Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՒ ԶԱ ՎՍԵԽ»

Ապրիլ 18,2002 00:00

«ԹՈՒ ԶԱ ՎՍԵԽ» «Տարեգիրի» թղթակից Լիլիթ Սեյրանյանն ականատես է դարձել, թե ինչ զարգացումներ են հաջորդել, երբ ապրիլի 16-ին տապալվել է «Ա1+»-ի խնդրով արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությունը. «Մանուկ Գասպարյանը երեկ վերահսկում էր արդեն ԱԺ դահլիճի քարտուղարության աշխատանքն ու զայրացած բղավում. «Էս պրեզիդենտն ուզում է բոլորին փողոց հանի, էլ չգիտի, որ սելավի պես իրեն են քշելու»: Արշակ Սադոյանն էլ՝ ի պատասխան Մանուկ Գասպարյանի, մրթմրթաց. «Ընենց է ասում, ոնց որ փողոցը վատ բան է»: Մինչ Շավարշ Քոչարյանն ու Աղասի Արշակյանը փորձում էին ԱԺ-ում պատգամավորների բռնացնել ու բերել գրանցվելու, Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ խմբված ժողովուրդն արդեն նրանցից երկուսին բռնել ու բաց չէր թողնում: Առաջին պատգամավորը, որն ընկել էր ժողովրդի ձեռքը, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանն էր, որին տեսնելուն պես ժողովուրդը ոչ թե ստիպել էր ետ գնալ ԱԺ եւ գրանցվել, այլ՝ սկսել էր թքել Վազգեն Խաչիկյանի երեսին: Կանանցից մեկն անգամ պայուսակով հարվածել էր նրա գլխին, ու երբ Խաչիկյանը հասցրել էր մի կերպ ճողոպրել ու նստել մեքենա, ժողովուրդը սկսել է հարվածել մեքենային: Հաջորդ «զոհը» ԱԺ «Ագրոարդյունաբերական» խմբի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանն էր: Ի տարբերություն Վազգեն Խաչիկյանի, ժողովուրդը ստիպում էր Վարդեւան Գրիգորյանին վերադառնալ ԱԺ եւ գրանցվել: Վ. Գրիգորյանը պատասխանում էր, որ իրենց խումբը որոշել է չգրանցվել եւ չմասնակցել արտահերթ նիստին, պատճառաբանությամբ, թե իրենք են ընդունել այդ օրենքը: Ներկա տղամարդկանցից մեկն ի պատասխան ասաց. «Ես քո փողը ուտու՞մ եմ, չէ, դու իմ փողն ես ուտում, դե գնա ու արա այնպես, ինչպես քո ընտրողն է ուզում եւ ոչ թե քո խումբը»: Իսկ ըմբոստացած կանանցից մեկը թե՝ «Քո խմբի ղեկավարն էն փամփերս հագնողը չի՞, թող Հմայակը նախ իր սեռը ճշտի, հետո որոշումներ կայացնի»: Վարդեւան Գրիգորյանը շարունակ կրկնում էր. «Եթե Գյումրիում մի հոգի ասի, որ Գրիգորյան Վարդեւանը թալանչի է եղել, սկզբունքային չի եղել …», ու այդպես էլ մինչեւ վերջ իր միտքը չէր հասցնում ավարտել պատգամավորը, որ հասկանալի լիներ, թե ինչու էր նա իր թալանչի լինել-չլինելը վկայակոչում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հետ»: Շավարշ Քոչարյանը «Տարեգիրի» թղթակցին ասել է, որ Վազգեն Խաչիկյանի դեմ ժողովրդի կատարած գործողությունները շատ տհաճ էին եւ, բացի այդ, իշխանությունները կարող են դա շահարկել ի վնաս «Ա1+»-ի։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել