Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՈՒԶԵՐՈՎԸ ԴԱՐԲԻՆՅԱՆՆ ԷՐ

Ապրիլ 18,2002 00:00

ՄԱՈՒԶԵՐՈՎԸ ԴԱՐԲԻՆՅԱՆՆ ԷՐ «Առավոտում» տպագրված «Կոշիկները՝ թանգարանային ցուցանմուշ» հոդվածը ալեկոծություն էր առաջացրել Սարդարապատի թանգարանի աշխատակիցների շրջանում։ Վերջիններս համաձայն չէին ոչ միայն հոդվածում բարձրացված որոշ հարցերի, այլեւ անգամ հոդվածի նկարի հետ։ «Այնտեղ պատկերված են մուլտի-բուրժուայի կոշիկներ, իսկ մեր աշխատակիցները դրանից չեն հագնում»,- բողոքում էին կոլեկտիվի՝ մեզ հանդիպած ներկայացուցիչները։ «1968թ. ընկեր Դարբինյանի շնորհիվ է կանգնեցվել այս հուշահամալիր-կոթողը եւ նույն ընկեր Դարբինյանն է այսօր տեր կանգնել, կանաչապատել ու ծաղկեցրել այն, անգամ 4 հազար վարդ է տնկել տարածքում, ուր 10 տարի առաջ ընդամենը անապատ էր»,- ի հակառակ մեր թերթում տպագրված հոդվածի, ասաց Սարդարապատի թանգարանի փոխտնօրեն Վրեժ Փիլոյանը, որը խորապես համոզված էր, «թե թանգարանի՝ Երեւանից եկող բոլոր գիտաշխատողների գիտելիքները միասին ավելի պակաս արժեն, քան ընկեր Դարբինյանի արտասանած մեկ նախադասությունը»։ Ի լրումն Վ. Դարբինյանի հասցեին հնչած գովեստների՝ թանգարանի մյուս փոխտնօրեն Հրաչ Մարտիրոսյանն էլ ցույց տալով պատին քանդակված մարտիկների պատկերները (տես՝ նկարը), ասաց. «Ներքեւի էս մաուզերով մարդը ընկեր Դարբինյանն է, նրա տեսքով է քանդակված (ընկ. Դարբինյանն էն ժամանակ շրջկոմի առաջին քարտուղար էր), իսկ վերեւինը ընկեր Վանիկ Թովմասյանն է՝ շրջկոմի էն ժամանակվա երկրորդ քարտուղարը»։ Ի դեպ, երկու փոխտնօրեններն էլ ժխտեցին թանգարանի որոշ աշխատողների՝ մեր թերթին հայտնած այն տեղեկությունը, թե իրենց տնօրենը խուսափում է հատկապես երեւանցի գիտաշխատողների հետ երես առ երես հանդիպելուց։ «Բա խուսափող ղեկավարը տարին 2-3 անգամ ողջ կոլեկտիվի հետ (բանվորից մինչեւ գիտնական) կնստի քաղաքական հարցեր կքննարկի՞»,- նեղացան նրանք՝ վստահեցնելով, որ այդ գիտաշխատողների հետ հանդիպում անպայման կկայանա առաջիկայում, երբ Վ. Դարբինյանը դուրս գրվի հիվանդանոցից։ Թանգարանի փոխտնօրեններն ու մեր զրույցին ներկա 14-15 աշխատակիցները (բաժնի վարիչներ, ֆոնդապահներ, հաշվապահ, բուժքույր եւ այլն) փորձեցին նաեւ հավաստիացնել, որ իրենց ղեկավարը մշտապես աշխատավայրում՝ թանգարանում է եղել, բացառությամբ այն օրերի, երբ «որպես ՊՆ աշխատողի՝ նրան շաբաթը 1-2 անգամ խորհրդակցությունների են կանչել կամ պլենումի ու բյուրոյի նիստի է գնացել»։ Ի գիտություն ներկաների, իրենց «ստվերային ընկերների» եւ մեր թերթի ընթերցողների՝ Հ. Մարտիրոսյանը հայտարարեց, որ «հանուն Սարդարապատի թանգարանի՝ ընկ. Դարբինյանը նույնիսկ վայր է դրել գեներալ-մայորի իր կոչումն ու պատգամավորի մանդատը ու ընդամենը 27 հազար դրամ է ստանում», իսկ իրենց որոշ «աղանդավոր» ու «ստվերային» կոլեգաներ վերցրել ու մրոտել են մի մարդու անուն, որի ղեկավարած հիմնարկում «մեկ օրում միանգամից 120-130 հոգու պարգեւատրում-խրախուսում են»։ Թանգարանի նախկին գլխավոր ֆոնդապահ Էլիտա Ղազարյանը մեզ տեղեկացրեց, որ իբրեւ գլխավոր ֆոնդապահ համոզված է՝ «թանգարանից գորգերը կորել են 93-95թթ. ու այսօրվա ղեկավարությունը այդ ամենի հետ կապ չունի»։ Իսկ ցուցանմուշների վիճակի մասին էլ ասաց. «Մենք մեղավոր չենք, որ Ռաֆայել Իսրայելյանը ստեղծել է այնպիսի կառույց, որի պահեստները ի սկզբանե նախատեսված չեն եղել ֆոնդադարաններ ծառայելու համար»։ Է. Ղազարյանի գնահատմամբ՝ իրենց ցուցանմուշներն ավելի բարվոք վիճակում են, քան կենտրոնական թանգարանների իրերը։ Հետաքրքիր էր, որ թանգարանից անհետացած գորգերի կապակցությամբ Վ. Փիլոյանը մի յուրօրինակ միտք հայտնեց. «Թանգարանից գողություն է կատարվել այն տարիներին, երբ ողջ հանրապետությունում էր ամեն ինչ գողացվում»։ Նա նաեւ խոսեց վերականգնող մասնագետների՝ պայմանագրային հիմունքներով աշխատելու մասին. «Վերականգնողների կարգավիճակը Դարբինյանի միտքը չի եղել։ Համապատասխան մասնագետներն են այդպես որոշել»։ Կոլեկտիվի ողջ ժողովի ընթացքում (կոլեկտիվն ըստ հաստիքացուցակի բաղկացած է 133 հոգուց, բայց ժողովին ներկա էին 14-15-ը) ներկաները միաբերան հայտարարում էին, թե միակ կառույցը, որ կարող է տեղը տեղին հոգ տանել Սարդարապատի թանգարանի մասին, ՊՆ-ն է, իսկ իրենց՝ մինչեւ հիմա ճանաչած ամենանվիրյալ, ամենաբարի ու ամենադեմոկրատ ղեկավարը, որին «բոլորը քայլող հանրագիտարան են անվանում»՝ ընկեր Դարբինյանն է։ Ի դեպ, կոլեկտիվի անունից խոսում էին 14-15 մարդ, որոնք նաեւ վստահեցնում էին, թե հարկ եղած դեպքում չեն զլանա կանչել հիմնական մասին՝ բանվորներին, ներսի ու դրսի աշխատողներին, հավաքարարներին եւ այլն։ Փոխտնօրեններն էլ չզլացան ցույց տալ, թե ինչպես է կինոդահլիճի պատին իրենց կարծիքով իր անուն-ազգանվան սկզբնատառերը անմահացրել թանգարանի նախկին տնօրեն Լ. Բարսեղյանը, ինչի վկայությունը, ըստ նրանց, այն է, որ պատին պատկերված Մաշտոցի ձեռքի մագաղաթին Ա եւ Բ տառերին, Գ-ի փոխարեն, Լ-ն է հաջորդում։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել