Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ԵԹԵՐԸ՝ ԿԱՊՈՒՅՏ ԺԱՊԱՎԵՆ

Ապրիլ 20,2002 00:00

ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ԵԹԵՐԸ՝ ԿԱՊՈՒՅՏ ԺԱՊԱՎԵՆ Իհարկե, իր դերն ունեցավ նաեւ տեղացած անձրեւը, բայց, այնուամենայնիվ, երեկվա հանրահավաքի մասնակիցները նախորդից ավելի սակավ էին։ Կազմակերպիչները նոսրացած շարքերը բացատրեցին մարդկանց մարզերից բերող ավտոբուսների առջեւ էլի հարուցված խոչընդոտներով։ Մասնավորապես նշվեց, որ Աբովյանում «ձերբակալվել է» երկու ավտոբուս։ Թեեւ կային նաեւ այլ բացատրություններ, որոնց հեղինակները հանրահավաքին մասնակցող քաղաքական մեկնաբաններն էին։ Այն է, թե «լսարանը» մեծ մասամբ «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» հեռուստադիտողներն են եւ նրանց որոշակիորեն հետաքրքրում է, թե ի նշան բողոքի ինչ միջոցներ են ձեռք առնվելու այս հեռուստաընկերություններին եթերից զրկելու առնչությամբ եւ, մեղմ ասած, այնքան էլ հետաքրքիր չէ հերթական անգամ լսել, որ Ալբերտ Բազեյանը քաղաքապետ եղած ժամանակ փողի վրա չէր նստած կամ քաղաքապետարանը հող օտարելու իրավասություն չունի։ Սակայն հարկ է նշել, որ ԱԺՄ-ն, «Հանրապետությունը», ԱԺԿ-ն, ՀԺԿ-ն, ՍԻՄ-ը, ԱԺԴ-ն, «Սոցիալիստական Հայաստան» միությունը հանրահավաքի իրենց հրավերի մեջ էլ էին նշել, որ այն ոչ միայն ի պաշտպանություն մամուլի եւ խոսքի ազատության է, այլ նաեւ՝ քաղաքական ու քաղաքացիական իրավունքների եւ «ընդդեմ Հայաստանում բռնապետություն հաստատելու փորձերի»։ Վերջին առումով հարկ է նշել, որ կուսակցությունները գուցե այնքան էլ ճիշտ մարտավարություն չընտրեցին, երբ Ռոբերտ Քոչարյանի հետ «խոսեցին» ֆուտբոլային լեզվով՝ դեղին, հետո կարմիր քարտ։ Վերջիվերջո, նախագահի համար հասկանալի մարզաձեւը ոչ թե ֆուտբոլն է, այլ բասկետբոլը, իսկ այստեղ դաշտից հեռացնելուց առաջ դեռ պետք է արվի 5 նախազգուշացում… Սա, իհարկե, կատակ է, որի համար առիթ դարձավ այն, որ հանրահավաքի կազմակերպիչները մի պահ չէին կարողանում կողմնորոշվել, թե ինչ երթուղով անցկացնեն հանրահավաքից հետո բողոքի երթը, սակայն ստիպված էին հրաժարվել դեպի նախագահի նստավայր (չէ՞ որ կարմիր քարտն արդեն ցույց տվել՝ պրծել էին) ուղղությունից։ «Մենք արդեն նրան մերժել ենք եւ հաջորդ երթը՝ Բաղրամյան պողոտա, կազմակերպելու եւ նստավայր գնալու ենք միայն Ռոբերտ Քոչարյանի հրաժարականն ընդունելու համար»,- ասաց Ալբերտ Բազեյանը։ Ի դեպ, այս հանրահավաքի ելույթներում Ռոբերտ Քոչարյանին ավելի քիչ տեղ հատկացվեց, քան «Օրակարգ» ծրագրին։ Եվ դեռ դրա վերջին թողարկումից հետո շատերը զարմանում էին՝ ինչո՞ւ իշխանությունների քարոզչական հրետանին ուղղվեց ընդդիմադիրների կողմը, ի՛նչ է, ուզում էին ավելի՞ զայրացնել նրանց։ «Օրակարգն» ուղղակի շեղեց հարվածի ուղղությունը՝ այն վերցնելով իր վրա։ Եվ ամենամեղմ արտահայտությունը, որ երեկ հնչեց այս առնչությամբ, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Ջորջ Հակոբյանի հետեւյալ խոսքն էր, թե Հանրային հեռուստաընկերությունը «ներկայացնում է վերացական Հայաստան»։ Նաեւ նշենք, որ ինչպես նախկին հանրահավաքների ընթացքում «Լրաբերի» օպերատորների վրա էին հարձակվում եւ դատապարտում կեղծ լրատվություն տալու համար, երեկ էլ նույնը եղավ «Հայլուրի» օպերատորի հետ, որին փրկեց միայն գործընկեր լրագրողների, մասնավորապես՝ «Իրավունքի» խմբագրի միջամտությունը։ Վերադառնանք այն թեմային, որն առավել ենք կարեւորում հանրահավաքային այս շարժման մեջ՝ «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» հարցին։ Անդրադառնալով այն պնդմանը, որն այժմ փորձում են ներշնչել լսարանին, թե մրցույթն անցկացվել է օրենքին համապատասխան, Ալբերտ Բազեյանը թվարկեց կատարված օրինախախտումները. «Օրենքը պահանջում է, որ հայտ ներկայացրած ընկերությունը նշի նաեւ եթեր դուրս գալու ժամանակը, որը «Շարմը» չի արել։ Օրենքը պահանջում է, որպեսզի հայտատուն ներկայացնի այն տեխնիկական միջոցներն ու սարքավորումները, որոնցով ինքն ապահովելու է եթերը, որը եւս չի արել «Շարմը»։ Եվ այդ պարագայում միանշանակ հստակ է, որ այդ ընկերությունը չպետք է ստանար արտոնագիր 37 հաճախությամբ եթեր դուրս գալու համար։ Մեզ ասում են, որ օրենքով սահմանված են օբյեկտիվ չափորոշիչներ, եւ, այսպես կոչված, հանձնաժողովն առաջնորդվել է այդ չափորոշիչներով։ Ի՞նչ օբյեկտիվ չափորոշիչների մասին է խոսքը, եթե հանձնաժողովի անդամ սուբյեկտները տարբեր գնահատականներ են նշանակում։ Մեկը «Ա1+»-ին գնահատում է «1», մյուսը՝ «4»։ Այսինքն, սուբյեկտն է որոշում՝ ինչ գնահատական տալ «Ա1+»-ի ներկայացրած ծրագրին։ Այնպես որ, հստակ է, որ միանշանակ խախտվել է օրենքը, եւ դատավորը պարտավոր է փոխել որոշումն ու եթեր տրամադրել «Ա1+»-ին։ Սակայն մենք բազմիցս արձանագրել ենք, որ վարչախումբը չի ապահովում դատարանների անկախությունը, եւ յուրաքանչյուր դատական մարմին, դատարան կամ դատավոր որեւէ որոշում կայացնելու համար պետք է հստակեցնի իշխանության կամ Ռոբերտ Քոչարյանի տեսակետները»։ Իսկ Շավարշ Քոչարյանը հարթակից հնչեցրեց այն համեմատությունը, որն իրեն էր ասել հանրահավաքի մի մասնակից՝ ցույց տալով Օպերայի այգում սկսված հերթական շինարարությունը երիզող կապույտ ժապավենը. «Կապել են, որ չերեւա, թե հետեւն ինչ կեղտոտ գործեր են արվում։ Նույն կերպ՝ «Ա1+»-ին եթերից հեռացնելով, ըստ էության, ուզում են կապել մեր աչքերը, որ չտեսնենք՝ երկրում իրականում ինչ է կատարվում»։ Հանրահավաքում ելույթ ունեցան ե՛ւ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, ե՛ւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, սակայն վերջինիս խոսքն ավելի էր առնչվում «Ա1+»-ին։ Անդրադառնալով այն հանրահավաքներին, որոնց խնդիրը միայն լրատվական ոլորտն էր, պրն Սարգսյանն ասաց. «Մեր որոշ գործընկերներ հույս ունեին, որ այս ճանապարհով հնարավոր կլինի վերաբացել «Ա1+»-ը։ Եվս մեկ անգամ իրենք համոզվեցին, որ ցանկացած խնդրի լուծման համար անհրաժեշտ է այս իշխանություններից ձերբազատվել։ Իշխանություններն իրենք առաջարկեցին գնալ օրինականության ճանապարհով։ Մենք տեսանք նաեւ այդ ճանապարհը։ Տեղի ունեցավ դատ, եւ 10 րոպեի ընթացքում դատավորը 3 անգամ խախտեց օրենքը։ ԱԺ-ում հավաքվեց 45 ստորագրություն, կազմակերպվեց արտահերթ նիստ, եւ ԱԺ որոշ պատգամավորներ լղոզված դեմքերով ուղղակի փախա՛ն դահլիճից»։ Հանրահավաքի ավարտին Ալբերտ Բազեյանը թվարկեց իրենց հետագա քայլերը, որոնցից մեկն էլ ապրիլի 23-ին՝ դատական հաջորդ նիստի օրը, դատարանի առջեւ ցույց կազմակերպելն էր։ Իսկ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 26-ին, ժամը 18.00-ին, դարձյալ Ազատության հրապարակում։ Այդ հանրահավաքի ավարտից հետո հայտարարվելու է բողոքի նստացույց։ Ալբերտ Բազեյանը նաեւ ասաց, որ փորձելու են «Ա1+»-ի հիմնական հաղորդումների հեռարձակումը կազմակերպել այդ հրապարակում։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել