Լրահոս
Օրվա լրահոսը

Ականատեսի աչքերով

Ապրիլ 19,2002 00:00

Ականատեսի աչքերով Միջգերատեսչական բախում «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը դեռ չընդմիջված, երեկ ժամը 13-ի սահմաններում դուրս եկանք (ես եւ «Երկիրի» լրագրող Ս. Տռուզյանը) վճռաբեկ դատարանի շենքի տարածքից։ Բոլորովին անսպասելի ականատես եղանք մի քաշքշուկի։ Մեզնից 8-10 քայլ այն կողմ։ Հաստամարմին, քաղաքացիական հագուստով մեկը հայհոյում էր իր կողքին գտնվող ՆԳ աշխատակիցներին, ՆԳ փոխնախարար պրն Հովհաննես Վարյանին։ ՆԳ աշխատակիցները փորձում էին զսպել նրան, սակայն վերջինս չէր ենթարկվում, բռունցքներով «պատասխանում» էր նրանց։ ՆԳ աշխատակիցները (որոնց միացան նաեւ դատարանի մուտքը պահպանող ոստիկանները) փորձեցին «քաղաքացուն» մեքենայի մեջ տեղավորել։ Վերջինս գոռում էր. «Արա, ըստեղ մարդ չկա՞», եւ շարունակում էր հայհոյել։ «Քաղաքացին» այդ ընթացքում մտցվել էր մեքենա, երբ ոստիկաններին թիկունքից շտապեցին օղակել հանրապետության Գլխավոր դատախազության շենքից դուրս եկածները (նշմարեցինք այնտեղ ՀԿԳ քննիչ Հակոբ Բաբայանին)։ Նրանք էլ թույլ չտվեցին… «քաղաքացուն» բերման ենթարկել։ Պարզվեց՝ քաղաքացին Գլխավոր դատախազության քննչական խմբի անդամ Արսեն Բեգինյանն է։ Ծեծկռտուքը դիտում էին բացօթյա սրճարանից դուրս թափված շարքային քաղաքացիները։ Պետավտոտեսչության մի աշխատակից բռնել էր այտը։ Պարզվեց, որ սերժանտը զգուշացրել է «101 SO 01» սպիտակ «06»-ի տիրոջը՝ քննիչին, ավտոմեքենան այլ վայրում կանգնեցնել (քանի որ անվտանգության նկատառումներով մեքենաների համար սահմանված կարգ կա), ինչին ամենազոր քննիչը պատասխանել է ապտակով։ Միջադեպին էլ միջամտել է ՆԳ փոխնախարարը։ Նրան էլ սպասվել է այն նույն ճակատագիրը, ինչը սպասվում է… շարքային քաղաքացիներին մեր օրերում։ ՆԳ փոխնախարարը բարձրացավ գլխավոր դատախազ Ա. Թամազյանի մոտ։ Վերջինիս փոխարեն (տեղում չի եղել) ՆԳ փոխնախարարին էր ընդունել Աղվան Հովսեփյանը։ Խմբագրություն հասնելով, իմ գործընկերներից տեղեկացա, որ (3 անգամ) զանգել է ինչ-որ մեկը, ներկայացել է, որ Գլխավոր դատախազությունից է, սակայն չի կարող անուն-ազգանունը հայտնել։ «Տեղեկացրել» է, որ միջադեպ է եղել, որ ՆԳ փոխնախարարն է մեղավոր եղել եւ, որ նա է սկզբում հարվածել… Դատախազությունն իրեն հատուկ ոճով հավանաբար «գործ» է նախապատրաստում, սակայն ինչո՞ւ է անհանգստացած, երբ այդ ամենի ականատեսը եղանք մենք։ Երբ ոստիկաններից մեկը նույնիսկ նախազգուշացրեց, թե փոխնախարարն է, հասարակական կարգը տվյալ դեպքում խանգարողը շարունակում էր ոտքով հարվածել փոխնախարարին… Քննիչի այդօրինակ կեցվածքը մի անգամ եւս ապացուցեց, որ այդ համակարգում ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել