Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ՏՈՆ ԵՆ

Ապրիլ 19,2002 00:00

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ՏՈՆ ԵՆ Այն, որ տոնը անցողիկ ակնթարթ չէ, այլ հարատեւ զգացողություն, «հայտնագործել» է Էռնեստ Հեմինգուեյը՝ շնորհիվ Փարիզի: Փարիզը տոն է. ոչ՝ որովհետեւ այնտեղ կան Վերսալյան պալատ եւ Մոնմարտրի սրճարաններ: Այլ՝ որովհետեւ կա շքեղության ու վայելքի աուրա՝ շնորհիվ Բուրբոնների եւ սուրճի գավաթի շուրջ «կյանքը վերծանելու» ավանդույթ՝ շնորհիվ նիհիլիստների, էքզիստենցիալիստների կամ ֆուտուրիստների: Տոնը ստեղծում են մարդիկ, եւ թողնում են իբրեւ ժառանգություն: Առանց չափազանցության Կարեն Դեմիրճյանը 20-րդ դարի Հայաստանում ապրել է կյանք, որի վերհուշը տոնի տրամադրություն է ստեղծում: Ինչու՞ է շեշտվում ժամանակն ու տարածությունը: Որովհետեւ Փարիզում, Լոնդոնում կամ Վիեննայում գուցե դարձյալ Դեմիրճյանը լիներ ընտրյալ մեկը, բայց երբեք՝ միակը: Իսկ Հայաստանում… Մի երկրում, որտեղ օրհներգի են վերածել «թշվառ, անտեր» սկզբնատողով բանաստեղծությունը, որի երգերը օտարները շփոթում են լացի հետ, եւ ինչպես սրամտորեն նկատել են՝ տարածք չունենալուց անգամ պարերը ցատկ են տեղում… Մի երկրում, որտեղ գիտեն միայն տառապելուց խոսել եւ նույնիսկ արվեստում են մոռացել, որ մարդը վայելելու համար է ծնվում, Կարեն Սերոբիչը հայտնություն էր: Նրա ժպիտը կյանքը ճանաչող ու իրեն ծառայեցնող մարդու կենսահաստատ ուժ էր: Կերտելու ու արարելու նրա յուրաձեւությունը տառապանքի բացասում էր: Վերջապես իշխելու նրա դյուրությունը կյանքի վայելք էր: Հայաստանը սիրում էր Կարեն Սերոբիչին, ինչպես չի սիրել երեւի ոչ մեկին, թերեւս որովհետեւ նա գիտեր ապրել, ինչպես ուրիշ ոչ ոք: Կարծում եմ, ներկայացվող հրապարակումը եւս մեկ անգամ դրանում կհամոզի: Այս անդրադարձը Կարեն Սերոբիչի կյանքին՝ կառուցված է հուշապատումների վրա. մի քանիսը ինքս եմ լսել Կարեն Սերոբիչից, մյուսները՝ տարբեր առիթներով տարբեր անձանցից, մի մասը՝ Կարեն Սերոբիչի կենդանության օրոք, մյուս մասը՝ մահվանից հետո: Ժամանակագրական առումով հուշերը սկսվում են դպրոցական տարիներից եւ ավարտվում 99-ի ընտրարշավով: Բայց, խախտելով հաջորդականությունը, շարադրանքը կսկսենք մի դրվագից, որը կարծում եմ լավագույնս է գծանկարում Կարեն Սերոբիչի դիմանկարը: 1999 թվականն է, Կարեն Սերոբիչը պաշտոնավարում է իբրեւ Ազգային ժողովի նախագահ։ Երեկոյան ուշ ժամ է եւ «Հայէլեկտրո» գործարանում Կարեն Սերոբիչի հետ աշխատած անձանցից մեկը՝ Գարիկ Ղուկասյանը գալիս է Դեմիրճյանների տուն։ Ընդսմին, Կարեն Սերոբիչն էր կանչել։ Ներս է մտնում. «Բարեւ Ձեզ, Կարեն Սերոբիչ…»։ Չի հասցնում շարունակել։ Կարեն Սերոբիչը մատով ցույց է տալիս, որ լռի եւ նստի։ Հնչում էր «Սեւիլյան սափրիչ» օպերայի հատվածներից մեկը, որ Կարեն Սերոբիչը հատկապես սիրում էր։ Միայն 5-10 րոպե անց, երբ երաժշտությունը ավարտվում է, Կարեն Սերոբիչը շրջվում է. «Հա, եկա՞ր, լսիր…»։ Օմար Խայամն է ասել, թե «ակնթարթն անդառնալի է անցնում»: Կարեն Սերոբիչը բերկրության ակնթարթ չէր կորցնում: *** Իմ լսած ամենավաղ շրջանի հուշերը Կարեն Սերոբիչի կյանքից վերաբերում են Երեւանի 26 կոմիսարների անվան դպրոցում ուսումնառության տարիներին, ուր Դեմիրճյանը տեղափոխվել է 8-րդ դասարանից։ Սովորել է գերազանց, հատկապես սիրել է երաժշտություն եւ, իհարկե, ընկերներին, որոնց վերաբերվել է բարեսրտությամբ, բայց հումորով: Ասում են, Կարեն Սերոբիչի համար դժվար էր ընկերներին մերժելը, այդուհանդերձ, ասենք, իրենց ընտանեկան գրադարանից որեւէ մեկին գիրք չէր տալիս։ Իհարկե, չէր ասում, թե չի ուզում տալ, այլ արդարացնող հանգամանք էր գտել՝ հայրս կարդում է։ Պատմել է Կարեն Սերոբիչի համադասարանցին՝ Ավետիք Աստվածատրյանը. «Մի անգամ ինչ-որ գիրք խնդրեցի, ասաց. «Չեմ կարող տալ՝ պապան կարդում է։ – Լավ, դե մյուսը տուր: – Դա էլ է պապան կարդում։ Երրորդը խնդրեցի՝ պապան կարդում է։ Ուրիշ ելք չգտնելով, հարցրի. -Այդպիսի գիրք չկա՞, որ պապան չի կարդում։ – Կա՝ Մարքսի «Կապիտալը»։ Դե ինչ կարող էի ասել, ճարահատյալ եւ հարկադրված. – Լավ, դա տուր՝ տանեմ-կարդամ։ – Այդ մեկը չունենք,- եղավ պատասխանը»։ Որքան դյուրությամբ Կարեն Սերոբիչը կարող էր «իր շահերը պաշտպանել», նույնպիսի բարեսրտությամբ ու գործնականությամբ էլ կարող էր ընկերներին օգնել՝ դեռ դպրոցական հասակից։ Վարդգես Պետրոսյանը նույնպես եղել է Կարեն ՍԵրոբիչի դասարանցին, նա եկել է ավելի ուշ, Աշտարակի շրջանից եւ շատ արագ նկատելի է դարձել իր բանաստեղծություններով։ Ինչ-որ հոբելյանի առիթով Երեւան է ժամանում մարշալ Բաղրամյանը եւ իբրեւ քաղաքի լավագույն կրթօջախներից մեկը, Բաղրամյանին հրավիրում են 26 կոմիսարների դպրոց: Վարդգես Պետրոսյանն էլ օրվա առիթով Բաղրամյանին մի ձոն է գրում եւ հանդիսության ժամանակ ընթերցում։ Բանաստեղծությունից Բաղրամյանը խորապես հուզվում է, Վարդգես Պետրոսյանին գրկում, նստեցնում է ծնկներին։ Բոլորը հուզախառն տրամադրության մեջ են, բայց ոչ Կարեն Սերոբիչը։ Նա մոտենում է դպրոցի դիրեկտոր Վարդանյանին եւ հուշում՝ քանի որ Բաղրամյանն այդքան հուզվել է, չե՞ք կարող հուշել, որ Վարդգեսը դժվար է ապրում, ուշադրության կարիք ունի։ Իհարկե, հուշարարությունը նպատակին ծառայում է, Բաղրամյանը նվերներով օգնում է Վարդգեսին։ Բայց եթե Կարեն Սերոբիչը առանձնապես սիրում էր եւ հոգատար էր Վարդգես Պետրոսյանի հանդեպ, դա չի նշանակում, թե վերջինս առանձնաշնորհյալ էր եւ հումորի զոհ չէր դառնում։ Դեմիրճյանների տունը գտնվել է Տպագրիչների փողոցում: Ի տարբերություն համադասարանցիներից շատերի, որոնք ծնողազուրկ էին, Կարեն Սերոբիչի թե հայրը, թե մայրը ողջ էին: Թերեւս նրանց ծնողական ջերմությունն է Դեմիրճյանների տունը հարազատ օջախ դարձնում նաեւ որդիների ընկերների համար: Նաեւ այդ տանը ձայնապնակների հավաքածու կար, ինչպիսին որեւէ այլ տեղ դժվար էր գտնել՝ Մոցարտ, Վիվալդի, Չայկովսկի եւ այլն։ Այնպես որ, հետզհետե սովորություն էր դարձել դասերից հետո նախ Դեմիրճյանների տուն գնալ, նոր՝ սեփական տները։ Ի դեպ, 50-ականներին երեւանյան դպրոցները բաժանվում էին արականի եւ իգականի։ Այսինքն, Դեմիրճյանի համադասարանցիները բոլորը տղաներ էին եւ, սովորության համաձայն, դասերից հետո մի քանիսը գնում են Դեմիրճյանների տուն։ Տեսնում են դուռը փակ է, դռան մոտ՝ աթոռակ է դրված: Զանգը տալիս են, դուռը բացում է Կարեն Սերոբիչը. «Էդի՛կ (դպրոցում Կարեն Սերոբիչին Էդիկ են ասել), էս տաբուրետկան ինչի՞ եք թողել դրսում»։ «Հատուկ եմ դրել, Վարդգեսն ասաց մենակ է գալու, դրել եմ, որ կարողանա զանգը տալ»։ Բնականաբար, հետո «երկար ջանքեր» են պահանջվում, որպեսզի Վարդգեսը ասվածը ների: Բայց Կարեն ՍԵրոբիչին փոխելը էլ ավելի անհույս գործ էր: Եթե ապրել, այնպես ապրել… 1949-ին Կարեն Սերոբիչը գերազանցությամբ ավարտում է դպրոցը եւ ընդունվում Պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը։ Այստեղ ոչ միայն գերազանց է սովորում, այլեւ բարձր կուրսերում ընտրվում է Պոլիտեխնիկական ինստիտուտի «Գիտական ընկերության» նախագահ, ինչը բացառիկ դեպք էր եւ առանձնակի պատիվ ուսանողի համար։ Թեեւ գիտական ընկերությունը հասարակական կազմակերպություն էր, բայց Կարեն Սերոբիչի եւ գիտելիքները, եւ հասարակական ակտիվությունը նրան նկատելի են դարձնում կոմերիտական-կուսակցական շրջանակներում։ Օրինակ՝ Լյուդվիգ Ղարիբջանյանը Կարեն Սերոբիչին հենց Պոլիտեխնիկականից է հիշում։ Ինստիտուտն ավարտելուց հետո Կարեն Սերոբիչը աշխատանքի է անցնում Երեւանի «Էլեկտրատեխնիկական» գործարանում։ Բավականին արագ, դեռ 26-27 տարեկանում, Կարեն Սերոբիչը ընտրվում է գործարանի կուսկազմակերպության քարտուղար, այնուհետեւ՝ տնօրեն։ Կոլեկտիվ աշխատանք կազմակերպելու ձիրքը Կարեն Սերոբիչին շատ արագ նկատելի է դարձնում ոչ միայն Երեւանի կոմերիտմիության, այլեւ կուսակցական քաղկոմի ակտիվում։ 1961-ին «Նաիրիտ» գործարանի տնօրենը՝ Բադալ Մուրադյանը, նշանակվում է Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար եւ առաջին անգամ, հենց 61-ին, Երեւանի քաղկոմի պլենումում է հնչում Կարեն Սերոբիչի անունը՝ իբրեւ խոստումնալից ղեկավար կադրի։ 1966-ին Բադալ Մուրադյանը տեղափոխվում է կառավարության շենք՝ իբրեւ ՀՍՍՀ Մինիստրների սովետի նախագահ, Լյուդվիգ Ղարիբջանյանը նշանակվում է Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար, Կարեն Սերոբիչը՝ երրորդ, ապա երկրորդ քարտուղար։ Նա վերահսկում է արդյունաբերության եւ շինարարության ոլորտը։ Լյուդվիգ Ղարիբջանյանը չի թաքցնում, որ ընդհանրապես Կարեն ՍԵրոբիչին էին տրվում բոլոր դժվար հանձնարարությունները՝ ասենք, ներկայիս Երեւանյան լճի տարածքը յուրացնելը։ Այդտեղ բնակավայր է եղել։ Նախ Կարեն Սերոբիչը ներկայիս լճի դիմացի մայթին ամբողջ բնակելի ավան է կառուցում, ուր տեղափոխում են մարդկանց, այնուհետեւ բարեկարգվում է տարածքը եւ ստեղծվում արհեստական լիճը։ Կարեն Սերոբիչը ուղղակի զարմացնող հետեւողականություն եւ պահանջկոտություն է ունեցել աշխատանքում՝ թե իր, թե ենթակաների հանդեպ։ Ծիծեռնակաբերդի Եղեռնի հուշահամալիրի շինարարությունը նույնպես Դեմիրճյանն է վերահսկել։ Ընդսմին, վեր խոյացող հուշասյան կառուցման համար Կարեն Սերոբիչը տեմպ էր սահմանել. ամեն օր պետք է հուշասյունը 1 մ բարձրանար։ Եվ որքան էլ զբաղված լիներ, ամեն օր այցելում էր Ծիծեռնակաբերդ՝ ստուգելու կատարված աշխատանքը։ Ի վերջո, 1967-ի նոյեմբերի 29-ին կատարվում է Եղեռնի հուշահամալիրի բացման արարողությունը։ Քաղկոմում երկու կարծիք չկար, թե ում հանձնարարեին արարողության կազմակերպումն ու հատկապես երաժշտության ընտրությունը։ Կարեն Սերոբիչի երաժշտական ճաշակի հետ ոչ ոք չէր մրցում։ Ի դեպ, դարձյալ Կարեն Սերոբիչի ճաշակին ենք պարտական նաեւ «Էրեբունի-Երեւան» երգին տրված կյանքի ուղեգրի համար։ 1968-ին առանձնակի շուքով նշվում էր Էրեբունի ամրոցի հիմնադրման 2750-ամյակը։ Այդ տոնակատարության ողջ նախապատրաստական աշխատանքները կազմակերպում եւ համակարգում էր Երեւանի քաղկոմը։ Այդուհանդերձ, պրն Ղարիբջանյանը պատմում է, թե արդյունքում ստացվել էր այնքան լայնամասշտաբ, համաժողովրդական ու աննախադեպ տոն, այնպես էին հորդում մարդկանց ինքնաբուխ նախաձեռնությունները, որ քաղկոմի դերակատարությունը հանդիսությունների երեւի միայն փոքր մասին վերաբերեց։ Մնացյալն արեց ժողովուրդը։ Ասենք, Անտոն Քոչինյանի, Բադալ Մուրադյանի, Հովհաննես Բաղրամյանի, Արտյոմ Միկոյանի եւ այլոց ներկայությամբ շատ անսպասելի Էրեբունի ամրոցի մոտակայքում ապրող մի մարդ, փոքր-ինչ գինովցած, մոտեցել է ու խնդրել. «Քիչ այն կողմ իմ տունն է, մայթին սեղան է բացված, խնդրում եմ մոտենաք՝ մի-մի գավաթ գինի բարձրացնենք։ Բայց չէ, թող նախ երաժշտությունը հնչի, տղաս պարի ու մենք էլ գավաթները բարձրացնենք ապագա սերունդների ու Երեւանի հարատեւության համար»։ Խնդրանքը չի մերժվում։ Ահա այսպես է ծնունդ առել «Էրեբունի172Երեւան» տոնը, որը ՀԿԿ կենտկոմում պաշտոնավարելու տարիներին Դեմիրճյանը վերածեց ավանդական տոնակատարության։ Սակայն, ավելի մնայուն ու սիրված արժեքը, որ ծնվել է 1968172ին, ապրում է այսօր եւ դեռ կհարատեւի՝ «Էրեբունի172Երեւան» երգն է։ 98172ի ընտրարշավում այն կարծես վերածվեց Կարեն Դեմիրճյանի այցեքարտի եւ դրանում կա արդարություն։ 1968172ին՝ 2750172ամյակի առիթով մի քանի երգեր էին ներկայացված, որոնցից մեկը պետք է ընտրվեր իբրեւ տոնակատարության հիմն։ Ընտրությունը կատարելու էր Երեւանի քաղկոմը, հետեւաբար եւ ինքնաբերաբար՝ Կարեն Դեմիրճյանը։ Ի վերջո մրցույթում մնում են երեք ստեղծագործություն, Դեմիրճյանը պնդում է, թե լավագույնը «Էրեբունի172Երեւանն» է։ Այսպես կյանքի ուղեգիր է տրվում «Էրեբունի172Երեւան» ստեղծագործությունը։ Պարույր Սեւակից եւ Էդգար Հովհաննիսյանից հետո Կարեն Դեմիրճյանը այդ երգի իրավամբ երրորդ կնքահայրն էր։ Եթե իշխել, այնպես իշխել… 1971172ին Կարեն Դեմիրճյանը ընտրվում է ՀԿԿ կենտկոմի երրորդ, իսկ 74172ին՝ առաջին քարտուղար։ Կարեն Սերոբիչի հետ զրույցներից եմ հիշում, պատմեց. «Երբ առաջին քարտուղար ընտրվելուց հետո կենտկոմում հանդիսավոր նիստ էր հրավիրվել, դահլիճում մեծ ոգեւորություն էր տիրում։ Բոլորի ուշքը գնացել էր։ Դե, սովորել էին, որ կենտկոմի քարտուղարները լինեին մեծահասակ, նույնիսկ ծեր։ Ես բացառություն էի, այն ժամանակ երիտասարդ էի, սիրուն էի…» – Կարեն Սերոբիչ, բայց ձեր նկարների հետ համեմատելով՝ հիմա էլ ոչինչ, սիրուն եք։ 98172ին էլ դրա՞ համար ուշաթափվեցին։ Ծիծաղեց. – Դե մարդուն ընդունում են՝ դատելով տեսքից, ճանապարհում են՝ դատելով խելքից։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ Շարունակելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել