Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ՓՈՇԻԱՑՎՈՒՄ ԵՆ»

Ապրիլ 18,2002 00:00

«ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ՓՈՇԻԱՑՎՈՒՄ ԵՆ» Սա Էռնեկյանի խմբի գնահատականն է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի տեղեկատվությամբ, «Զվարթնոցի» հանձնումը հավատարմագրային կառավարման՝ նախատեսվում է մայիսին։ Նախորդ համարներից մեկում «Առավոտը» ներկայացրել էր նախարարի պարզաբանումները համաձայնագրի՝ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տված դրույթների վերաբերյալ, որոնք չէին սպառվել մեկ հրապարակմամբ։ Ըստ նախարարի, «այսօր Էռնեկյանի թիմն աշխատում է, որ հանձնման հաջորդ օրվանից սկսի վազքուղու վերականգնումը, որովհետեւ սա առավել մեծ վտանգի աղբյուրներից մեկն է, քանի որ անորակ վազքուղին կարող է հանգեցնել վթարի։ Տեսած կլինեք՝ վայրէջքի եւ թռիչքի ժամանակ ինչպիսի դղրդյուն է լինում սրահում, ինչը պայմանավորված է ասֆալտի ցածր որակով եւ անհարթություններով։ Թիմը, չսպասելով հանձնմանը, նախապատրաստում է ամբողջ շինարարական-ինժեներական փաստաթղթերը»։ Նախարարի ներկայացմամբ, լուրջ ներդրումներ են պահանջվում նաեւ լուսային համակարգի կատարելագործման համար. «Գործարանը, որն արտադրել է, սնանկ է եւ գոյություն չունի, պահեստային մասեր չկան եւ ամեն տարի մեծ ներդրումներ անելով փորձում ենք պահպանել որոշակի աշխատանքային վիճակ, ինչը, անշուշտ, լուրջ պրոբլեմներ է ստեղծում։ Եվ այս վիճակը հավերժ չի կարող շարունակվել՝ կարծես թե կարկատանը կարկատանի վրա ենք դնում»։ Անելիքներն, ըստ Դավիթ Հարությունյանի, բազմաթիվ են, «ինչը ոչ իշխանությունների, ոչ էլ ճարտարապետի մեղքն է։ Այդ օդանավակայանը հաշվարկված չի եղել որպես միջազգային օդանավակայան, որ պետք է ունենա մաքսային ծառայություն, սահմանապահներ եւ այլն։ Այդ օդանավակայանը գործել է որպես ներմիութենական։ Կյանքը փոխվել է, պահանջները փոխվել են»։ Անհանգստությունների տեղիք են տվել այն լուրերը, թե օդանավակայանի ուղեւորների սպասարկման ներկայիս շենքի տեղում «Կորպորասիոն Ամերիկան» պատրաստվում է կազինոներ տեղադրել, ինչը հակասում է «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքին։ Արդարադատության նախարարը չհերքեց այս տեղեկատվությունը, այլ՝ «ենթադրում ենք համապատասխան փոփոխություններ առաջարկել օրենքում, որը միջազգային թռիչքներով սպասարկվող ուղեւորներին թույլ կտա օգտվել կազինոների ծառայությունից, որոնք կգտնվեն հենց այդ հատվածում»։ Ըստ նրա, ուղեւորահոսքը մեզ մոտ փոքր է, ուստի մեծ ներդրումներ կատարելն արդարացված կլինի, եթե ապահովվի տրանզիտ ուղեւորահոսքը։ Իսկ օդանավակայանում եղած ժամանակը ուղեւորները պետք է ինչ-որ բանով լցնեն, օրինակ՝ կազինոներում խաղալով։ Մի խոսքով, օդանավակայանի համար բացառություն կարվի (հիշեցնենք, որ, ըստ գործող օրենքի, 2003-ից կազինոները պետք է տեղակայվեն Երեւանից 50 կմ հեռավորության վրա), «որովհետեւ օդանավակայանը իր էությամբ համարվում է նաեւ արտաքին աշխարհի հետ կապված տարածք»։ «Առավոտի» դիտարկմանը, թե սա կարելի է համարել որպես արտոնություն մի տնտեսվարողի եւ հարցադրմանը, թե արդյոք անհավասար պայմաններ չե՞ն ստեղծվում, նախարարը չհամաձայնեց, նշելով. «Խոսքը չի վերաբերում երկու կազինոների բիզնեսին։ Որպես կանոն, դա տեղի է ունենում ենթակոնցեսիոն պայմանագրի հիման վրա։ Կոնցեսիոները, որպես կանոն, կառավարում է տարածքը, բայց երբեւէ չի զբաղվում այս կամ այն բիզնեսով։ Նա ապահովում է համապատասխան պայմաններ, գտնում է այն տնտեսվարողին, որը կիրականացնի այդ բիզնեսը համապատասխան կանոններով եւ կվճարի ենթակոնցեսիա։ Ամենայն հավանականությամբ, կազինոյով չի զբաղվելու օդանավակայանը»։ Նկատենք, հստակ չի սահմանվում եւ պետք է ենթադրել, որ ոչ մեկն էլ չի հրաժարվի փողի աղբյուրից, տվյալ դեպքում՝ կազինոյի բիզնեսից։ Օդանավակայանի սպասարկող անձնակազմի վերաբերյալ գերակշռող կարծիքը բացասական է։ «Առավոտի» հարցին, թե արդյոք Էռնեկյանը կամ իր խումբը ծանոթացե՞լ է անձնակազմի հետ, ի՞նչ կարծիքի է եւ ի՞նչ է պատրաստվում անել, նախարարը փոխանցեց խմբի գնահատականը. «Այսօր մենք կադրերի շատ մեծ ավելցուկ ունենք եւ շատ քիչ որակյալ կադրեր։ Ռեսուրսները փոշիացվում են։ Ընդհանուր առմամբ, գնահատականը բավականին անբավարար է»։ Ուսումնասիրելով Էռնեկյանի կառավարած մնացած 33-34 օդանավակայանների փորձը, Դ. Հարությունյանը կարծում է, որ կբերվի 12 հոգանոց թիմ, որը կղեկավարի գործը եւ միանգամից կսկսի տեղական կադրերի պատրաստումը։ Ուստիեւ կադրերի զանգվածային կրճատում կլինի, եւ աժիոտաժ է սպասվում։ նախարարը չբացառեց, որ «աշխատատեղերի հետ կապված աժիոտաժ կարող է լինել։ Այնուամենայնիվ, մշակվում են ծրագրեր, որոնք թույլ կտան մեղմել աշխատանքի կորստի հարվածը»։ Սա բանակցությունների թեմա է։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել