Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ հողը դարձավ փող

Ապրիլ 19,2002 00:00

Երբ հողը դարձավ փող Հենց այդ ժամանակ էլ Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտայի (Ավանի խճուղի) 29/1 եւ 29/4 հասցեում գտնվող տների բնակիչների միջեւ 50 տարի կողք կողքի եւ «մի տան պես» ապրելուց հետո վեճ առաջացավ։ Դրա արդյունքում, 4 տարի ձգվող այս դատական գործընթացի վերջն այսօր էլ չի երեւում։ Բանն այն է, որ 1953թ. ներքին առուծախի պայմանագրի հիման վրա Ա. Վասյուկովի պապն ու տատը 29/1 տանը բնակվող Վարդանյաններից գնել են նրանց հողատարածության վրա գտնվող անօրինական կառույցը (որը տերերին իբրեւ հնձան է ծառայել)։ Ի դեպ, այդ պայմանագիրն ի սկզբանե առ ոչինչ էր, քանզի կառույցն անօրինական էր, հետեւաբար պայմանագիրը նոտարական վավերացում չէր կարող ստանալ։ Քաղխորհրդի որոշմամբ, այդ անօրինական կառույցը՝ 300 քմ հողամասով տրվել է Վասյուկովների ընտանիքին՝ օգտագործման համար։ 1954-ին կազմվել է կադաստրային գործ, ընդ որում, առկա է քաղխորհրդի կողմից տրված օգտագործման հիմքը, հողային տարածքի գծագիրը, գույքային թերթիկը։ Ըստ բողոքարկող կողմի՝ Ա. Վասյուկովի (որը նամակ-խնդրանքով դիմել է խմբագրություն՝ արդարությունը լուսաբանված տեսնելու ակնկալիքով), մինչ 1998թ. նա բազմիցս դիմել է համապատասխան մարմիններին՝ բնակտարածությունն օրինականացնելու համար, սակայն մերժվել է՝ «դա կանաչ տարածք է՝ չենք կարող» պատճառաբանությամբ։ 1998-ին, կառավարության թիվ 114 որոշումից հետո, համաձայն որի, անօրինական շինություն զբաղեցնողներն իրավունք են ստանում դրանք օրինականացնելու, Վասյուկովի դիմումը մերժվել է՝ «հարեւանների հետ վեճի առկայության» պատճառով։ Մինչդեռ, միեւնույն ժամանակ, Վարդանյանների դիմումը՝ այն օրինականացնելու եւ սեփականացնելու՝ դրական լուծում է ստացել, ինչի արդյունքում Վասյուկովի բնակտարածքը հայտնվել է Վարդանյանների տան եւ հողամասի նախագծում՝ սեփականության իրավունքով։ Այդտեղից էլ սկիզբ է առել մինչ օրս ձգվող դատական գործընթացը։ Վարդանյանները վիճարկում են այն փաստը, որ 1985-ին Ա. Վասյուկովի մայրը այդ տարածքում հաշվառված լինելով՝ Նոր Նորքում երկու սենյականոց բնակարան է ստացել։ Մոր հետ այդ բնակարան է տեղափոխվել նաեւ Ա. Վասյուկովը՝ կնոջ եւ աղջկա հետ։ Սակայն Ա. Վասյուկովը պնդում է, որ ինքը միայն փաստաթղթերով է Նոր Նորքի բնակարանում գրանցված՝ փաստացի բնակվել եւ բնակվում է Մյասնիկյան պողոտայի 29/4 տանը։ Ի դեպ, հարեւանների մի մասը պնդեց, մյուս մասը՝ հերքեց վերոասվածը (հասկանալի պատճառներով անուններ չենք հրապարակում)։ Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 157 հոդվածի համաձայն, եթե քաղաքացին կամ իրավաբանական անձը անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն 10 տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ եւ անընդմեջ տիրապետում է իբրեւ սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք՝ ձեռքբերման վաղեմության ուժով։ Վաղեմությունը վկայակոչող անձն, ի դեպ, կարող է իր տիրապետման ժամկետին միացնել նաեւ այն ժամանակը, որի ընթացքում գույքը տիրապետել է անձը, որի իրավահաջորդն է ինքը հանդիսանում։ Վասյուկովների ընտանիքը, փաստորեն, արդեն 5 տասնամյակ բնակվում է «հնձան» որակված այդ տանը եւ բարեխիղճ հարկատու է։ 1991թ. Հողային օրենսգրքի 5 եւ 9 հոդվածների համաձայն, հողամասը եւս պետք է դառնա Վասյուկովների սեփականությունը։ Մինչդեռ, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճռով, Ա. Վասյուկովի հայցը՝ սեփականության իրավունքի վկայականը մասամբ անվավեր ճանաչելու մասով, կարճվել է եւ ժառանգության իրավունքի վկայականները մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասով՝ մերժվել։ Բավարարվել է Վարդանյանների հայցը՝ Մյասնիկյանի 29 հասցեի նկատմամբ 400 դոլար փոխհատուցում տալու միջոցով դադարեցնել Վասյուկովի իրավունքը եւ նրան վտարել զբաղեցրած հասցեից։ Վասյուկովի փաստաբան Ա. Ճուղուրյանի կարծիքով, դատարանի վճիռը հակասում է գործի նյութերին. «Մեր եւ պատասխանողների հայցը մեկ վարույթում է քննվել, ուստի խեղաթյուրվել են գործի ապացույցները եւ ոչ օբյեկտիվ գնահատական է տրվել»։ Վարդանյանների փաստաբան Վ. Բալաբանյանի կարծիքով, «կադաստրային գործը կեղծիքի հիման վրա է կազմվել. հանձնաժողովի մի անդամի գրած մի կողմ գցածով ոչինչ չի որոշվում։ Այդ դակումենտը սարքված է (սակայն այդպես էլ չգտավ, որ ցույց տա, թե ինչպես է սարքված- Ն. Գ.)… 1999-ի քաղօր-ով է ասվում, որ տիրապետման վաղեմության ուժով մարդը դառնում է սեփականատեր, բայց վիճարկվող տարածքը 1953թ-ից պատկանել է Ա. Վարդանյանին ու ժառանգաբար անցել մյուսներին։ …Հարկային մարմիններն իրենց փողի տերն են։ Վերցրել անդորրագիր են տվել, նրանք սեփականություն հաստատող մարմին չեն»։ Ի դեպ, պրն Բալաբանյանը գտնում է նաեւ, որ «իրավունք չկար հնձանի վերաբերյալ առանձին տնային գիրք բացել, բայց բացել են» (Վասյուկովները- Ն. Գ.)։ Վերջը չերեւացող այս դատական գործն այժմ քննվում է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել