Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ

Ապրիլ 19,2002 00:00

ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ Հետաքրքի՞ր են, արդյոք, անդրկովկասյան երեք երկրները միմյանց: Հարեւան երկրների մասին տարածվող հատկապես ի՞նչ բնույթի տեղեկատվությունն է գրավում հայաստանյան, ադրբեջանական եւ վրաստանյան լրագրողներին, նրանց լսարանների ուշադրությունը: Ի՞նչ խնդիրներ ունեն հարեւան երկրների մասին գրող լրագրողները: Որո՞նք են տեղեկատվության նրանց հիմնական աղբյուրները: Այս հարցերը պարզելու նպատակով Հետաքննող լրագրողների ընկերակցության «Ռեգիոն» կենտրոնը Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման կովկասյան ինստիտուտի (Վրաստան) եւ Ադրբեջանի լրագրողների պաշտպանության կոմիտեի հետ Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ անցկացրեց անդրկովկասյան լրագրողների հարցում: Նրանք ներկայացնում են ԶԼՄ բոլոր տեսակները (մամուլ, հեռուստատեսություն, ռադիո, on-line) եւ զբաղվում են տարածաշրջանային խնդիրների լուսաբանմամբ: Ի՞նչ է կատարվում հարեւանների մոտ Հարեւան երկրների մասին ստացվող այս կամ այն տեղեկատվության նկատմամբ հետաքրքրությունը տարբեր է: Եթե Ադրբեջանում եւ Հայաստանում արտասահմանյան երկրների մասին ողջ տեղեկատվությունից առաջին հերթին ուշադրություն են գրավում անդրկովկասյան երկրներին վերաբերողները, ապա Վրաստանում այդ տեղեկատվությունը հետաքրքրում է այնքան, որքան Ռուսաստանի, ԱՊՀ այլ երկրների իրադարձությունների մասին պատմող նյութերը: Եթե հայաստանյան եւ ադրբեջանական լրագրողներին նախեւառաջ հետաքրքրում է տարածաշրջանում կոնֆլիկտների կարգավորմանը վերաբերող տեղեկատվությունը (լրագրողներ Հայաստանից` 64%, Ադրբեջանից 84%), ապա վրաց լրագրողների ուշադրությունը բոլորից շատ գրավում են արտաքին քաղաքական բնույթի տեղեկատվությունը (56%): Տարածաշրջանում զգալիորեն ավելի քիչ ուշադրություն է դարձվում սոցիալ-տնտեսական (21%), կրթամշակութային բնույթի (12%) տեղեկատվությանը: Կան լրագրողներ, որոնց հավասարապես հետաքրքրում է հարեւան երկրների մասին պատմող «ցանկացած տեղեկատվությունը» (19%): Հարցվածների գերակշիռ մեծամասնությանը (ընդհանուր ցուցանիշ` 87%) չի բավարարում հարեւան երկրներին վերաբերող տեղեկատվության մատչելիության աստիճանը: Ո՞վ է պատմում մեզ մեր հարեւանների մասին Արդյունքները վկայում են, որ հարեւան երկրների մասին գրող լրագրողները հիմնականում ստանում են միջնորդավորված տեղեկատվություն: Հարցվածների միայն 16%-ին է հաջողվում անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռք բերել Անդրկովկասի մյուս երկրների գործիչների հետ զրույցներից: Տեղեկատվության հիմնական աղբյուրներն են հարեւան երկրների (55%) եւ տեղի լրատվական գործակալությունները (52%), իրենց երկրների այլ լրատվամիջոցների հատուկ թղթակիցները (48%), արեւմտյան ԶԼՄ-ները (39%): Չնայած այն հանգամանքին, որ լրագրողների զգալի մեծամասնությունն ունի Ինտերնետից օգտվելու մեծ հնարավորություն (նրանց 81%-ը նման կապ ունի աշխատանքային վայրում, 12%-ը՝ նաեւ տանը, 35%- ն ունի սեփական էլեկտրոնային փոստ), այնուամենայիվ կապի այս տեսակը չի մտնում տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրների շարքը: Հետաքրքիր է, որ հարցվածների 33%-ը տեղեկատվության ոչ մի աղբյուրի չի վստահում: Լրագրողներին մասնակի վստահություն են ներշնչում իրադարձությանը չեզոք վերաբերմունք ցուցաբերող աղբյուրները (60%): Որոշ խումբ են կազմում այն հարցվածները, որոնք չեն վստահում սեփական երկրի պաշտոնական շրջանակներից դուրս եկող տեղեկատվությանը (Վրաստան-8%, Հայաստան-16%, Ադրբեջան- 28%): Լրագրողների ակնհայտ մեծամասնությունը հավաստում է, որ մշտապես կամ հաճախ են այն դեպքերը, երբ չի հաջողվում ստանալ հարեւան երկրների մասին իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը «առաջին ձեռքից»: Սակայն միայն 36%172ն է խոստովանում, որ այդ հանգամանքն ազդում է իրենց նյութերի որակի վրա: Ինչպե՞ս ներկայացնել հարեւաններին Հարցված լրագրողների 75%-ն ընդգծում է, թե Անդրկովկասում միջազգային եւ միջպետական հարաբերությունները վերլուծելիս իրենք ղեկավարվում են սեփական հայացքներով: Միայն չնչին մասն է խոստովանում, որ իրենց վրա ազդում են հարեւան պետությունների ու ժողովուրդների մասին տարածված ստերեոտիպերը (6 լրագրող Ադրբեջանից եւ 4-ը` Վրաստանից): Որ ԶԼՄ-ները նպաստում են ստերեոտիպերի ձեւավորմանը, ընդգծում է հարցվածների 73%-ը: Լրագրողների 84%-ը Հայաստանից, 40%-ը Վրաստանից, 36%-ը Ադրբեջանից՝ եղել են հարեւան երկրներում: Հայաստանյան լրագրողների մեծ մասը Վրաստան եւ Ադրբեջան է մեկնել միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ տեղի ունեցած տարածաշրջանային սեմինարներին, կոնֆերանսներին մասնակցելու նպատակով: Ադրբեջանցի 25 լրագրողներից 16-ը կուզեին աշխատել հարեւան երկրում (նրանցից 5-ը` Հայաստանում, 7-ը` Վրաստանում): 25 հայաստանյան լրագրողներից 7-ը դեմ չէր լինի Ադրբեջանում, 2-ը Վրաստանում սեփական թղթակից աշխատելուն: 25-ից 3-ական վրաստանցի լրագրողներ սեփական թղթակից կաշխատեին Հայաստանում եւ Ադրբեջանում: ԼԱՈՒՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Վերլուծության ամբողջական տարբերակը կարող եք կարդալ՝ Հետաքննող լրագրողների ընկերակցության www.hetq.am/ru/region էջում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել