, որ 94-ի դրվագով պատասխանատվության ենթական Մ.Սաղաթելյանն է, հետո նրան մեղադրանք առաջադրվեր, ճանաչվեր որպես մեղադրյալ, եւ ապա միայն դատախազությունն իրավունք կունենար հարուցված քրգործը միացնել «ակնհայտ սուտ մատնություն նախապատրաստելու» մեղադրանքով հարուցված քրգործին: Մինչդեռ «94»-ի գործով Մ.Սաղաթելյանին մեղադրանք չի առաջադրվել: Դարձյալ Քրդատօրենսգրքով «94»-ի քրգործի հարուցման մերժումը վերանայելու հիմք կարող էր հանդիսանալ միայն այդ դրվագով «ի հայտ եկած նոր հանգամանքների» դեպքում: Այդպիսի արտահայտություն դատախազության գրած որոշման մեջ պարզապես չկա, չկան նաեւ նոր ի հայտ եկած հանգամանքներ»,- հայտարարեց փաստաբանը: Վերջինիս պնդմամբ, Մ.Սաղաթելյանին մի քանի այլ դրվագներով եւս մեղադրանքներ են առաջադրվել Քրդատօրի կոպիտ խախտումներով: «Դրանց ես կանդրադառնամ դատարանում եւ հանդես կգամ հայտարարություններով»,- վկայեց փաստաբանը: Նա մատնանշեց կոպիտ օրինախախտման եւս մեկ փաստ՝ դատապարտյալ Գարիկ Արզումանյանին 6-7 օր ՔՊԻ վարչության տեղակալի աշխատասենյակում անօրինական կարգով պահելու վերաբերյալ: Մ.Սաղաթելյանին այդ դրվագով մեղադրանք է առաջադրվել ՔՕ 183 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ իշխանազանցություն: Ընդ որում, հիշյալ տեղեկությունները դատախազության ՀԿԳ քննիչ Հ.Բաբայանը, իր իսկ ներկայացրած տեղեկանքի համաձայն, ստացել է անստորագիր, անհասցե գրությամբ՝ այն գտնելով իր ավտոմեքենայի նստատեղին: Ռ.Գրիգորյանն անգամ անիմաստ համարեց վիճարկել՝ ներկայացված փաստերն իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ. «Եթե դրանք նույնիսկ իրականությանը համապատասխանում են, միեւնույն է՝ հանցակազմ չեն պարունակում, այլ ենթակա են միայն կարգապահական պատասխանատվության, քանի որ տեղի ունեցածը օրենքով թույլատրելի արարք է, որը սակայն պատշաճ փաստաթղթային ձեւակերպում չի ստացել, դրա արդյունքում ոչ մեկին էական վնասներ չեն հասցվել: Բայց էականն այն է, որ մեղադրանքն առաջադրվել է Քրդատօրի 177 հոդվածի 7-րդ կետի կոպիտ խախտմամբ: Այն պարզապես արգելում է անստորագիր թղթերով զբաղվել: Տվյալ դեպքում նախ քննիչն իրեն դրել է վկայի կարգավիճակում, որը պետք է հարցաքննվեր սույն գրության հայտնաբերման հանգամանքների առնչությամբ: Երկրորդ, այդ դրվագով եւս քրգործի հարուցման որոշում չկա, նյութեր չեն նախապատրաստվել: Ինչպես նախորդ դեպքում, այդ պարագայում եւս չեղած գործը օրենքի խախտմամբ միացվել է արդեն հարուցված քրգործին եւ ներառվել մեկ վարույթում»: Մ.Սաղաթելյանի մեղադրանքների առաջադրման ապօրինությունների այլ փաստերին մենք դեռ կանդրադառնանք: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել