Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԵԴԱՐՁՆ՝ ԱՌԱՆՑ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ

Ապրիլ 18,2002 00:00

ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԵԴԱՐՁՆ՝ ԱՌԱՆՑ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ Երեկ լրացավ Կարեն Դեմիրճյանի ծննդյան 70-ամյակը։ Հոբելյանին նվիրված միջոցառումների շարքն ամփոփվեց Պանթեոնում, այնուհետեւ՝ «Կարեն Դեմիրճյան» կենտրոնում։ Կարեն Դեմիրճյանի հուշաքարը գարնանային հրաշալի ծաղիկներով էր զարդարված։ Ծաղկեպսակներ էին բերել երկրի բոլոր իշխանական մարմինները։ Նախագահ Քոչարյանի կողմից ուղարկված ծաղկեզամբյուղը մի խումբ կանայք արգելեցին մոտեցնել հուշաքարին, այն մնաց պատի տակ։ Կարեն Դեմիրճյանի նախորդ ծննդյան տոներին Պանթեոնում հավաքված մարդիկ հասցնում էին կոխկրտել Ռ. Քոչարյանի կողմից ուղարկված ծաղկեպսակը, իսկ նախագահի հասցեին մի քանի հայտնի բառեր էին նետում։ Երեկ նախագահը Պանթեոն չէր եկել (նա ավելի ուշ մասնակցեց միայն հանդիսավոր նիստին), իսկ նախագահական մեխակները աչալուրջ հսկում էին կարծես միայն այդ նպատակով հուշաքարի մոտ կանգնած ոստիկանները՝ համազգեստավոր եւ քաղաքացիական հագուստով։ Ի դեպ, վերջիններս առավել ցինիկ էին իրենց պահում, եւ նույնիսկ փորձեցին արգելել լուսանկարել։ Եթե Քոչարյանը բացակայության պատճառով չլսեց իր հասցեին հնչած «դավաճան», «կեղծ նախագահ» եւ այլ արտահայտություններ, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը պարզապես չէր կարող չլսել իր հասցեին հնչած բառերը։ Մի ծերուկ փորձեց բռնել խոսնակի ձեռքը, բազմաթիվ մարդիկ ընդվզեցին. «Ինչո՞ւ ես բռնում դավաճանի ձեռքը»։ Կարեն Դեմիրճյանի ղեկավարությամբ տարիներ շարունակ աշխատած մի տարեց բանվոր իր կարծիքը հետեւյալ կերպ ձեւակերպեց. «Այ, սրանք, որ շարքով եկել-կանգնել են, այսպես ձեռքները ծալած կանգնելու փոխարեն՝ պիտի երկիրը շուռ տային. Դեմիրճյանի պես մարդ էին կորցրել, եւ ցցի հանեին Կարեն Սերոբիչին եւ մյուսներին սպանողներին։ Բայց ի՞նչ են անում. վախենում են իրար աչքերի նայել»։ Մի առիթով Կարեն Դեմիրճյանը հետեւյալ միտքն է արտահայտել, որը կարծես չափազանց հարկավոր է լսելի դարձնել այսօրվա իշխանավորներին։ Կարեն Դեմիրճյանը հիշեցրել է իշխանավորներին, որ սրանք երբեք չմոռանան, որ իրենք իշխում են մարդկանց, որ իշխում են օրենքի լծի տակ, որ հավերժ չեն իշխելու եւ, որ կբարգավաճի միայն այն երկիրը, որտեղ իշխում է օրենքը։ Կարեն Դեմիրճյանի 70-ամյակին մասնակցելու համար այս օրերին Երեւանում է գտնվում նրա եղբայրը՝ ակադեմիկոս Կամո Դեմիրճյանը։ Եղբոր հուշաքարից հեռանալով, պրն Դեմիրճյանը զրույցի բռնվեց մի խումբ դպրոցականների հետ, եւ գիտե՞ք ինչ էր ուզում իմանալ՝ արդյոք աշակերտները «հոգո՞վ» են եկել իր եղբոր շիրմաքարին այցելության։ Կամո Դեմիրճյանը հիշեց, որ ինքն ու Կարեն Դեմիրճյանը վերջին անգամ հանդիպել են 1999 թ. հոկտեմբերի 19-ին, Մոսկվայում։ Զրույցի ժամանակ Կարեն Դեմիրճյանն ասել է. «Կամո ջան, գլուխս պտտվում է, ես ո՞նց իմ ժողովրդին էդ անդունդից պիտի հանեմ»։ Իսկ Կարեն Դեմիրճյանը կարող էր դա անել, եթե «Հոկտեմբերի 27»-ը տեղի չունենար։ Իր հարցազրույցներից մեկում Ռիմա Դեմիրճյանն ասել էր. «Ես համոզված եմ, որ «Միասնությունը» կհասներ հաջողությունների, անպայման կհասներ։ Կար միտք, կար կամք, կար ուժ, կար ժողովրդի աջակցությունը, այսինքն՝ այնպիսի համաձուլվածք, որը որոշելու էր Հայաստանի ինքնուրույն, իր շահերին համապատասխան զարգացման ուղին։ Այ, հենց դա դուր չեկավ։ Հենց դա չներվեց։ Դրա համար էլ սպանեցին։ Սպանեցին, որովհետեւ «Միասնությունն» անհաղթահարելի ուժ էր այլեւս՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ բոլոր մյուս տեսանկյուններից։ Այն, որ ասում են, թե դավադրություն էր, հեղափոխություն էր, սարքած բաներ են։ Ես դա ասել եմ նախագահին, ասել եմ զինդատախազին։ Խորին համոզմունք ունեմ, որ սա քաղաքական սպանություն էր, բայց կատարվեց քողարկված ձեւով, որպեսզի հետո կարողանան մոլորեցնել։ Տեսնո՞ւմ եք, քանի վարկած են խաղացնում, այդ բոլորն արվում է իրականությունը խեղաթյուրելու համար։ Հիմա ոչ ոք չի ասում, թե կազմակերպիչներ չկան։ Նրանք, ովքեր սկզբում ասում էին, թե կազմակերպիչներ չկան, հիմա ասում են՝ չպետք է մահապատիժ կիրառել, որպեսզի բացահայտվեն կազմակերպիչները»։ Պանթեոնում կարճ զրույց ունեցանք Վազգեն Սարգսյանի մոր՝ տիկին Գրետայի հետ։ Մեր հարցերին պատասխանելով, նա մասնավորապես ասաց. «Դատավարությունից գոհ չեմ։ Սկզբում եթե վստահում էի, հիմա բոլորովին չեմ վստահում։ Իհարկե, դատավորները չեն մեղավոր։ Չէ որ նրանք ճնշվում են վերեւներից։ Ում էլ դնեն, էդպես է վարելու, քանզի էդպես է կարգադրված։ Ես մեկ անգամ չէ, բազմիցս եմ ասել, որ քանի այս իշխանություններն են, «27»-ը չի բացահայտվի։ Ի սկզբանե կարգադրված, կազմակերպված է եղել ամեն բան։ Այդ մարդիկ վստահ, կերած-խմած ներկայանում են դատարան, շատ համարձակ են իրենց պահում, այնպիսի տպավորություն է, կարծես թե իրենք են դատը վարում»։ Կարեն Դեմիրճյանի ծննդյան 70-ամյակի արարողություններին մասնակցեցին հանրապետության բոլոր քաղաքական ուժերի, իշխանական բոլոր թեւերի ներկայացուցիչները, բացակայողը միայն պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ու ՆԳ նախարար Հայկ Հարությունյանն էին։ Շնորհավորելով Կարեն Դեմիրճյանի 70-ամյակը, Արամ Սարգսյանն ասաց. «Կուզենայի, որ Կարեն Սերոբիչի 71-ամյակը նշվեր, որոշակի առումով՝ Կարեն Սերոբիչի սրտով»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել