Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ

Ապրիլ 19,2002 00:00

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ Այսօր կայացել է «ԱրմենՏել» ընկերության գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը, որին հրավիրված էին ընկերության ներկայացուցիչներն ու ՀՀ կառավարությանն առընթեր միջգերատեսչական հանձնաժողովի անդամները: «ԱրմենՏել»-ի գործադիր տնօրենի տեղակալ Գեորգուլաս Վասիլակիսը հրաժարվել է մեկնաբանել ընկերության գործունեության վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը եւ պատասխանել դրա ներկայացուցիչների հարցերին: Նշենք, որ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության համաձայն, «ԱրմենՏել» ընկերությունը չի կատարել իր ներդրումային պարտականությունները: Եզրակացության մեջ խոսք է գնում նաեւ ընկերության գործունեությունում տեղ գտած այլ իրավախախտումների մասին: Գեորգուլաս Վասիլակիսը, ներկայացնելով «ԱրմենՏել» ընկերության 4-ամյա գործունեությունը, նշել է, որ ընկերության միակ նպատակը Հայաստանի հեռահաղորդակցության ցանցի արդիականացումն է: Նրա ասելով, ներդրումային հարցերում ընկերությունը երբեք չի ղեկավարվել արագ շահույթ ստանալու սկզբունքով: Վասիլակիսը վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանի հեռահաղորդակցության համակարգը կհամապատասխանի եվրոպական բոլոր չափանիշներին: Խոսելով ներդրումների մասին՝ Վասիլակիսը նշել է, որ իր գործունեության միայն առաջին երեք տարիներին «ԱրմենՏել» ընկերությունը ներդրել է 127 մլն դոլար: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ KPMG աուդիտորական ընկերության ստուգումների տվյալների համաձայն, իր գործունեության առաջին երեք տարիներին «ԱրմենՏել»-ը ներդրել է 119 մլն դոլար: Նրա ասելով, ընկերությունը 20 տոկոսով գերազանցել է իր ներդրումային պարտավորությունները: Վասիլակիսը ներկաներին հավաստիացրել է, որ առաջիկա երեք տարվա ընթացքում «ԱրմենՏել»-ը մտադիր է եւս 120 մլն դոլար ներդնել հանրապետության հեռահաղորդակցության ցանցում: Նրա ասելով, այդ միջոցները կուղղորդվեն քաղաքային հեռախոսահամակարգերի փոխադրմանը թվային կապի, բջջային եւ ինտերնետային կապի որակի բարելավմանը: Պատասխանելով երկրի հեռահաղորդակցության համակարգի վատ վիճակի եւ այդ ոլորտի բարձր սակագների վերաբերյալ հայ պատգամավորների մեղադրանքներին՝ Վասիլակիսը հայտարարել է, որ եթե ընկերության գործունեությունը երկրի իշխանություններին չի բավարարում, «ԱրմենՏել»-ը կդիմի Լոնդոնի միջնորդ դատարան: Միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար Սերժ Սարգսյանն իր հերթին նշել է, որ չի կարելի «ԱրմենՏել»-ի գործունեությունը գնահատել՝ հիմնվելով KPMG աուդիտորական ընկերության ստուգումների տվյալների վրա: Որպես իր խոսքերի ապացույց՝ Սարգսյանը վկայակոչել է KPMG ընկերության եզրակացությունը, որում, մասնավորապես, նշվում է, թե KPMG-ի անցկացրած ստուգումները չեն կարող համարվել աուդիտ եւ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Փաստաթղթում նաեւ ասվում է, որ ստուգումների տվյալները կարող են օգտագործվել բացառապես տեղեկատվական նպատակով եւ չեն արտացոլում «ԱրմենՏել» ընկերության ֆինանսական գործունեության ողջ էությունը: ԱՐՄԻՆՖՈ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել