Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՌԵԱԿՑԻՈՆԻԶՄ

Ապրիլ 19,2002 00:00

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՌԵԱԿՑԻՈՆԻԶՄ Երեկ ասուլիսում նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը կարեւորեց «Զանգվածային լրատվության մասին» նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը։ Իսկ «Մամուլի մասին» գործող օրենքը փոխելու անհրաժեշտությունը կարեւորեց մասնավորապես հետեւյալ նկատառումներով. «Նախ, օրենքի ընդունումից հետո փոխվել են շատ իրողություններ, եւ պետք է օրենքը համապատասխանեցնել ներկա իրողություններին։ Երկրորդը՝ օրենքի մեջ կան իսկապես ռեակցիոն դրույթներ, որոնք այսօր ավելի ազատականացվում կամ հանվում են»։ Նա նաեւ գոհունակություն հայտնեց, որ «այդ ռեակցիոն դրույթները, բարեբախտաբար, չեն կիրառվել, եւ որեւէ մեկն իր մաշկի վրա դրանք չի զգացել»։ «Հայկական ժամանակի» թղթակիցը խնդրեց մատնանշել «ռեակցիոն» որեւէ դրույթ գործող օրենքից, եւ Վահե Գաբրիելյանը հիշատակեց լրատվամիջոցների գործունեությունը դադարեցնելու եւ կասեցնելու վերաբերյալ հոդվածները. «Այսպիսի հոդվածներ առաջարկվող նոր տարբերակում չկան»։ Թղթակիցը, սակայն, նշեց, որ այդ հոդվածները կարող են կիրառվել միայն այն պարագայում, երբ լրատվամիջոցը պոռնոգրաֆիա է տարածում, կամ, ասենք, քարոզում ռասայական խտրականություն։ «Իսկ եթե ընդհանրապե՞ս չկա կասեցնելու մասին հոդված»,- զենքերը վայր չդրեց նախագահի խոսնակը՝ արժանանալով «Ա1+»-ի թղթակցի ռեպլիկին՝ «Այսինքն, կարելի՞ կլինի պոռնոգրաֆիա տարածել»։ Վահե Գաբրիելյանն ի պատասխան նշեց. «Եթե խախտվում է Քրեական օրենսգիրքը՝ կարիք չկա, որ «Մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցների մասին» օրենքում այդ մասին հղում լինի»։ Նկատենք, որ այս պարագայում խիստ սակավ են դառնում փոքրիշատե լուրջ հիմնավորումները, որոնք անհրաժեշտ են դարձնում «Մամուլի մասին» առանձին օրենքի գոյությունը, քանզի ոլորտը լիովին կարգավորելի է արդեն իսկ գործող օրենսդրական հենքի վրա։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել