Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոդենի աշակերտը

Ապրիլ 19,2002 00:00

Ռոդենի աշակերտը Նա գործ անող է, բարդ-բարդ ու անհասկանալի բառերով խոսող չէ։ Իր արտասանած պարզ բառերի ներսում ապրած ու տառապած կյանքը կա, չնայած դեռ երիտասարդ է, հատկապես քանդակագործի մասնագիտության համար։ Թումանյանն ասում է. «Աչքի պես պարզ»։ Այ, աչքի պես պարզ էր մեր խոսակցությունը։ Գրիգոր Նահապետյանի մեջ թումանյանական շատ բան կա։ Դա նրանի՞ց է, որ ավանդապաշտ է ու երեխայասեր, թե՞ որ Թումանյան ու Կոմիտաս է քանդակել եւ Թումանյանի հերոսներ, կամ էլ նրանի՞ց է, որ իր ծննդավայրն էլ Լոռին է, լեզուն էլ՝ Թումանյանինը, չգիտեմ։ Ասում է. «Թումանյան եմ սիրում, նրա խոսքը, ոնց որ բոլորին, ինձ էլ է լավ հասնում»։ Գրիգորը որոշ «արվեստագետների» նման կեցվածք չունի։ Պատահում է, որ իր կերտած արձանների բացման արարողություններին մարդիկ շփոթեն, միանգամից գլխի չընկնեն, որ այդ համեստ մարդն է այդ քանդակն արարողը։ Անցած ճանապարհն այս է. ծնվել է Ալավերդիում։ Նկարչական դպրոց, Ցխենվալիի նկարչական ուսումնարան, Կիեւի գեղարվեստի ակադեմիայի քանդակի բաժին, Երեւանի գեղարվեստի ակադեմիա՝ Արա Հարությունյանի արվեստանոց, որն ավարտել է 2000 թվականին՝ մագիստրոսի աստիճանով։ Գրիգոր Նահապետյանը մի քիչ Ռոդենի աշակերտն է, որովհետեւ ինքն ակադեմիայում Մակագոնի աշակերտն է եղել, Մակագոնը՝ Մուխինայի, Մուխինան էլ՝ Ռոդենի։ Գրիգորը ուսուցչապաշտ է։ Ե՛վ Մակագոնի մասին է ակնածանքով ու սիրով խոսում, ե՛ւ հատկապես Արա Հարությունյանի. «Ես Կիեւից եկա, որ սովորեմ Արա Հարությունյանի մոտ։ Նա իմ առաջ քանդակագործության շատ գաղտնիքներ բացեց։ Հովնան Օձնեցու քանդակը մինչեւ սկսելը կերպարն ինձ արդեն ծանոթ էր, Օձնեցու նկարն արել էի Օձունի եկեղեցու համար։ Արան ինձ ոգեւորում էր, ասում՝ դու կարող ես, սկսիր, «Ձուլող» ես սարքել, «Թումանյան»։ «Ձուլողը» եւ Թումանյանի հարթաքանդակը տեղադրված են քանդակագործի ծննդավայր Ալավերդիում։ Կոմիտասի հարթաքանդակն էլ նվիրել է Ալավերդու երաժշտական դպրոցին։ Իսկ քանդակագործությունը Գրիգորի տարերքն է. «Էդ մի գործն եմ սիրում աշխարհում ու էդ գործից չեմ հոգնում։ Ուզում եմ կեղծիք չլինի իմ գործում, ուզում եմ ճիշտ աշխատել, ինչպես Մակագոնը, Արան, իմ ուսուցիչները։ Կարծում եմ, արվեստագետը մաքուր պիտի լինի, կեղծ չլինի»։ 1998թ. Օձունում տեղադրվեց Հայաստանում առաջին եւ միակ քանդակված կաթողիկոսի հուշարձանը՝ Հովնան Օձնեցունը։ Քանդակագործը պատվերը ստացել է «Թումանյան» բարեգործական միությունից, իսկ հոգեւոր խորհրդատուն եղել է Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը։ Այժմ Գրիգորը մի հրապարակ է ձեւավորում, հեքիաթների հերոսների քանդակներ է տեղադրում. «Ոնց որ գիրք են գրում մանուկների համար, ես էլ գրում եմ իմ քանդակի գիրքը»։ Վերջին քանդակներից մեկը 2001թ. Հարավ-արեւմտյան թաղամասում տեղադրված «Բարու եւ չարի պայքարը» կոթողն է։ Հրեշտակը նիզակով՝ հրեշի վրա։ «Բարին երեխա եմ սարքել, չարն էլ՝ հրեշ»,- բացատրում է Գրիգորը։ «Մեր գործը էմոցիոնալ պահերը ցույց տալն է, ոչ թե աղավաղելը։ Էդ աբստրակցիա անողների անունը ես ստախոս եմ դրել, որովհետեւ Աստծո ստեղծած դեմքն աղավաղում են»,- համոզված է քանդակագործը։ ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել