«ՓՉԱՑԱԾ ՀԵՌԱԽՈՍԻ» ԴԵՐՈՒՄ ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դատավարությունը շարունակվում է արդեն մեկ ամիս: Մենք կրկին դիմեցինք վերջինիս փաստաբան Ռոբերտ Գրիգորյանին եւ խնդրեցինք գնահատել դատավարության անցած փուլը եւ կարծիք հայտնել, թե որքանով այդ ընթացքում դատարանում հնարավոր եղավ ապացուցել կամ հերքել Մ.Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքները: «Եթե օբյեկտիվ լինեմ՝ պետք է ասեմ, որ թեեւ դատավարությունն ընթանում է առաջադրված մեղադրանքի շրջանակներում, բայց միաժամանակ նախաքննությամբ ձեռք բերված եւ որպես մեղադրանքի հիմք ներկայացվող հանգամանքները դատարանում որոշակի փոփոխություններով ներկայացվեցին եւ ընդունվեցին մեղադրողի կողմից»,- ասաց Ռ.Գրիգորյանը: Նրա այդ կարծիքն առայժմ մասնավորեցնենք Մ.Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքներից միայն մեկի՝ 94թ. Երեւանից Գորիս տեղափոխվող փախստական դատապարտյալների նկատմամբ կիրառված բռնությունների, դրվագով: Ըստ նրա, հարցաքննված վկաներից ոչ ոք՝ հաստատելով, թե լսել է կալանավորների նկատմամբ կիրառված բռնություններ մասին, միաժամանակ չի վկայել, թե ինքն այդ բռնությունների ականատեսն է եղել: «Նրանց այդ ցուցմունքներն ավելի շատ սուբյեկտիվ ընկալման վերարտադրություն են, նրանց տրամադրության դրեւորում եւ ոչ թե օբյեկտիվ ճշմարտության բացահայտում»,- կարծիք հայտնեց փաստաբանը: Մեր այն հարցին, թե արդյո՞ք քանակը որակ չի ստեղծում, ուստիեւ մի քանի վկաների պնդումները՝ ծեծի մասին նույնիսկ լսելու վերաբերյալ չե՞ն վկայում կալանավորների նկատմամբ բռնությունը, նա պատասխանեց. «Քանակը որակ կտա, բայց ոչ այսպիսի դեպքերում: Քրդատ. օրենսգրքով ապացույցների հավաստիությունը, արժեքը որոշվում է ոչ թե վկայությունների քանակով, այլ դրանց արժանահավատությամբ, լիարժեքությամբ: Տվյալ դեպքում, յուրաքանչյուր վկայի ենթադրությունները վերջիններիս սուբյեկտիվ ընկալման արդյունք են եւ ապացույցներ չեն կարող հանդիսանալ: Վկան ինքը պետք է տեսած լինի, հանցագործության մասին լսած լինի ուրիշից եւ ցույց տա դրա աղբյուրը: Ահա դրանք կարող են լինել ապացույցներ: Ենթադրությունները, ուրիշից լսած պատմությունները դեռեւս ապացույցներ չեն եւ դրանք ամենաշատը կարող են տեղ գտնել գործում՝ որպես ականատեսի վկայության ապացույցներ»: Պնդելով, թե դատավարության ընթացքում նախաքննական ցուցմունքների մի որոշակի հատված փոփոխվել է, Ռ.Գրիգորյանը մատնանշեց ենթադրություններից բխած եւ մեղադրանքի հիշյալ դրվագով նախաքննության այն ցուցմունքները, թե Մ.Սաղաթելյանի հրամանով դատապարտյալներին մերկացրել, վրաները սառը ջուր են լցրել: «Այդ բոլորը մնացին ենթադրություններ, որովհետեւ, ի վերջո, նման ցուցմունքները կամ «ապացույցները» դատարանում հստակեցվեցին, եւ պարզվեց, որ իրականում կալանավորները ոչ թե մերկ են եղել, այլ՝ հագուստով, որ հագուստները թրջված են եղել, երբ սարերից նրանց բռնել ու տեղափոխել են Սիսիան, ապա՝ Գորիս: Երեկ դատարանում ցուցմունք տվողները, մասնավորապես՝ Գորիսի բանտի պետի տեղակալ Ա.Մաշուրյանը, վկայեցին, թե իրենք էլ են կալանավորների նման թրջված եղել: Վերջիններս ձների միջով փախել են սարերը, եւ, բնականաբար, թրջված են եղել: Եթե անգամ նման հրաման տվել է որեւէ բարձրաստիճան պաշտոնյա, թեկուզ Մ.Սաղաթելյանը, չեմ պատկերացնում, թե այնտեղ եղածները բառացիորեն կատարեին այդ հրամանը՝ մերկացնեին կալանավորներին, վրաները ջուր լցնեին: Երեկ վկաներից մեկին ուղղված իմ հարցերից մեկն էլ այդ էր՝ դուք ապօրինի հրաման կատարելու պարտականություն ունե՞ք: Ու թեեւ մեղադրողն իմ այդ հարցը համարեց մեղադրանքի շրջանակներից դուրս, այդուհանդերձ ես հնարավորություն ունեցա հարցս պնդելու, եւ վկան հստակեցրեց, որ ապօրինի հրամանը չպետք է կատարվի, բայցեւ պետք է բողոք ներկայացնել վերադասին: Վկան ինքը համարեց, որ նման հրամանն անթույլատրելի կլիներ, որ ինքը նման հրաման տալը չի լսել, այլ միջնորդավորված ու խոսակցությունների մակարդակով է իմացել: Նույնիսկ նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո վկան պնդեց, թե ինքը կալանավորներին տեսել է պատառոտված ու թաց հագուստներով, բայց չի լսել նման հրաման տալը: Մինչդեռ այդ նույն վկայի նախաքննական ցուցմունքն այսօր ներկայացվում է իբրեւ մեղադրանքի ապացույց»,- պնդեց ամբաստանյալի պաշտպանը: Վերջինս միաժամանակ խոստովանեց, որ իրեն այսօր ընդհանրապես չի հետաքրքրում՝ 94-ին նման դեպք ընդհանրապես եղե՞լ է, թե՞ ոչ: «Առաջադրված մեղադրանքի առաջադրումն՝ այդ դրվագի հետ կապված ամբողջովին ապօրինի է, եւ ես դա կապացուցեմ դատարանում: Այդ դեպքը տեղի է ունեցել 94-ին, եւ դրանից հետո մի քանի «6 ամիս» է անցել, մինչդեռ գործող Քրդատօրենսգրքով թերի քննության պատճառով կարճման որոշումը կարող է վերացնել, կայացված դատավճիռը կարող է բողոքարկվել, գործի նոր քննություն վերսկսել միայն այդ ամենից հետո վեց ամսվա ժամկետում: Նախաքննությունն, ընդհանրապես, իրավունք չուներ այսօր անդրադառնալ եւ մեղադրանք առաջադրել այդ դրվագով»,- հայտարարեց Ռ.Գրիգորյանը՝ նկատելով, թե Մ.Սաղաթելյանին իշխանազանցության մեջ մեղադրողներն իրենք են այսօր հիշյալ եւ այլ դրվագներով ապօրինի որոշումներ կայացրել. առանձին մեղադրանքների շրջանակներում, առանց նախաքննություն վարելու քրգործեր հարուցելու որոշումների՝ դրանք ընդհանրացրել են մեկ քրգործում, թույլ տալով իշխանազանցություն: Այդ ամենը պարոն Գրիգորյանը կմանրամասնի մեր հաջորդ համարում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ