Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արվեստը՝ հոգու թարգման

Ապրիլ 17,2002 00:00

Արվեստը՝ հոգու թարգման Սոնա Սոխիկյանը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ջութակահարուհի է։ Մի ժամանակ հավասարապես զբաղվում էր եւ նկարչությամբ, եւ երաժշտությամբ, բայց նախընտրեց վերջինը։ – Հավանաբար ձեզ ավելի ներդաշնակ եք զգում երաժշտության մեջ։ – Մեր ընտանիքում հորս ճյուղով շատերն էին զբաղվում գեղանկարչությամբ։ Այդ շնորհը գեներով ինձ էլ է փոխանցվել։ Դրան զուգահեռ՝ տանը մշտապես հնչում էր նաեւ երաժշտությունը, հատկապես՝ դասական (հորաքույրս դաշնակահարուհի է)։ Տատիկիս տանը մինչեւ հիմա էլ պահպանվում է արժեքավոր կիսահամերգային մի ռոյալ, որը 19-րդ դարի գործիք է։ Սկզբում ես հաճախում էի Սայաթ- Նովայի անվան դպրոց՝ ջութակի բաժինը։ Ջութակը ես շատ սիրեցի եւ շարունակեցի ուսումս Չայկովսկու անվան դպրոցում, հետագայում ավարտեցի Երեւանի կոնսերվատորիան։ Դրա հետ մեկտեղ՝ շարունակում էի զբաղվել գեղանկարչությամբ, որն իմ հոգու ճիչն է, իմ հոգու պոռթկումը։ Ինձ համար երաժշտությունը եւ գեղանկարչությունը միահյուսված են։ – Երաժիշտը զգում է երաժշտական նրբությունները, իսկ կյանքում նրբազգա՞ց եք։ – Ես չեմ կարող անջատել առօրյա կյանքը երաժշտությունից եւ պատնեշ դնել դրանց միջեւ։ Այն կարծիքին եմ, որ մարդը ինչպիսին կյանքում է, այնպիսին էլ նրա երաժշտական ընկալումն է։ Եթե դու զգում ես երաժշտությունը, ապա կյանքում էլ առաջնորդվում ես՝ ելնելով այդ զգացողություններից, նրբություններից։ Ես խորն եմ վերապրում բոլոր պրոբլեմները, ինձ համար կարեւոր են մարդկային փոխհարաբերությունները։ – Կա՞ն հեղինակներ, որոնց ստեղծագործությունները ավելի հոգեհարազատ են։ – Իհարկե կան՝ Բախը, Բեթհովենը, Մոցարտը։ Նրանց ստեղծագործությունները կատարելիս երբեմն դող է անցնում մարմնովս։ Սիրում եմ եւ ժամանակակից կոմպոզիտորների երաժշտությունը՝ իմպրեսիոնիստներին եւ էքսպրեսիոնիստներին։ – Մի ժամանակ ձեր նկարների ցուցահանդեսներն էին կազմակերպվում, իսկ այժմ զբաղվո՞ւմ եք նկարչությամբ։ – Կար մի ժամանակաշրջան, երբ գրեթե ամեն օրը լցված էր նկարչական աշխատանքով։ Դա ինքնարտահայտման պահանջ էր։ Հիշում եմ, ուսանողական տարիներին մի քանի նկարող երաժիշտների գործերը ցուցադրվել են կոնսերվատորիայում։ Դա պատանեկան ծաղկման շրջան էր, երբ ճանաչելով աշխարհը, մենք մեր զգացմունքները արտահայտում էինք նկարչության միջոցով։ Այժմ ժամանակս որդուս դաստիարակությանն եմ տրամադրում։ Բայց երբ նկարելու պահանջ ունենամ, կրկին ձեռքս կվերցնեմ ներկերը. գույնի եւ ձեւի ընկալումը երբեք չի կորչում։ – Իսկ քաղաքականությունը ձեզ հետաքրքի՞ր է։ – Դա հետաքրքիր բնագավառ է, բայց թող այդ գործով իսկական քաղաքագետները զբաղվեն, թե չէ երբեմն դիլետանտներն են ձգտում բարձրանալ վեր, կառավարել պետությունը, ինչը որոշ մարդկանց հաջողվում է։ Դրանով նրանք կանգնեցնում են մեր առաջընթացը։ Ինձ դուր է գալիս Պուտինի վարած քաղաքականությունը, հատկապես տպավորվել է նրան ուղղած այն հարցի պատասխանը, թե «ինչպիսին է տեսնում Ռուսաստանի ապագան»։ «Մենք երջանիկ կլինենք»,- ընդամենը մի կարճ պատասխան է տվել նա, որի մեջ հուսադրող շատ բան կա։ – Ունե՞ք նպատակ, որին անպայման ուզում եք հասնել։ – Նպատակներս կապված են որդուս ապագայի հետ։ Նա եւ երաժշտական հակումներ ունի, եւ ժամանակակից տեխնիկայի նկատմամբ հետաքրքրություն։ Ինչեւիցե, իր ընտրած բնագավառում ուզում եմ, որ պրոֆեսիոնալ լինի։ Ինչ վերաբերում է իմ ստեղծագործական ծրագրերին, ապա ցանկանում եմ ձայնագրել որոշ ստեղծագործություններ։ Իմ հաշվետու համերգներից միայն ազդագրեր են պահպանվել, ուզում եմ լրացնել այդ բացը։ ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել