Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ԻՄ ԵՐԵԽԱՅԻՆ, ԻՄ ՇԱՆԸ ՄԻ ԲԱՆ ՊԱՏԱՀԻ, ՄԵՂԱԴՐԵԼՈՒ ԵՄ…»

Ապրիլ 18,2002 00:00

«ԵԹԵ ԻՄ ԵՐԵԽԱՅԻՆ, ԻՄ ՇԱՆԸ ՄԻ ԲԱՆ ՊԱՏԱՀԻ, ՄԵՂԱԴՐԵԼՈՒ ԵՄ…» Երեւանյան միջադեպ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ավարտվեց «Արշիլ Գորկի» պատկերասրահի տնօրենի եւ նրա որդու նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը։ Դատարանը (դատավոր՝ Ս. Արամյան) վճռեց տնօրենին՝ Բադալ Բադալյանին մեղավոր ճանաչել քրօրի 222 հոդվածի 1-ին մասով, «դատապարտելով» տուգանքի՝ 70 հազար դրամ, իսկ որդուն՝ Էդմոնդին նույն հոդվածով «դատապարտեց տուգանքի»՝ 50 հազար դրամի չափով… Երկուսի նկատմամբ ընտրվել էր ստորագրությունը չհեռանալու մասին։ Եվ այն փաստորեն թողնվեց նույնը մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը (այսինքն, եթե դատավճիռը չբողոքարկվի ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում, հրապարակման պահից 15 օրվա ժամկետում)։ Ի՞նչ էր տեղի ունեցել 2001թ. օգոստոսի 3-ին Աբովյան փողոցի թիվ 26 շենքի մոտ, ինչն էլ պատճառ էր դարձել այսօրինակ քրեական գործի։ Պարզվեց, որ այդ շենքի առաջին հարկում գտնվող «Արշիլ Գորկի» պատկերասրահ-սրճարանի տնօրենը՝ «գործով ամբաստանյալ» Բ. Բադալյանը հանձնարարել է իր բանվորին պատկերասրահի վրա գովազդային ցուցանակ տեղադրել։ Վերջինս բարձրանալով աստիճանների վրա, պետք է տեղադրեր ցուցանակն այն մասում, որը… խանգարելու էր 2-րդ հարկի բնակիչների բնակարանի լուսավորությանը։ Բանվորն աստիճանից ընկել է ցած (աստիճանի ճոճման հետեւանքով կորցնելով հավասարակշռությունը) եւ տեղափոխվել հիվանդանոց։ Պատկերասրահի տնօրենը կորցնելով ինքնատիրապետումը, 2-րդ հարկի կին բնակիչների հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ։ Հարեւան շենքի մի բնակչուհի էլ լսելով գոռգոռոց, դուրս է գալիս փողոց, որպեսզի պարզի կատարվածը։ Նրան էլ է բաժին ընկնում հայհոյանքներից։ Բնակչուհին պահանջում է, որ իրենից Բ. Բադալյանը ներողություն խնդրի… Կարծես օրն այսպես էլ պիտի ավարտվեր։ Սակայն երեկոյան հարեւան շենքի բնակչուհին, որը դուրս էր եկել իր շան հետ զբոսնելու, ընկնում է այլ պատմության մեջ։ Էդմոնդը «գործով չպարզված իր ազգականի» հետ մոտենալով հարեւանուհուն, սկսել է անպատվել եւ հայհոյել։ Այն տեւել է մոտ 20 րոպե, իսկ այդ հայհոյանքները լսել են 5 բնակչուհիներ… Վեճին միջամտում է Կենտրոնի ՆԳ բաժինը։ Սակայն հատկապես վերջին դրվագի կապակցությամբ երկրորդ ամբաստանյալը ցուցմունք էր տվել, որ «հնարավոր չէր ինքը գիշերվա ժամը 2-ին գտնվեր» գործող սրճարանի մոտ եւ որ ինքը տուժողին (5 բնակիչներ տուժող են ճանաչվել) «չի հանդիպել, նրա նկատմամբ խուլիգանություն չի կատարել»։ Այս գործով վկա՝ Կենտրոնի ՆԳ բաժնի տեղամասային տեսուչ Գեորգի Մարգարյանը ցուցմունք էր տվել, որ իրենք գտնվել են (ավագ տեսուչ Երվանդ Հովհաննիսյանի հետ) ծառայության մեջ ու երբ հերթապահ մասից հաղորդում են ստացել, մեկնել են վիճաբանության վայր։ Դատարան էին ներկայանում, փաստորեն, 5 կանայք, տուժողներ, որոնց նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորվել։ Ի դեպ, տուժողներից մեկը (որը անձնական օգտագործման մեքենա ունի նաեւ) դիմել էր Կենտրոնի ՆԳ բաժնի պետին, որ իր ավտոմեքենայի դռների վրա «լղոզված սպիտակ ներկ» կա, մեկ օր անց ջարդվել էր նրա օբյեկտի 2 ապակիները։ «Քանի որ ծնվել եւ մեծացել եմ այս փողոցում, տարիներ շարունակ թշնամություն չեմ նկատել հարեւանի եւ շրջապատի կողմից, համոզված եմ, պատճառը Բ. Բադալյանի եւ Է. Բադալյանի նկատմամբ հարուցված քրգործն է։ Այս բոլոր միջադեպերը սկսվել են քրգործը դատարան մտնելուց հետո»,-գրում է քաղաքացին եւ ապա,- «եթե իմ երեխային, իմ շանը մի բան պատահի… մեղադրելու եմ… գործով ամբաստանյալներին»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել