Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲԻԶՆԵՍԻ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱ՞Կ

Ապրիլ 17,2002 00:00

ԲԻԶՆԵՍԻ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱ՞Կ Բոլորովին վերջերս «ԱրմենՏելի» կողմից շրջանառության մեջ մտած «իզի քարտը» մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ հանրապետության մարզերում։ Դրանք կարելի է ձեռք բերել ընկերության վաճառակետերից՝ 24 ԱՄՆ դոլար արժողությամբ։ Այսօր արդեն շատերի գրպանին հասու «նորույթն» ունենալու համար նախ հարկավոր են ամուր նյարդեր՝ երկար ու ձիգ հերթերում «չբռնկվելու» համար, ազատ ժամանակ (մոտ 4-5 օր), եւ փոքր-ինչ զսպվածություն։ Քանի որ մեծ պահանջարկ վայելող հեռախոսաքարտերը շատ արագ սպառվում են՝ հերթում կանգնած «մուրազի վրա» երիտասարդներին թողնելով ձեռնունայն։ Եվ այդպես մի քանի օր շարունակ (սեփական փորձից ենք ասում)։ Իսկ մի քանի հնարամիտ երիտասարդներ էլ այդ օրերին աչքի էին ընկնում բիզնեսի նոր տարբերակ հորինելու իրենց բացառիկ տաղանդով, այն է՝ իր գնով գնած քարտը հերթում «անհույս» կանգնածներին, ինչպես նաեւ մարդաշատ այլ վայրերում վերավաճառում էին կրկնակի՝ 50 ԱՄՆ դոլարով։ «Առավոտի» այն հարցին, թե տեղյա՞կ է արդյոք «ԱրմենՏելը» իր ընձեռած բիզնեսի նոր հնարավորությանը, կամ արդյո՞ք ոչ բավարար քանակությամբ են «իզի քարտերը» տրվում վաճառակետերին, «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենի մամուլի գծով խորհրդականը չժխտեց, որ վաճառքի տեղամասերում հերթեր են գոյանում եւ որ պահանջարկն իսկապես մեծ է։ Ըստ նրա, 2 ժամում մոտ 400 քարտ է սպառվում։ Իսկ ինչ վերաբերում էր դրանց՝ կրկնակի գնով վերավաճառելուն, նրա կարծիքով, առաջին հերթին քաղաքացիներն իրենք չպետք է այդ քայլին դիմեն։ Լ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել