Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐՅՈՒՍՈՎՑԻՆԵՐԸ ՀԻԱՍԹԱՓԵՑՐԻՆ

Ապրիլ 19,2002 00:00

ԲՐՅՈՒՍՈՎՑԻՆԵՐԸ ՀԻԱՍԹԱՓԵՑՐԻՆ Երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում անցկացվող ջազային խաղ- վիկտորինային, որը կազմակերպել էր ամերիկյան դեսպանատունը, մասնակցում էին 4 ուսումնական հաստատությունների՝ Էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջի, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Երեւանի պետական համալսարանի ուսանողները։ Խաղը ղեկավարում էր երաժիշտ Արմեն Թութունջյանը։ ԱՄՆ դեսպանատունը վիկտորինայի մասնակիցներին նախօրոք տրամադրել էր գրքեր, բրոշյուրներ, լրացուցիչ ինֆորմացիա ջազի պատմության վերաբերյալ, որոնցով առաջնորդվելու արդյունքում նաեւ ուսանողները հասցրին մի լավ «լուսավորվել»՝ ջազի առումով։ Եվ պատահական չէր, որ մասնակիցները խաղի վերջում անկեղծորեն խոստովանեցին, թե բազմաթիվ հարցերի պատասխաններ հենց այդ բրոշյուրներից են վերցրել։ Ջազային քոլեջ-կոնսերվատորիա մրցույթում հաղթեց վերջինս՝ 5։3 հաշվով։ Ի դեպ, կոնսերվատորիայի թիմը փորձել էր դիմել «հնարամտության»՝ իր կազմում ընդգրկելով կիթառահար Ալեքսանդր Մայիլյանին։ Նրան, սակայն, թույլ չտվեցին մասնակցել խաղին։ «Էդ դեպքում ինձ էլ ընդգրկեք ձեր թիմում, ես բոլոր հարցերի պատասխանները գիտեմ»,- կատակեց Ա. Թութունջյանը։ Երկրորդ կիսաեզրափակիչ փուլում ջազի մասին ունեցած գիտելիքներով փայլեց հատկապես համալսարանի թիմը, որը նաեւ հաղթող ճանաչվեց մրցույթում։ Իսկ բրյուսովցիները առաջացրին ներկաների տարակուսանքն ու հիասթափությունը մրցույթին ընդգծված անպատրաստությամբ ներկայանալու պատճառով։ Կարծում ենք, ջազային այս «մարզանքը» գուցե դաս լինի մրցույթի մասնակիցների համար, որպեսզի հաջորդ հնարավոր մրցույթներին վերջիններս կարողանան գոնե փոքր-ինչ տեղեկացված ներկայանալ։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել