Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդշինբանկի» եւ «Ադանա» բանկի «ամուսնության» առաջին արդյունքները

Ապրիլ 18,2002 00:00

«Արդշինբանկի» եւ «Ադանա» բանկի «ամուսնության» առաջին արդյունքները Անցել է մոտ երկու ամիս այն աղմկոտ եւ անհասկանալի դեպքերից, որոնց արդյունքում անսպասելիորեն միաձուլվեցին «Ադանա» եւ «Արդշին» բանկերը, իսկ Կենտրոնական բանկը, ներկայացնելով դա որպես «դարի գործարք», հատկացրեց միավորված բանկին 5,5 մլն ԱՄՆ դոլարի վարկ՝ զարգացման նպատակով: Մամուլում արդեն հրապարակվել է միավորված բանկի ֆինանսական հաշվետվությունը առ 31.03. 2002թ. եւ կփորձենք վերլուծել այն, համեմատելով երեք ամիս առաջ մամուլում հրապարակված թվերի հետ, եւ հասկանալ, թե ինչ է կատարվել իրականում: Բանկի ակտիվները 31.03. 02թ. նվազել են 31.12.01թ. համեմատ 5.9 մլրդ դրամով (31.12.01 դրությամբ են վերցրած «Արդշինբանկի» եւ «Ադանա» բանկի համախմբված ցուցանիշները): Համապատասխանաբար նվազել են նաեւ բանկի պարտավորությունները` 4.3 մլրդ դրամով, չնայած որ պարտավորություններին գումարվել էր Կենտրոնական բանկի վարկը՝ 2.76 մլրդ դրամի չափով: Պարտավորությունները նվազել են ի հաշիվ ֆիզիկական անձանց ավանդների կրճատման` 2.5 մլրդ դրամով եւ ցպահանջ հաշիվների կրճատման` 3.2 մլրդ դրամով: Միաժամանակ 1.6 մլրդ դրամով ավելացել են իրավաբանական անձանց ավանդները` կարելի է ենթադրել, որ բանկը խնդրել է իր որոշ հաճախորդներին վերաձեւակերպել ցպահանջ հաշիվները որպես ժամկետային ավանդներ: Միաժամանակ մոտ 500մլն դրամով ավելացել է միացյալ բանկի վնասը եւ կազմել է 1.8 մլրդ դրամ բացասական մեծություն: Այս համեմատությունը միանշանակ ցույց է տալիս, որ միացյալ բանկի վիճակը վատթարացել է, իսկ Կենտրոնական բանկի կողմից տրված վարկը ոչ թե ներդրվել է որոշակի ակտիվներում, այսինքն չի ծառայել զարգացման նպատակին, այլ ուղղակի դուրս է տրվել, ծախսվել է՝ մարելով բանկի ավանդատուների հանդեպ պարտավորությունները, նպատակ ունենալով թույլ չտալ սոցիալական լարվածություն: ՎԱՐԱԶԴԱՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ P.S. Ի դեպ, «Արդշինբանկի» հրապարակված ֆինանսական հաշվետվությունների տակ ստորագրած բանկի ղեկավար Ա.Դավթյանը, որը միաժամանակ ԿԲ բանկային վերահսկողության ծառայության պետն է, մոռացել է ներառել բանկի տնտեսական նորմատիվների ցուցանիշները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել