Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոպիտ խախտումներ

Ապրիլ 18,2002 00:00

Կոպիտ խախտումներ ՀՀՇ վարչությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ. «Ապրիլի 14-ին Տավուշի մարզային ընտրական հանձնաժողովը չգրանցեց որպես պատգամավորության թեկնածու Հայոց Համազգային Շարժման վարչության անդամ Վանո Սիրադեղյանին։ Որոշումն արձանագրվել է առանց հարցը քվեարկության դնելու, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նորմերի, «Ընտրությունների մասին» օրենքի պահանջների կոպիտ ոտնահարմամբ։ Կասկածից վեր է, որ ընտրական հանձնաժողովը կատարել է Ռ. Քոչարյանի հրահանգը։ Նույն հրահանգը կատարելով է, որ ՆԳ համապատասխան մարմինը հրաժարվել Է տեղեկանք տրամադրել այն ակնհայտ իրողության մասին, որ Վ. Սիրադեղյանը վերջին հինգ տարիներից առնվազն երեքի ընթացքում մշտապես բնակվել Է Հայաստանում: Հարկ ենք համարում հիշեցնել, որ ՆԳ նույն մարմնից 1998-ի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար Ռ. Քոչարյանը ստացել էր կեղծ տեղեկանքներ իր ՀՀ քաղաքացի լինելու, եւ Հայաստանի Հանրապետությունում 10 տարի մշտապես բնակվելու մասին: Երկրի ղեկավարը հերթական անգամ իր քաղաքական հակառակորդների նկատմամբ դիմում Է բացահայտ անօրինական միջոցների՝ հարկադրելով պետական մարմիններին եւ իր ենթականերին դիմելու հակասահմանադրական քայլերի եւ ծանր քրեական հանցանքների։ Վանո Սիրադեղյանի թեկնածության գրանցումն ամեն գնով խոչընդոտելու հրահանգը վկայում է, որ վարչախումբը համոզված է թիվ 75 ընտրատարածքում իր անխուսափելի պարտության մեջ։ Այն նաեւ հերթական անգամ ապացուցում է, որ սարսափած իրենց դեմ ծառացած համընդհանուր հասարակական ատելությունից, Ռ.Քոչարյանը եւ իր շրջապատը, իրենց անօրինական իշխանությունն ամեն գնով պահպանելու նպատակով, փորձելու են հերթական ֆարսի վերածել առաջիկա բոլոր ընտրությունները… Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինքնուրույն եւ Քոչարյանի կամակատար չհանդիսացող քաղաքական ուժերը տեղի չեն տա իշխանության սադրանքներին եւ ապավինելով պայքարի սահմանադրական մեթոդներին, միասնական կամքով ու համախումբ ջանքերով կազատվեն ժողովրդավարության տարրական նորմերը ոտնահարող, յուրաքանչյուրիս արժանապատվությունը վիրավորող, պետականության ճակատագրի համար չարիք հանդիսացող ներկայիս վարչախմբից»: Հայտարարությանը նաեւ համադրենք թիվ 75 ընտրատարածքում թեկնածուների գրանցման ժամանակ եղած այլ խախտումներ, որոնք մամուլին է հայտնել ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Անդրանիկ Հովակիմյանը: Վերջինիս գնահատմամբ, ՄԸՀ արձանագրությունը ծայրից ծայր կեղծիք է. «Ըստ օրենքի պահանջի, երբ նիստի արձանագրությունը լրացվում է համապատասխան մատյանում, բոլոր մասնակիցները պետք է վերջում ստորագրեն այդ արձանագրության տակ: Սակայն դա եւս չի եղել: Ստորագրել են միայն ՄԸՀ նախագահն ու նրա տեղակալը: Արձանագրությունում նշված է, որ նիստն ավարտվել է ժամը 18-ին, այնինչ ժամը 15:30-ից նիստում քվորում չի ապահովվել»: Իսկ թեկնածու Իլյիչ Բեգլարյանի թեկնածության առաջադրման համար հավաքված անհրաժեշտ ստորագրությունները, ըստ Ա. Հովակիմյանի, ընդհանրապես ստուգված չեն եղել: Գրանցման օրը նիստն ընդմիջվել է, եւ տեղում ինչ-որ աշխատանքային խումբ են ստեղծել, որը գնացել է ստուգելու ստորագրությունների իսկությունը. «Խումբը կես ժամ հետո վերադարձավ, ասացին, որ ամեն ինչ նորմալ է: Բայց ֆիզիկապես այդքան կարճ ժամանակահատվածում անհնար էր ամբողջ Նոյեմբերյանի եւ Իջեւանի հինգ գյուղերում քսան ստորագրությունների ստուգումը: Միայն Կողբ գյուղ հասնելու համար մեկ ժամ էր հարկավոր: Բայց Իլյիչ Բեգլարյանին դարձյալ առանց որեւէ քվեարկության, դարձյալ առարկություններով, գրանցեցին եւ արձանագրեցին, որ նա պատգամավորության թեկնածու է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել