Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶԱՏ

Ապրիլ 19,2002 00:00

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶԱՏ Թուրքական էներգետիկ շուկան այսօր գայթակղիչ է դարձել նախկին խորհրդային հանրապետությունների համար: Գրավիչն այդ երկրում գործող էլեկտրաէներգիայի բարձր սակագները եւ էլեկտրաէներգիայի որպես ապրանք օրըստօրե մեծացող պահանջարկն է: Թուրքիայում 1կվտ172ժամ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը գերազանցում է 10 ցենտը, այն դեպքում, երբ Ռուսաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ինքնարժեքը տատանվում է 1 ցենտի, Ադրբեջանում եւ Վրաստանում՝ 2 ցենտի, իսկ Թուրքմենստանում՝ 0,5 ցենտի սահմաններում: Իսկ ինչպիսին է Հայաստանի հնարավորությունները՝ Թուրքիայի էներգետիկ շուկա մուտք գործելու առումով: Մասնագետների պնդմամբ, Հայաստանը կարող է թուրքական շուկա արտահանել 2,5 ցենտանոց էլեկտրաէներգիա: Թուրք տեսաբանների կարծիքով, մի քանի տարի հետո այդ երկրում էլեկտրաէներգիայի պահանջը կկազմի տարեկան մոտ 75 մլրդ կվտ172 ժամ, եւ այն հնարավոր չի լինի բավարարել այսօր երկրում տեղակայված կայանների միջոցով: Մասնագետները նշում են, որ չնայած համեմատաբար թանկ ինքնարժեքին, Թուրքիայում էլեկտրաէներգիայի սպառումը տարեցտարի աճում է: Այստեղ առավել քան բնական կարելի է համարել տարածաշրջանի երկրների՝ թուրքական էներգետիկ շուկային տիրանալու ձգտումը: Այս առումով հասկանալի է նաեւ Հայաստանի հետաքրքրությունը: Մենք ունենք էլեկտրաէներգետիկ հզորությունների ավելցուկ, եւ ըստ ՀՀ էներգետիկայի նախարար Ա. Մովսիսյանի, Հայաստանից հնարավոր է արտահանել տարեկան մոտ 100 մլն դոլարի էլէներգիա, ինչու չէ՝ նաեւ Թուրքիա: Իսկ Հայաստան-Թուրքիա աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս էլէներգիայի տեղափոխման ընթացքում հնարավոր կորուստները հասցնել նվազագույնի: Բնական է, որ գործարքը տնտեսապես շահեկան կարելի է համարել երկու երկրների համար էլ: Տեղին է դիտարկել թուրքական էներգետիկ շուկայով հետաքրքրված այլ պետությունների էներգետիկ հնարավորությունները եւս: Եվ այսպես, ռուսական «ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը – 2001172ի մարտից Թուրքիա է արտահանում էլեկտրաէներգիա՝ 1կվտ172ն 3 ցենտ արժողությամբ, որի ինքնարժեքը, սակայն, տեղափոխման ծախսերի հետեւանքով համարյա թե կրկնակի մեծանում է: Ինչը հայկական էլեկտրաէներգիայի դեպքում գործնականում բացառված է: Վերլուծությունները ցույց են տալիս, որ ոչ շատ վաղ անցյալում Անկարայում ամենայն լրջությամբ էին վերաբերում երկրում էլեկտրական կայանների կառուցման նախագծերին: Մասնավորապես, դեռեւս 90-ական թվականներին հնարավոր էր համարվում այդ կայանների շինարարությունը վստահել ռուսական եւ ամերիկյան ընկերություններին: Սակայն առ այսօր այդ առումով թուրքական էներգետիկ ոլորտում նորություններ չեն արձանագրվել: Մնում է ենթադրել, որ Անկարան հասկացել է էլէներգիայի ներմուծման տնտեսապես շահավետությունը նոր էլեկտրական կայանների կառուցման նկատմամբ: Եվ այսպես, 1994թ. պայմանագիր է ստորագրվում Թուրքիայի, Թուրքմենստանի (որպես մատակարար) եւ Իրանի (որպես տեղափոխող) միջեւ: Հետագա տարիների ընթացքում աշխատելով պահպանել Աշխաբադի հետաքրքրությունը թուրքական էներգետիկ շուկայի նկատմամբ, միաժամանակ պաշտոնական Անկարան սկսեց բանակցություններ վարել նաեւ էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորություն ունեցող այլ երկրների հետ: Մասնավորապես, 1999թ. պայմանագիր կնքվեց Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ բարձրավոլտ (500Վ) էլեկտրահաղորդման գիծ (ԷՀԳ) կառուցելու մասին: ԷՀԳ-ի միջոցով հնարավոր էր դառնում Վրաստանի տարածքով դեպի թուրքական շուկա արտահանել ադրբեջանական էլեկտրաէներգիան: Իսկ ահա արդեն 2000-ին ՌԴ վարչապետ Մ.Կասյանովի եւ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Ջ.Էրսյուների միջեւ համաձայնություն է ձեռք բերվում ռուսական էլեկտրաէներգիան Թուրքիա արտահանելու մասին: Ըստ հրապարակված տվյալների, Թուրքիան ընդհանուր առմամբ հնարավորություն ունի տարեկան երկիր ներմուծել 13 մլրդ կվտ172 ժամ էլեկտրաէներգիա, 7 մլրդ՝ Թուրքմենստանից, 2,5 մլրդ՝ Ադրբեջանից եւ ավելի քան 3,6 մլրդ՝ Ռուսաստանից: Այս համատեքստում Հայաստանի համար եւս հեռանկարային կարող է համարվել թուրքական էներգետիկ շուկայում հայտնվելը: Տնտեսապես փոխշահավետ գնահատվող այս գործարքում /եթե այն իրականանա/ լուծում պահանջող միակ խնդիրը ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման անհրաժեշտությունն է, ինչը տարածաշրջանում ստեղծված արտաքին բարդ քաղաքական հարաբերությունների պայմաններում «յոթ սարի ետեւում» է թվում: Եվ այստեղ այն ենթադրությունը, որ բաշխիչ ցանցերի մասնավորեցման կրկնակի տապալված գործընթացը հետեւանք կարող է լինել նաեւ ապագա սեփականատիրոջ հեռանկարներին հայկական էլէներգիան թուրքական էներգետիկ շուկա արտահանելու հնարավոր տարբերակի վերաբերյալ /որի համար միայն տեխնիկական հարցեր չէ, որ պետք է լուծվեն/, տրամաբանությանը շատ մոտ է թվում: Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել