Լրահոս
Օրվա լրահոսը

Կազմակերպությունը՝ օրինակ

Ապրիլ 18,2002 00:00

Կազմակերպությունը՝ օրինակ Ապրիլի 17-ը հայտարարված էր Երեւանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի օր։ Հանդիպեցինք գրադարանների կենտրոնացված համակարգի (ԳԿՀ) տնօրեն Հասմիկ Կարապետյանին։ – Վարպետի խոսքերով՝ «Ես միշտ գիրքը սրբություն եմ համարել, գրադարանը՝ յուրատեսակ սրբավայր»… – Դա միանշանակ այդպես է։ Իսահակյանի անվան գրադարան հասկացությունը լոկ անվանում չէ, այլ խորհրդանիշ, ոգեղեն կառույց: – Անկասկած, հարուստ ու պատվաբեր կենսագրություն ունի գրադարանը։ Գնանք տարիներ հետ՝ ԳԿՀ-ի կազմում միավորվեց 48 գրադարան, այդ թվում՝ 33 մեծահասակների, 15-ը՝ մանկական եւ 1995-ին, ԳԿՀ-ի տնօրեն նշանակվեցիք դուք։ Կարո՞ղ ենք այսպես ձեւակերպել հարցը՝ ինչի՞ն է այսօր նպաստում ԳԿՀ-ն։ – ԳԿՀ-ն նպաստում է ՀՀ քաղաքականության, հայ եւ արտասահմանյան գրականության, համաշխարհային այլ արժեքների, հայ ժողովրդի պատմության ու մշակույթի պրոպագանդմանը, Երեւանի բնակչության քաղաքական, բարոյական, գեղագիտական դաստիարակությանը, ազգային ինքնագիտակցության ու հայրենասիրության ձեւավորմանը։ Պետք է ասել, որ նոր տնտեսական հարաբերություններին անցնելու ժամանակաշրջանում գրադարանները գրականության համալրման գործում կանգնեցին դժվարին խնդրի առջեւ։ Այդ բացը լրացնելու արդյունավետ ձեւերից մեկը նվիրատվությունն էր։ Վերջին 5 տարում որպես նվեր ստացվել է ավելի քան 15500 միավոր գիրք՝ եւ անհատների, եւ կազմակերպությունների կողմից։ Ասեմ նաեւ, որ ժամանակի թելադրանքով, վերջին դժվարին տարիներին՝ երիտասարդների եւ պատանիների գեղագիտական ճաշակը բարձրացնելու, գիտելիքները հարստացնելու նպատակով՝ կազմակերպվել ու գրադարանում գործում են պոեզիայի, մանրապատումների թատրոններ, գրական ստուդիա, կամերային երգչախումբ, երեք սերունդների բանավեճի գրական ակումբ, որոնք ղեկավարում են ճանաչված արվեստագետներ։ Կազմակերպվում են հանդիպումներ գիտնականների, գրողների, արվեստագետների հետ։ – Ի՞նչ նոր ծրագրերով՝ թեկուզ հեռանկարային, հանդես կգաք Ձեր ընթերցողի առջեւ։ – Մշակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո «Էլեկտրոնային գրադարան հեռաուսուցման կենտրոնով» ծրագրի նախագիծը, որը հաստատվել է ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի կողմից եւ ուղարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան՝ ծրագրի ֆինանսավորումն ապահովելու խնդրանքով։ Գրադարանը մոտ ապագայում կունենա այնպիսի տեխնիկական կենտրոն, որի շնորհիվ արբանյակային կապի միջոցով հնարավոր կլինի օգտվել համաշխարհային «Ինտերնետ» ցանցի հնարավորություններից, կհաստատվի անմիջական կապ եւ անհրաժեշտ փոխանակում տարբեր երկրների գրադարանների միջեւ։ ՀՀ Երեւանի քաղաքապետի 27.10.98թ. նո. 372 որոշմամբ Երեւանի քաղաքապետարանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը դարձավ Երեւանի քաղաքապետարանի եւ թաղային համայնքների համար մեթոդ-մատենագիտական համակարգող կենտրոն։ Կարծում ենք, Երեւանի քաղաքապետն ու բարձրաստիճան անձինք այսուհետեւ կհիշեն այդ մասին եւ առավել ուշադիր կլինեն գրադարանների նկատմամբ։ Գուցե նրանց համար նաեւ օրինակ ծառայի գրադարաններով մտահոգ «Հայկական գրադարանային միությունը»։ Հիշենք, որ կային ժամանակներ, երբ գրադարանային աշխատողները նույնիսկ կաթնամթերք էին ստանում (հասկանալի պատճառներով)։ Էլ չենք խոսում աշխատավարձերի մասին։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել