Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵԿ ՔԱՅԼ ԵՏ

Ապրիլ 18,2002 00:00

ՄԵԿ ՔԱՅԼ ԵՏ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակեց ապրիլ ամսվա դրությամբ աշխարհի ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման նոր ցուցակը։ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը 810 միավորով շարունակում է գլխավորել մրցապայքարը։ Եվ դա պատահական չէ, քանի որ Ֆրանսիայի ընտրանին բազմիցս է ապացուցել, որ ինքն այսօրվա դրությամբ գտնվում է ավելի լավ մարզավիճակում, քան 1998 թվականին էր։ Աշխարհի քառակի չեմպիոն Բրազիլիայի ընտրանին, որ բավականին երկար ժամանակ զիջել էր դիրքերը եւ ոչ մի կերպ չէր կարողանում վերականգնել հեղինակությունը, վերջին շրջանում վերագտել է իր խաղը եւ ցուցակում 787 միավորով բարձրացել է երկրորդ հորիզոնական՝ շրջանցելով իր հավերժական ու, թերեւս, ամենաանհաշտ մրցակցին՝ Արգենտինային (3-րդ տեղ, 786 միավոր)։ Առաջին տասնյակում ըստ հերթականության դասավորվել են նաեւ. 4. Կոլումբիա, 5. Պորտուգալիա, 6. Իտալիա, 7-8. Մեքսիկա եւ Իսպանիա, 9. Հոլանդիա, 10. Հարավսլավիա։ Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից լավագույնը Ռուսաստանի հավաքականն է, որը 650-ական միավորով Թուրքիայի հետ բաժանում է 24-րդ հորիզոնականը։ Ուկրաինան 45-րդն է։ Այնուհետեւ գալիս են. 55. Վրաստան, 64. Ուզբեկստան, 85. Էստոնիա, 88. Բելառուս, 101. Ղազախստան, 102. Մոլդովա, 105. Լատվիա, 113. Թուրքմենստան, 115. Ադրբեջան, 155. Տաջիկստան, 165. Ղրղըզստան։ Հայաստանի եւ Լիտվայի ազգային հավաքականները, որ նախորդ ցուցակում հավասար միավորներով բաժանում էին 98-րդ տեղը, նույնպիսի համերաշխությամբ մեկ աստիճան նահանջել են դիրքերը եւ 439 միավորով հայտնվել 99-րդ հորիզոնականում։ Հուսանք, որ նոր գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանին կհաջողվի այս տարի կանխել մեր գլխավոր թիմի աստիճանական ու դանդաղ նահանջը եւ, ինչու չէ, հակառակ պտտել անիվը։ Ա.Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել