Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախքը եւ նրա շուրջ

Ապրիլ 18,2002 00:00

Ջավախքը եւ նրա շուրջ Վերջին շրջանում շատ է խոսվում Ջավախքի, նրա ներսում տեղի ունեցող ինչ-ինչ խմորումների մասին։ Թե իրականում ինչ է կատարվում այնտեղ, փորձեցինք ճշտել ՀՀ վարչապետի խորհրդական, «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանի հետ մեր զրույցի ընթացքում։ – Պրն Մարգարյան, ինչպիսի՞ն է իրականությունը եւ ի՞նչն է հիմք հանդիսացել բարձրացված աղմուկի։ – Այն իրադարձությունները, որոնց մասին արդեն երկու ամիս է, ինչ խոսում են տարբեր լրատվամիջոցներ, հատկապես վրացական մամուլը եւ TV-ին, ավելի շուտ կատարվում են Ջավախքի շուրջ, քան նրա ներսում։ Ըստ էության, աղմուկը, որ բարձրացավ, չուներ կոնկրետ առիթ։ Այն, ինչի մասին այժմ խոսվում է, կար նաեւ մեկ կամ երկու ամիս առաջ։ Ընթացող պրոցեսները չեն սրվել կամ արագացել։ Հանկարծակի այդ բռնկումը, կարծում եմ, թելադրված էր դրսից. դա որոշակի խաղ էր՝ որոշակի նպատակներով։ Ցավոք, ինչ-որ իմաստով տարածաշրջանը վտանգ ունի դառնալու ինչ-ինչ շահերի բախման կենտրոն եւ դա լուրջ է։ Տարբեր պետություններ ունեն որոշակի միտումներ եւ իրավիճակը, որ բարդացվում է արհեստականորեն, կարող է հիմք հանդիսանալ որոշ ուժերի միջամտությանը տեղի ներքին կյանքին։ Կարծես թե նախապատրաստվում է հասարակական կարծիք, որը կարող է որոշ իմաստով արդարացնել միջամտությունը։ Սա իրոք վտանգավոր է։ Բուն Ջավախքում, իհարկե, կան լուրջ եւ խոր պրոբլեմներ, սոցիալ-տնտեսական (աշխատատեղերի բացակայություն, որն էլ հանգեցնում է արտագնա աշխատանքի անհրաժեշտության եւ արտագաղթի), ազգապահպանության, մշակութային եւ այլն։ Այս հարցերը եղել եւ մնում են չլուծված՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, սակայն անհանգստություն, ցույցեր, միտինգներ կամ անջատողական տրամադրության դրսեւորում, ինչպես փորձում են ներկայացնել հատկապես վրացական մամուլում, չկան։ Ջավախքը եղել եւ մնում է Վրաստանի ամենախաղաղ անկյուններից մեկը։ Բազմաթիվ հարցերից մեկը, ինչի մասին շատ է խոսվում այս օրերին, կառավարման համակարգի անկատար վիճակն է, որն էլ դժգոհություններ է հարուցում։ Մարզում կուտակված խնդիրներ կան, որոնց լուծելու՝ տեղական իշխանությունների լիազորությունները շատ սահմանափակ են։ Այսօր կա այն համոզմունքը, որ եթե իրենք ներսում եւ ոչ թե վերին ատյաններում հնարավորություն ունենային լուծելու իրենց հարցերը, շատ բան կշտկվեր, եւ սա բերում է նրան, որ տեղական մարմինների լիազորությունների ընդլայնման պահանջ դրվի։ Այս պահին տեղական ինքնակառավարման մակարդակի բարձրացման խնդիրն է, որ հուզում է տարբեր հասարակական կազմակերպությունների։ Ըստ գործող համակարգի, կան ընտրովի մարմիններ՝ շրջանային պատգամավորներ եւ գործադիր իշխանություն, որ նշանակովի է (Վրաստանի նախագահի կողմից)։ Ժողովուրդը կառավարման համակարգին մասնակցում է իր պատգամավորների միջոցով եւ նրանց լիազորությունների սահմանափակությունն է, որ չի բավարարում եւ առիթ է դարձել դժգոհությունների։ Եվ տեղի տարբեր հասարակական կազմակերպություններ, քաղաքական խմբավորումներ որոշակի քաղաքական պահանջներ են հնչեցնում՝ տեղական ինքնակառավարման մակարդակի բարձրացումից ընդհուպ մինչեւ ինքնավարություն՝ Վրաստանի կազմում։ – Պաշտոնական այցը Թբիլիսի եւ Ջավախք ի՞նչ նպատակ ուներ։ – Նպատակը հանդիպումն էր Ջավախքում նախագահի նորանշանակ լիազոր ներկայացուցչի հետ։ Պաշտոնական Վրաստանը վերջերս բազմիցս հայտարարել է, որ պատրաստում է սոցիալ-տնտեսական ծրագիր Ջավախքի համար։ Քննարկվեցին համագործակցության խնդիրներ։ Մենք այնտեղ որոշակի ծրագրեր ունենք՝ կապված դպրոցաշինության, կրթության, մշակույթի ոլորտների հետ։ Կառավարության կողմից նրան եւս հրավիրեցինք Հայաստան. ավելի մոտ եւ արդյունավետ կապերի խնդիր կա։ Եղած պրոբլեմների մեջ պիտի խորամուխ լինել եւ, այո, կան հարցեր, որոնց մասին պիտի խոսվի։ Այս ամբողջ աղմուկը նրան եւս անհանգստացրել է եւ ինչ-որ քայլեր ձեռնարկվում են իրականությունը լուսաբանելու։ – Ռուսական զորքի դուրսբերման մասին նոր բան կարո՞ղ եք ասել։ – Ռուս-վրացական բանակցությունները շարունակվում են։ Ժամկետների մասին դեռեւս կոնկրետ ոչինչ չկա։ Ռուսական կողմը 14 տարի է նշում, վրացականը՝ 3 տարի։ Սակայն որոշակի խոստումներ եղան բարձրագույն իշխանության կողմից, ըստ որի, մինչեւ համապատասխան թվով աշխատատեղեր չբացվեն Ջավախքում, զորքը դուրս չի բերվի։ Հայերի մեջ կա անհանգստություն այս հարցում. առաջին հերթին տնտեսական գործոնն է պատճառը, կա նաեւ ապահովության խնդիր։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել