Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԻՆՎԱԾ՝ ՄԻՆՉԵՎ ԱՏԱՄՆԵՐԸ

Ապրիլ 19,2002 00:00

ԶԻՆՎԱԾ՝ ՄԻՆՉԵՎ ԱՏԱՄՆԵՐԸ Իր իսկ բնորոշմամբ՝ այդպես էր եկել Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը։ Նրա «զենքերը» մամուլին առնչվող տարբեր օրենքներն էին ու «Շարմի» մրցութային՝ շատերին անհասանելի առաջարկը։ «Հայաստանում սկսվել է գրաքննության ժամանակաշրջան»,- սա ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանի դիտարկումն էր։ Նախագահի խոսնակը վիճարկեց ե՛ւ այդ, ե՛ւ միջազգային ու տեղական մի շարք կազմակերպությունների հայտարարությունները, թե Հայաստանում լրջորեն վտանգված է խոսքի ազատությունը, որի ապացույցը, մասնավորապես, «Ա1+»-ին եթերից զրկելն է. «Ես չեմ կարծում, որ դա լուրջ հիմնավորում ունեցող հայտարարություն կամ տեսակետ է։ Եվ որեւէ քննադատության չի դիմանում՝ մի շարք պատճառներով։ Եթե բացում ենք այսօրվա մամուլը եւ տեսնում, թե ինչ, ինչպես եւ ինչպիսի որակումներով է գրված իշխանությունների հասցեին, ապա խոսքի ազատության սահմանափակման մասին խոսելը, մեղմ ասած, չեմ կարծում, թե պարկեշտ բան է»։ Պարզ է, որ Վահե Գաբրիելյանը նկատի ուներ տպագիր մամուլը, որի տպաքանակներն, ի դեպ, չնչին են։ Առավել մեծ լսարան ունեցող էլեկտրոնային լրատվամիջոցները կա՛մ իշխանությունների վերահսկողության ներքո են, կա՛մ էլ լինում է այն, ինչ եղավ «Ա1+»-ի հետ։ Սակայն նախագահի խոսնակը պնդում էր. «Գրաքննություն չի՛ եղել եւ չի՛ լինելու։ Այսինքն՝ ասել, թե գրաքննություն է մտցվում Հայաստանում, նույնպես, մեղմ ասած, ճիշտ չէ»։ Հակառակի վերաբերյալ հայտարարությունները նա դիտարկեց «գալիք ընտությունների քարոզարշավի շրջանակում»։ Եթե այս դիտարկումը դեռ կարող է տեղին թվալ քաղաքական կուսակցությունների պարագայում, լիովին անտեղի է լրագրողական կազմակերպությունների կամ միջազգային հանրության դեպքում, որոնց մտահոգությունները՝ Հայաստանում խոսքի ազատության հետընթացի վերաբերյալ որեւէ առնչություն չունեն մեր նախընտրական մրցարշավին։ Արտաքին «ճակատի» համար այլ մարտավարություն է ընտրված՝ փորձել համոզել, թե կատարվածը բացառապես օրենքի շրջանակում էր։ «Ամբողջ հասարակությունը պնդում է, որ մեզ պետք են օրենքներ, մեզ պետք է իրավական պետություն, սակայն երբ որ գալիս է օրենքը կիրառելու պահը (…) արդեն խնդիրներ են առաջանում։ Կարծում եմ, նույնն էլ այս պարագայում է՝ «Ա1+» հեռուստաընկերության հետ կապված,- ասաց պրն Գաբրիելյանը։- Ո՞րն է այստեղ խնդիրը։ Իրավական տեսակետից խնդիր չի երեւում։ Համենայն դեպս, իշխանությունների տեսակետն այն է՝ եղել է օրենք, քննարկվել, ընդունվել է՝ հիմա պիտի կիրառվի օրենքը։ Եթե կան այլ կարծիքներ, որ չպետք է կիրառվի օրենքը, կամ չպետք է այդ կերպ կիրառվի, ապա դա գտնվում է այլ՝ նորից իրավական հարթության վրա»։ Փաստորեն, հեշտությամբ անտեսվեցին օրենքի իսկ հեղինակների պնդումները, թե մրցույթների անցկացման ընթացքում բազմաթիվ օրինախախտումներ են արվել, եւ նենգափոխվել է մրցույթի իսկ գաղափարը։ «Չեմ ցանկանում այսօր խոսել օրենքի խախտման այդ մեղադրանքների մասին,- ասաց նախագահի խոսնակը։- Մեր համոզմամբ, Ազգային հանձնաժողովը գործել է օրենքի շրջանակներում։ Սակայն որեւէ մանրամասնի կամ դետալի մասին ես այսօր չեմ խոսի, քանի որ հարցը դատարանի վարույթում է, եւ դատարանն է, որ պետք է որոշի՝ Ազգային հանձնաժողովն օրենքը խախտե՞լ է, թե՞ չէ։ Եվ ես դրանից ձեռնպահ կմնամ, որպեսզի հետագայում որեւէ մեղադրանք չհնչի, թե նախագահի աշխատակազմը կամ նախագահը դատարանին ուղղորդող կամ հուշող ինչ-որ բան է ասել»։ Բայց, արդյոք, պրն Քոչարյանն արդեն իսկ չի ուղղորդել՝ նույնպես հայտարարելով, թե օրինախախտումներ չեն եղել։ Այս հարցին ի պատասխան՝ Վահե Գաբրիելյանը մեկ անգամ եւս պնդեց, թե իրենց համոզմամբ՝ օրենքը չի խախտվել, եւ ժխտեց, թե սա ճնշում է դատարանի վրա. «Կարծի՛ք է»։ Նրան հարցրին, թե նախագահը մտադի՞ր չէ հանուն քաղաքական կայունության՝ ինչ-ինչ քայլեր ձեռնարկել մրցույթի արդյունքները վերանայելու նպատակով. «Մրցույթի անցկացումը եւ դրա հետ կապված խնդիրները նախագահի իրավասության ոլորտում չեն։ Եվ ես չեմ հասկանում, թե ինչ կարելի է պատկերացնել՝ «նախագահը քայլեր ձեռնարկի՝ այդ կայունությունը վերականգնելու առումով» ասելով»,- պատասխանեց նա։ Մինչդեռ Միջին Ասիա մեկնելուց առաջ Ռոբերտ Քոչարյանը պատրաստակամություն էր հայտնել «Ա1+»-ի կոլեկտիվի հետ հանդիպման ընթացքում «միասին մտածել, թե ինչ լուծումներ կարող ենք գտնել հետագայի համար», եւ կամ, նշում էր՝ «միշտ էլ կարելի է բանակցել, միշտ էլ կարելի է հնարավորություն ստեղծել, որ իրենց գործունեությունը շարունակեն»։ Նախագահի խոսնակին հիշեցրինք այս արտահայտությունները եւ հետաքրքրվեցինք. ուրեմն այս խնդիրները նախագահի իրավասության ոլորտո՞ւմ են, եւ ինչ-ինչ լծակներ նա ունի՞։ Ու թեեւ պրն Գաբրիելյանը նախապես նշեց. «Շատ լավ հիշում եմ, թե ինչ ասաց նախագահը», հետագա պատասխանից ակնհայտ դարձավ, որ խոսնակն, այսպես ասած, անհարկի էր պարծենում իր հիշողությամբ։ Համեմատեք Ռոբերտ Քոչարյանից վերոհիշյալ մեջբերումները դրանց Վահե Գաբրիելյանի մեկնաբանությունների հետ. «Մրցույթին նախորդող ժամանակահատվածում եւ մրցույթից անմիջապես հետո տարբեր լրատվամիջոցներով անընդհատ հնչում էին կարծիքներ, որ «Ա1+»-ը փակելու են, «Ա1+»-ը փակեցին, որ այս ամենը քաղաքական պատվեր է, ճնշումների հետեւանք, այս ամենի հետեւում կանգնած է հանրապետության նախագահը։ Բնականաբար, եթե այսքան եւ շարունակաբար մեղադրում են նախագահին՝ պետք է ասեր. «Եկեք-տեսնենք՝ ինչն է խնդիրը»։ (…) Նա «Ա1+»-ին հրավիրում էր, որպեսզի քննարկեր եւ «Ա1+»-ի հետ տեսներ՝ ինչն է նրանց հուզող խնդիրը, եւ ինչպես կարող է փարատել նրանց մտահոգությունները»։ Եվս մեկ անգամ հիշեցրինք, որ պրն Քոչարյանը խոսել է ոչ թե մտահոգությունների (որոնք ակնհայտ են), այլ լուծումների՛ մասին։ «Այո՛, միասին քննարկենք՝ ինչ լուծումներ կան օրենքի շրջանակներում»,- վերջին բառակապակցությունն էլ խոսնակի անձնական ներդրումն էր նախագահի խոսքում։ Ի դեպ, ՄԱԱ-ի նախագահի խնդրանքով պրն Գաբրիելյանը պարզաբանեց, թե ինչ չափանիշներից ելնելով է Ռոբերտ Քոչարյանը նշանակել Ազգային հանձնաժողովի անդամներին։ Եվ երբ նաեւ թվարկեց «հայոց լեզվի տիրապետում» չափանիշը, Նարինե Մկրտչյանը զարմացավ. «Շամիրամ Աղաբեկյանը հայոց լեզվին լավ տիրապետո՞ւմ է»։ «Ազգ» թերթում հոդվածները կարծեմ հայերեն է գրում»,- իր լավատեղյակությամբ զարմացրեց խոսնակը։ Իսկ այժմ՝ «Հույսը, ասում են, վերջինն է մեռնում» շարքից։ «Ա1+» հեռուստաընկերությունն ունի տարբեր հաճախություններով, տարբեր ժամանակահատվածներում մրցույթների մասնակցելու հնարավորություն,- ասաց նախագահի խոսնակը եւ «Այբ-Ֆե»-ի թղթակցին հորդորեց՝ տխուր եւ նոստալգիկ հայացքով չնայել։- Կարծում եմ նաեւ, որ «Ա1+»-ը շանսեր ունի հաղթելու՝ ինչպես ցանկացած այլ հեռուստաընկերություն»։ Քիչ անց հավելեց, թե «Ա1+»-ն ունի եթեր վերադառնալու իրական հնարավորություն։ Նման հույսերով տեւական ժամանակ «կերակրում էին» նաեւ «Նոյյան Տապանին»։ Հետեւանքներն ակնհայտ են։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Այս ասուլիսի ընթացքում Վահե Գաբրիելյանն այնքան կրկնեց, որ ճիշտ չէ, թե «Ա1+»-ը եթերից զրկվել է կամ փակվել, որ սրտներս կասկած ընկավ՝ չլինի՞ նա իր առանձնասենյակում կամ տանը դեռ կարողանում է ինչ-որ կերպ դիտել «Ա1+»-ը։ «Տեսագրել եւ անընդհատ նայում ենք»,- կատակեց խոսնակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել