Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննությունները կսկսվեն մեկ օր շուտ

Ապրիլ 18,2002 00:00

Քննությունները կսկսվեն մեկ օր շուտ Արդեն հաստատված են պետական բուհերի, 2002թ. առկա ուսուցման ընդունելության կանոնները։ Նախորդ տարվա համեմատ էական փոփոխություններ գրեթե չկան։ Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի ընդունելության քննությունները կսկսվեն մեկ օր շուտ՝ հուլիսի 20-ին եւ կտեւեն մինչեւ օգոստոսի 16-ը։ Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի եւ ճարտարապետության մասնագիտությունների գծով մասնագիտական քննություններն անցկացվում են համապատասխան բուհերում՝ 2002թ. հուլիսի 28-ից օգոստոսի 16-ը։ Դիմորդների փաստաթղթերի ընդունումը կկատարվի հունիսի 15-ից հուլիսի 15-ը։ Դիմորդները պետք է լրացնեն մեկ միասնական դիմում-հայտ եւ իրենց ընտրությամբ կարող են հայտագրել եւ մասնակցել միայն տվյալ քաղաքի մեկ կամ մի քանի բուհերի մինչեւ 4 անվճար եւ 4 վճարովի ուսուցման մասնագիտությունների մրցույթին՝ հանձնելով այս մասնագիտությունների համար սահմանված բոլոր քննությունները։ Ընտրված մասնագիտությունների կրկնվող քննությունները հանձնվում են միայն մեկ անգամ։ Չի փոխվել գնահատականի բողոքարկման կարգը. գրավոր քննության գնահատականը կհայտնեն քննության հաջորդ օրը, ոչ ուշ, քան ժամը 16-ին։ Բանավոր քննության գնահատականը դիմորդն իրավունք ունի բողոքարկել առարկայական քննական հանձնաժողովի նախագահին՝ առանց քննասենյակից դուրս գալու, իսկ գրավոր քննության գնահատականը՝ այն հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում։ Այս տարի եւս կպահպանվի նախորդ տարիների ավանդույթը, եւ դիմորդը կարող է հայոց լեզվի գրավոր ոչ մրցութային քննության գնահատականը փոխանցել միջնակարգ կրթության ատեստատից։ Մրցույթը կանցկացվի մասնագիտությունների համապատասխան ուղղվածությամբ՝ ըստ մասնագիտությունների խմբերի, ֆակուլտետների։ Անվճար եւ վճարովի ուսուցման ընդունելության մրցույթները կանցկացվեն մեկ փուլով։ Առաջին հայտի գերակայության սկզբունքը եւս պահպանվել է։ Դիմում-հայտում նշված առաջին հայտով ընդունված դիմորդն այլեւս չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին։ Վճարովի ուսուցման մրցույթն անց է կացվում ըստ մրցութային քննություններից դիմորդի հավաքած միավորների գումարի, դիմում-հայտում լրացված հայտերին համապատասխան։ Մեդալակիր շրջանավարտները կօգտվեն մեկ քննությամբ բուհ ընդունվելու իրենց արտոնությունից՝ առաջին հայտագրած մասնագիտության համար սահմանված առաջին գրավոր մրցութային քննությունը 19-20 միավորով հանձնելով։ Մեդալակիրները առավելություն կունենան նաեւ մրցութային հավասար միավորների դեպքում։ Նման արտոնությունից կօգտվեն նաեւ դպրոցական հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմակիրները, բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացածները, դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդները։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս՝ ըստ կառավարության հաստատած տեղերի։ Մրցույթից դուրս ընդունվելու արտոնություն ունեն 1-ին եւ 2-րդ խմբերի եւ մինչեւ 16 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, զինծառայության ժամանակ հաշմանդամ դարձած քաղաքացիները։ Յուրաքանչյուր քննության համար վճարվող գումարի չափը չի փոխվել՝ 1500 դրամ, եւ հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ՝ առանձին քաղաքացիներ կարող են ազատվել այդ վճարը մուծելուց։ Վճարը մուծում են առաջին հայտագրված բուհում, որտեղ եւ հանձնում են դիմում-հայտերը եւ փաստաթղթերը։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել