Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՏԱԾՈՒՄ ԵՆՔ՝ «ԹԱՄԱՇԱ» ԲԵՄԱԴՐԵՆՔ

Ապրիլ 19,2002 00:00

ՄՏԱԾՈՒՄ ԵՆՔ՝ «ԹԱՄԱՇԱ» ԲԵՄԱԴՐԵՆՔ Սահմանագիծ՝ սիրողի ու պրոֆեսիոնալի միջեւ «Մետրո» թատրոնի գլխավոր ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը օրերս է վերադարձել Հալեպից։ – Ի՞նչ էր անում պրն Ծատուրյանը տասներորդ անգամ Հալեպում։ – Նույնը, ինչ նախորդ տարիներին. Հայկական բարեգործական երիտասարդական միության «Ադամյան» թատերախմբին էի «մարզում», ինչպես իրենք են ասում։ Այս տարի բեմադրեցի Զորայր Խալափյանի «Տարբեր նվագները», որ այնտեղ կոչեցինք «Սիրո եղանակներ»։ Հին գործ է, սկզբում ասում էին մի քիչ երեւանյան է, հետո հասկացան, որ սերն ամեն տեղ էլ սեր է։ «Հալե՜պ, Հալե՜պ»-ի խորհրդանիշին բեմադրիչն իր բացատրությունն ունի։ Բոլոր գաղութների հետ համեմատած, Հալեպը կարծես հայության հայրենիքը լինի։ Երեք միլիոն բնակչություն ունեցող Հալեպում հայերը մի մասում են կենտրոնացած։ Համախմբված, քով-քովի ապրելակերպը բացատրվում է նաեւ նրանով, որ շուրջ բոլորը մուսուլմաններ են։ Բեմադրիչի համար գրավիչ է այն, որ նրանք կիրթ լինելու ձգտում ունեն, ի տարբերություն հայաստանցիների, որոնք ձգտում են «վերխով» երեւալ, գողական լինել։ – Ես սիրով եմ իրենց հետ աշխատում։ Դրվածքն էլ ավելի հստակ է. այսքան փող է հատկացվում ներկայացում անելու համար, գնում-բեմադրում ես, դերասանները փող չեն ստանում, բայց սիրով մասնակցում են, քանի որ հոգեկան սննդի կարիքն ունեն։ Իսկ եթե դուք կարծում եք, թե մերոնք պրոֆեսիոնալ են, նրանք՝ սիրող, ասեմ, որ այդ սահմանագիծը գնալով ջնջվում է։ Այնտեղ սիրողի ակնածանքը կա, կենդանի թրթիռ կա վերաբերմունքի մեջ, այստեղ ոչինչ չկա։ Եկա Երեւան, նորից հիասթափվեցի։ Տնօրենն ասում է՝ հինգ ամիս աշխատավարձ չենք ստացել, եկա թատրոն. 2-3 հոգի մարդ են՝ տնօրենը, նկարիչը։ Գալիս-գնում են, չեն ուզում տանը մնալ,- հայկական տրտունջի է անցնում պրն Ծատուրյանը։ Բեմադրիչն, ինչ խոսք, դժգոհելու տեղ ունի։ Անցյալ տարի բեմադրել են լեհ դրամատուրգի պիես հայկական ջարդերի մասին՝ «Հրեշը լուսնի վրա»։ Փողը նախարարությունն է տվել, պրն Ծատուրյանը շա՜տ շնորհակալ է, բայց նաեւ դժգոհ, որ գոնե մի անգամ պրն նախարարը չի բարեհաճել գալ ներկայացումը դիտելու։ «Կարող է ես էդ փողերը կերել եմ»,- ասում է նա։ Նիկոլայ Ծատուրյանը սիրով է հիշում, որ տարիներ առաջ Վանո Սիրադեղյանի մուտքը «Մետրո» թատրոն (եկել էր զրուցելու) մի քանի ներկայացման մուտք է ապահովել. չէ՞ որ պաշտոնյան կարեւորել, պատվել է թատրոնը։ – Հալեպի «Ադամյան» թատերախումբը ներկայացումը կխաղա 7-8 անգամ եւ՝ վերջ։ – Չհասկացա, իսկ մեզ մո՞տ ինչպես է, ամերիկահայ ռեժիսոր Ժան Նշանյանն այս առիթով ասում էր. «Մենք ձեզ չհասանք, դուք մեզ հասաք»։ 5-6 ներկայացումից հետո հանդիսատես չկա։ Ներկայացում ես բեմադրում, մտածում ես տարիներով կգնա, մի քանի ներկայացումից հետո չգիտես՝ ինչ անել։ Ռեկլամի փող էլ չկա, որ մարդիկ գոնե իմանան, թե այսինչ տեղում, այսինչ օրը ներկայացում կա։ Վիճակը չի շտկվի, քանի պետական այրերը չեն կարեւորի թատրոնը։ Այսօր դերասանը 7000 դրամ աշխատավարձով ոչ կապրի, ոչ էլ ստեղծագործական խնդիր իր առաջ կդնի։ Այն ժամանակ մենք 250 ռուբլի փող էինք ստանում։ Ճիշտ է, չէր ավելանում, 26 օր հերիքում էր, 4 օր համբերում էինք, նորից էինք ստանում։ Փոխարենը մտածում էինք ստեղծագործելու մասին։ Այսօր մտածում ենք՝ ոնց անենք, թամաշա բեմադրենք, ժողովուրդը գա թատրոն։ Ա՛յ, այսպես էլ ապրում ենք։ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել