Իրենք դեռ ընթացքի մեջ են ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանը խմբակցության անունից հայտարարեց, որ իրենք հրաժարվում են մասնակցել հետագա ճեպազրույցներին այնքան ժամանակ, քանի դեռ «Ա1+»-ը չի վերահեռարձակվելու։ Խումբ-խմբակցությունների ղեկավարներն իրենց կարծիքը ներկայացրին Կրասնոդարի երկրամասում հայերի եւ հայկական գերեզմանների նկատմամբ վերջին օրերին դրսեւորվող վերաբերմունքի մասին։ Գրեթե բոլորը միակարծիք էին, որ իշխանությունները (երկրի նախագահի եւ ԱԺ նախագահի մակարդակով) պետք է անհապաղ իրենց վերաբերմունքը դրսեւորեն։ Իսկ մեզ համար այնքան էլ հասկանալի չէ ԱԳՆ-ի պասիվությունը։ Երբ խոսքը վերաբերում է ազատ խոսքի ճնշման երեւույթների դեմ ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, մեր ԱԳՆ-ն շտապում է հայտարարություն անել եւ փաստել, թե իբր Հայաստանում խոսքի ազատությունը չի ճնշվում, իսկ երբ խոսքը վերաբերում է հայերի հանդեպ վերաբերմունքին՝ կիսալռում է։ Օրվա կեսին Վարդան Օսկանյանն ընդամենը մտահոգություն է հայտնել այս կապակցությամբ եւ հույս է հայտնել, որ ՌԴ ղեկավարությունը ճիշտ քայլեր կձեռնարկի։ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համար կարծես այնքան էլ զարմանալի կամ վրդովեցնող չէ այն, ինչ կատարվում է Կրասնոդարի հայերի հետ, քանի որ Հանրապետական կուսակցության կարծիքը միանշանակ է՝ հայը պետք է ապրի իր հայրենիքում։ Իսկ եթե իր հայրենիքում հայն ապրելու պայմաններ չունի, ուրեմն կրկին հայն է մեղավոր. «Յուրաքանչյուր ազգ ինքն է իր պայմանները ստեղծում, իշխանությունները գալիս ու գնում են եւ նորից չեն վերադառնում»։ ՀՀԿ-ն այսօր իշխանություն է, ուրեմն գնալո՞ւ պրոցեսում է. «Մենք դեռ ընթացքի մեջ ենք»,- հակադարձեց Գալուստ Սահակյանը։ Հայաստանի պատգամավորական խումբն օրերս կմեկնի Կրասնոդարի մարզ, սակայն առայժմ պարզ չէ՝ այցը կլինի՞ ՌԴ Պետդումայի հետ համատեղ։ Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Ա. Դրյուկովը ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի հետ հանդիպումից հետո ասաց, որ ինքը շատ լավ հասկանում է, որ անառողջ իրադրություն է ստեղծվել, սակայն խորհուրդ տվեց սպասել, ասելով, թե հայ պատգամավորները կմեկնեն Կրասնոդար եւ իրենց աչքերով կտեսնեն, թե ինչ է իրականում կատարվում այնտեղ։ Ա. Դրյուկովը համաձայն չէր «ազգամիջյան բախում» եւ «արտաքսում» բնորոշումներին. «Սա անօրինական ներգաղթը սահմանափակելու խնդիր է», իսկ այդպիսիք, ըստ դեսպանի, միայն հայերը չեն։ Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցողը կարելի՞ է համարել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ծագած միջպետական հարց։ Պրն դեսպանը հարցից դիվանագիտորեն խույս տալու փորձ արեց. «Իսկ ի՞նչ է տեղի ունենում Կրասնոդարում։ Իսկ ինչո՞ւ են այլ երկրներ՝ Գերմանիան, Ֆրանսիան, Անգլիան արտաքսում անօրինականորեն գաղթածներին»։ Ի դեպ, խորհրդարանական խումբ-խմբակցությունների ղեկավարները եւս համաձայն չէին, թե Կրասնոդարում տեղի ունեցողը միջպետական հարաբերությունների արդյունք է։ Երկրամասում հայկական գերեզմանների պղծման փաստերը պատգամավորները միանշանակ մերժեցին։ «Դա բարբարոսություն է եւ դա ակնհայտ ազգային թշնամանքի հրահրման փորձ է»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը։ Մ. ԵՍԱՅԱՆ