Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱ՛Ն ԱԶԱՏ ՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլ 18,2002 00:00

ԿԱ՛Ն ԱԶԱՏ ՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «Չկա՛ն»,- պնդում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը։ «Կա՛ն»,- պնդում են տրանսպորտի եւ կապի նախարարն ու հանրապետության նախագահը։ Ըստ էության, այս խնդրում վճռորոշը պիտի լիներ տրանսպորտի եւ կապի նախարարության խոսքը, քանզի, ինչպես իր վերջին ասուլիսում հայտնել էր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը՝ հաճախությունների ցանկն իրենց տրամադրում է «կապի լիազոր մարմինը»։ Այսինքն՝ վերոհիշյալ նախարարությունն է ցանկը որոշում, իսկ հանձնաժողովը միայն պիտի ամբողջապես հրապարակի այն եւ հայտարարի մրցույթ ազատ հաճախությունների համար։ Սույն թվականի հունվարի 25-ին հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետություն» թերթում իրոք հրապարակել է ամբողջական ցանկը, բայց մրցույթ չի հայտարարել։ «Երեւան քաղաքի տարածքում ազատ հեռուստակապուղիներ չեն եղել, բացի 10-րդ մետրային կապուղուց»՝ սա գրում է հանձնաժողովի վարձած փաստաբանը՝ Էդիթ Խաչատրյանն ապրիլի 15-ին տնտեսական դատարանին ուղղված «Մելտեքս» ՍՊԸ դիմումի պատասխանում` «Ա1+»-ի դիմումը մասնավորապես այս հիմքով համարելով անհիմն եւ հանձնաժողովի կողմից անընդունելի։ Եվ սա գրվում է կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի ասուլիսից 3 օր անց, որտեղ նախարարը նշել էր. «Կան հաճախություններ, որ չեն օգտագործվում կամ լիցենզիան տրված է՝ չեն գործում։ Կան, իհարկե, կան»։ Երեկ նաեւ «Հայկական ժամանակում» հրապարակվեց Անդրանիկ Մանուկյանի պարզաբանումը չզբաղեցված, ազատ 8 կապուղիների վերաբերյալ. «Այդ կապուղիների վրա տրված են լիցենզիաներ, մինչդեռ լիցենզիա ստացած որոշ հեռուստաընկերությունների եթեր դուրս գալու համար տրված ժամկետները լրացել են, բայց նշյալ հեռուստաընկերություններն այդպես էլ չեն գործել։ Այդ դեպքում, կարծում եմ, որ նշյալ կապուղիները կարելի է համարել չգործող»։ Թերեւս ILS-ի փաստաբանները (գոնե առայժմ) այնքան էլ լավ չեն տիրապետում այն նյութին, որի վերաբերյալ փաստարկներով հանդես են գալիս դատարանի եւ հաղորդագրություններով՝ մամուլի առջեւ։ Այլապես տեղյակ կլինեին, որ անգամ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Մուշեղ Հովսեփյանն է ապրիլի 2-ին 37 կապուղու համար մրցույթի ամփոփման օրը լրագրողներին հավաստել, որ շատ կան դեցիմետրային ազատ կապուղիներ. «Բավականին ազատ հաճախություններ կան։ Մարզերում ավելի շատ են։ Երեւանում առայժմ այս պահին դեցիմետրայինում ազատ չկա։ Բայց հնարավոր է եւ ազատվի, որովհետեւ ընթացք է, չես կարող ասել»։ Իհարկե, փոքր-ինչ հակասական են Մուշեղ Հովսեփյանի պնդումները։ Ի դեպ, ինչպես եւ այդ օրը նրա արած այլ հայտարարություններ եւս. նա ասել էր, թե հանձնաժողովը ժամկետ՝ երկու օր կամ մեկ շաբաթ է սահմանելու «Ա1+»-ի համար, որպեսզի նա ազատի իր զբաղեցրած կապուղին, բայց եւ վստահեցրել էր. «Մինչեւ դատարանի որոշումը կարող է դեռ եթեր դուրս գալ»։ Իսկ «Շարմի» հաղորդումների հեռարձակման ամսաթվի վերաբերյալ պրն Հովսեփյանն ասել էր. «Ա1+»-ը հենց ազատեց՝ «Շարմը» կմտնի եթեր»… Սակայն վերադառնանք մեր կապուղիներին։ Հրաշալի խորհուրդ էր տվել Գրիգոր Ամալյանն իր վերջին ասուլիսում՝ ծանոթանալ հանձնաժողովի հրապարակած հաճախությունների ամբողջական ցանկին. «Այն, ինչ որ դուք տեսնում եք այնտեղ, թե ինչ կա, որը ում տնօրինության տակ է, լիցենզիայի ժամկետը երբ է ավարտվում, այսինքն՝ այդտեղից կարելի է հստակ տեսնել, թե մրցույթը ե՛րբ կհայտարարվի, ո՛րն է թափո՛ւր, ո՛րն է ազատ, եւ այլն»։ Այդպես էլ վարվեցինք։ Ափսոս, որ «Հայաստանի Հանրապետության» հունվարի 25-ի այդ հրապարակման մեջ, այնուամենայնիվ, նշված չէին արտոնագրերի ժամկետների ավարտները, այլապես մեր «որսն» ավելի հարուստ կլիներ։ Բայց եղածն էլ բավարար էր փաստելու համար, թե ազատ կապուղիներ կա՛ն, որոնց համար, օրենքի խախտմամբ, չի հայտարարվել մրցույթ։ Այսպես. ըստ Ազգային հանձնաժողովի իսկ հրապարակած ցանկի, հատկացված չէ 23 կապուղին, որով ներկայումս «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՓԲԸ-ի տեխնիկական միջոցներով հեռարձակվում է HTB-ն։ Սա էլ մի առանձին խնդիր է՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հաղորդումները ՀՀ տարածքում «կարող են ամբողջությամբ վերահեռարձակվել միջպետական պայմանագրի կամ Ազգային հանձնաժողովի կողմից վերահեռարձակողին տրված արտոնագրի հիման վրա»։ Պարզ է դառնում, որ HTB-ի պարագայում նման արտոնագիր առայժմ չկա, ինչքան հայտնի է՝ միջպետական պայմանագիր նույնպես։ Որքան տեղյակ ենք, «Ծցջ-ՁԹ»-ի վերահեռարձակման վերաբերյալ էլ չկա միջպետական պայմանագիր։ Եվ այս երկու հեռուստաալիքների վերահեռարձակումն առավել եւս ապօրինի է այն պայմաններում, երբ նրանք խախտում են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 5-րդ եւ 9-րդ հոդվածները, այն է՝ հեռուստառադիոհաղորդումների հայերեն լեզուն եւ հայրենական արտադրության հաղորդումների վերահեռարձակումն ապահովված չէ։ Եվ իր անվանման մեջ «ազգային» մասնիկը կրող հանձնաժողովը փոխանակ առաջինը ռուսական նման հեռուստաալիքների զգաղեցրած կապուղիների համար հայտարարեր մրցույթ՝ նախ եւ առաջ շտապեց լուծել «Ա1+»-ի հարցը։ HTB-ի կապուղուց բացի որեւէ կազմակերպության հատկացված չէ նաեւ 63 կապուղին, որով ներկայումս նույն՝ «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՓԲԸ-ի տեխնիկական միջոցներով հեռարձակվում է «Սինեմաքս» ծրագիրը։ Ենթակա է մրցութային լիցենզավորման նաեւ «ԱԱՏՎ» ՓԲԸ-ի 2501-2700 Մհց հաճախականության շերտը։ Թերեւս սա նույն AATV-ն է, որի դեպքում նույնական են այն փաստարկները, որոնք մեջբերեցինք HTB-ի եւ «Ծցջ-ՁԹ»-ի պարագայում, այսինքն՝ AATV-ն էլ է գործում օրենքից դուրս։ Առանձին անդրադարձի է կարոտ նաեւ 56 կապուղին, որը հատկացված է «Արտ-13» հեռուստառադիոընկերությանը, եւ 60 կապուղին, որն էլ հատկացված է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի մասնաճյուղին։ Թերեւս հենց այս երկուսին են վերաբերում նախարար Մանուկյանի վերոհիշյալ արտահայտությունները, քանզի հայտնի է, որ ո՛չ «Արտ-13»-ը, ո՛չ «Միր»-ն այդպես էլ չեն օգտվել հեռարձակման իրենց իրավունքից։ Եվ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 55 հոդվածի համաձայն՝ արտոնագիրը պիտի ուժը կորցրած ճանաչվեր, եթե արտոնագրատերն այն ստանալու պահից, 6 ամսվա ընթացքում չի հեռարձակել հեռուստահաղորդումներ։ Եվ այսպես. եթե անգամ անտեսենք, որ հաճախությունների ամբողջական ցանկից բացակայում է 33 կապուղին եւ 45-50-ի տիրույթում էլ որեւէ մեկն ընդգրկված չէ՝ էլի մնում են 5 կապուղիներ, որոնց մրցույթը եթե ոչ ավելի շուտ՝ ապա գոնե պիտի անցկացվեր «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» հետ միաժամանակ։ Ազատ հաճախությունների համար մրցույթը չանցկացնելով՝ Ազգային հանձնաժողովը ցանկացել է մրցակիցների արհեստական կուտակո՞ւմ ապահովել 35 եւ 37 կապուղիների համար։ Ի գիտություն հանձնաժողովի փաստաբանների, նաեւ հայտնենք, որ մետրային ոչ միայն 10-րդ կապուղին է ազատ։ Պաշտոնապես հրապարակված ցանկում «հատկացված չէ» նշումը կա նաեւ 3-րդ եւ 12-րդ մետրային կապուղիների դիմաց, որոնցից մեկով այժմ հեռարձակվում է «Ար»-ը, իսկ մյուսով՝ «Պրոմեթեւսը»։ Ենթադրում ենք, որ «Ա1+»-ի փակումից հետո «Հայաստանում խոսքի ազատությունը վտանգված չէ» հայտարարությանը միանալուց հետո ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը հեշտությամբ կտիրանան արտոնագրի (ինչպես եղավ «Շանթի» պարագայում)։ Որեւէ հաճախությամբ աշխատանքը շարունակելու հեռանկարը կորսված չէ նաեւ «Ա1+»-ի համար (հիշեցնենք «Ազատություն» ռադիոկայանով Մեսրոպ Մովսիսյանի բացահայտումը, որ «Ա1+»-ին առաջարկում են այլ ալիքներ՝ նույնիսկ առանց մրցույթի)։ Սրա համար առանձնապես շատ բան հարկավոր չէ՝ բավական կլիներ մեղմացնել քննադատությունը եւ մեկ-մեկ էլ հիանալ, երբ Ռոբերտ Քոչարյանն «իրեն բնորոշ գործնականությամբ» գրպանից դանակ է հանում կամ պատմում մարզադահլիճում իր կրած «չարչարմունքի» մասին… Բայց սա արդեն այլ պատմություն է։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Եթե Ազգային հանձնաժողովը փորձի հետին թվով ուղղել իր սխալները եւ այժմ մրցույթ հայտարարի չզբաղեցված 5 հաճախությունների համար, պարտադիր է, որ նախ փորձի ինքնակա՛մ շտկել իր օրինախախտման հետեւանքները եւ չեղյալ համարի արդեն իսկ կայացած մրցույթները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել